կարևոր
3010 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-01 10:44
Հասարակություն

Զիլանի կոտորածի անհայտ լուսանկարները

Զիլանի կոտորածի անհայտ լուսանկարները

Պատմաբան Սեդաթ Ուլուգանան հրապարակել է քրդերի դեմ ուղղված ամենամեծ կոտորածներից մեկի՝ Զիլանի ջարդի մինչ այդ անհայտ լուսանկարները։ Լուսանկարներից մեկում երևում է, որ թուրք զինվորները, կոտորածից հետո զվարճանալու նպատակով, գնացել են Վանա լճի ափ և խմբով լուսանկարվել այստեղ։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։

Համաձայն աղբյուրի՝ Վանի Արճեշ գավառի Զիլան հովտում 1930 թ․ հուլիսի 12-ին կատարված կոտորածին 15 հազարից ավել քուրդ է զոհ գնացել։ Այդ թեմայով ուսումնասիրություններով հայտնի պատմաբան Սեդաթ Ուլուգանան ջարդի՝ մինչ այդ անհայտ լուսանկարները հրապարակել է “Մեզոպոտամիա” գործակալության կայքէջում։

Նույն գործակալության թղթակցի հետ զրույցում Սեդաթ Ուլուգանան Զիլանի կոտորածը որակել է որպես 20-րդ դարի “քրդերի առաջին ցեղասպանություն” և ընդգծել, որ այդ ջարդը “քեմալիստական վարչակարգի ծրագրած քրդական ցեղասպանության մի մասն էր”։

Կոտորածից մազապուրծ քուրդ կանայք և երեխաները, որոնք պատսպարվել էին Արճեշ գավառում։ Լուսանկարը գտնվել է ջարդին մասնակից մի օդաչուի արխիվից։

94 տարի է անցել, և թուրքական պետությունը գաղտնի է պահում այդ պատմական դրվագի վավերագրերը

Ուլուգանան քրդական լրատվական գործակալությանը նաև հայտնել է, որ եվրոպական և ամերիկյան մամուլները կոտորածի զոհերի տարբեր թվեր են ներկայացնում, որոնք տատանվում են 10-ից 45 հազարի միջև։ Ինչ վերաբերում է ջարդի արխիվային վավերագրերին, ապա թուրքական պետությունը խիստ գաղտնի է պահում պաշտոնական փաստաթղթերը։ Ուսումնասիրողներն ստիպված են լինում բավարարվել միայն տուժածների հուշերով և վկայություններով։

Գերի ընկած որոշ քրդեր և թուրք ոստիկանները։ Լուսանկարը վկայում է, որ գերի ընկածներից ոչ մեկը չի փրկվել։

Ըստ պատմաբանի՝ Զիլանում 80-ի չափ գյուղեր են հրկիզվել, իսկ որոշ գավառների 26 գյուղեր էլ ռմբակոծության են ենթարկվել։ Զիլանի հովտի բոլոր ելքերն ու մուտքերը փակվել են։ Առաջին փուլում 1000-ից ավել քուրդ ըմբոստներ են սպանվել, իսկ հետագայում 15 հազարից ավելի քուրդ կին, երեխա և տարեց է գնդակահարվել։ Հղի կանանց ևս չեն խնայել։

Կոտորածի մինչ այդ անհայտ լուսանկարներից։ Ուլուգանան այն գնել է մի աճուրդում։ Լուսանկարում պատկերված երեխաների ճակատագիրն անհայտ է։

https://yeniyasamgazetesi6.com/zilan-katliaminin-bilinmeyen-fotograflari-katliam-yapip-eglenmeye-gittiler/embed/#?secret=4Mf6uJmoHG#?secret=oVRiG2Dhwi

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net