կարևոր
4096 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 14:30
Հասարակություն

Դերսիմի կոտորածի ժամանակ թունավոր գազ օգտագործելու հրամանը ստացվել է Մուստաֆա Քեմալից եւ Իսմեթ Ինյոնյուից

Դերսիմի կոտորածի ժամանակ թունավոր գազ օգտագործելու հրամանը ստացվել է Մուստաֆա Քեմալից եւ Իսմեթ Ինյոնյուից

Թաներ Աքչամը կարողացել է ձեռք բերել Դերսիմի կոտորածի ժամանակաշրջանից մի կարևոր փաստաթուղթ՝ տվյալ ժամանակաշրջանի ներքին գործերի նախարար Շյուքրյու Քայայի նամակը, որն ուղարկվել է հրամանատար Աբդուլլահ Ալփդողանին։ Նամակի համաձայն՝ թունավոր գազի հրամանն ստացվել է այդ ժամանակաշրջանի հանրապետության նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքից և վարչապետ Իսմեթ Ինյոնյուից։ Բացի այդ, Քայան նամակում ասում է․ «Բոլոր ավազակներին քարանձավներում թաղի՛ր, այնպե՜ս թաղիր, որ այլևս չվերակենդանանան»։ Աքչամը հոդվածում այլ փաստաթղթեր էլ է հրապարակում, որոնք վերաբերում են թունավոր գազ ձեռքբերելուն։

Թաներ Աքչամ

Մեր ձեռքի տակ Շյուքրյու Քայային պատկանող մի նամակ կա, որը կրում է 1937 թ․ ապրիլի 26-ի ամսաթիվը։ Այդ հակիրճ նամակում տեղ գտած արտահայտությունները տառացիորեն հետևյալն են [ՓԱՍՏԱԹՈՒՂԹ 1]․

«Շատ հարգարժան Աբդուլլահ Ալփդողան փաշա,

Մեծարգո գեներալ, կարդացել եմ նախարարություն ուղարկված զեկույցդ։ Ավիացիոն գնդի հրամանատարության հրդեհաշիջման ազգային պաշտպանությունից խեղդող գազ ես պահանջել։ Կառավարության մեջ որոշ անպատկառներ աշխատանքներ էին իրականացնում, որպեսզի քո պահանջները չբավարարվեն։ Սակայն դա նրանց չհաջողվեց»։

Մեր նախագահը և վարչապետը հրամայել են, որ անմիջապես տեղ հասցվի, որ քո պահանջները շտապ բավարարելը անհրաժեշտություն է։ Մինչև իսկ, դույզն-ինչ կասկած չունեմ, որ ի վերջո քո պահանջները բավարարվելու են, ինչպես հարկն է՝ օգտագործվելու։ Բոլոր ավազակներին այդ քարանձավներում թաղի՛ր, այնպե՜ս թաղիր, որ այլևս չվերակենդանանան։

Հարգանքով ողջույններս եմ հաղորդում, մաղթում, որ քո հաջողությունները շարունակական լինեն։

26/4/1937

Ներքին գործերի նախարար
 Շյուքրյու Քայա»։

Շյուքրյու Քայայի նամակը և մյուս պաշտոնական փաստաթղթերը

Մինչ այդ էլ էր հայտնի, որ Դերսիմի կոտորածների ժամանակ թունավոր գազ է օգտագործվել։ Երկար տարիներ արտգործնախարարի պաշտոնում եղած Իհսան Սաբրի Չաղլայանգիլի և Քեմալ Քըլըչդարօղլուի հանդիպման ժամանակ վերջինիս ուղղված հայտարարության փաստարկները հաճախակի կրկնվող տեղեկությունների շարքում են։ Չաղլայանգիլը այդ հանդիպմանը նշել էր․ «Բանակը թունավոր գազ է կիրառել։ Քարանձավների դռան մոտ նրանց մկների նման թունավորել են։  Եւ 7-ից մինչև 70 տարեկան Դերսիմի քրդերին կոտորել են։ Արյունալի գործողություն է իրականացվել»։

Անցած տարիներին Դերսիմի կոտորածի ժամանակ թունավոր գազ կիրառելու և դրանք գերմանացիներից գնած լինելու մասին արխիվային փաստաթղթեր էլ են հրատարակվել։ Վավերագրերը տպագրել էր «Դերսիմ» օրաթերթը։ Հյուսնյու Գյուրբեյի և Մահսունի Գյուլի հեղինակությամբ լույս տեսած հոդվածում նշվել է նաև, որ որոշ փաստաթղթեր վերցված են Հասան Սալթըքի արխիվից։ Վավերագրերից մեկը, որ կրում է 1937 թ․ օգոստոսի 7-ի ամսաթիվը, Նախարարների խորհրդի որոշումն էր, որի տակ առկա էր նաև Մուստաֆա Քեմալի ստորագրությունը։ Կառավարությունը որոշում էր կայացրել Գերմանիայից թունավոր գազ գնել [ՓԱՍՏԱԹՈՒՂԹ 2]։

Այդ փաստաթուղթն օգտագործվել է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին գերմանական ARD հեռուստաալիքով ցուցադրված և Դերսիմին նվիրված հաղորդման ժամանակ, որը պատրաստվել էր Թորստեն Մաքի և Քարաման Յավուզի կողմից։ Սույն հաղորդումը մեծ բանավեճի տեղիք էր տվել։ Գերմանիայի ձախական կուսակցությունը հարցի վերաբերյալ հետաքննություն սկսելու առաջարկ է ներկայացրել, և կառավարությունը դրան գրավոր է պատասխանել։

Բացը, որ լրացնում է Քայայի նամակը

Այստեղ մեր կողմից հրապարակված՝ Շյուքրյու Քայային պատկանող նամակը ոչ միայն համապատասխանում է սույն թեմայի շուրջ մինչ այս հրապարակված փաստաթղթերի հետ, այլ նաև լրացնում է այն բացը, որ առկա էր մինչ այժմ հրապարակի վրա գտնվող վավերագրերում և վերացնում այն բոլոր կասկածները, որ ներկայացվում էին դրանց վերաբերյալ։ Այս նամակով բացահայտվում է, որ այն բոլոր առարկությունները, թե գազի ձեռքբերումը որևէ կապ չի ունեցել Դերսիմի հետ կամ չի օգտագործվել այնտեղ, կամ էլ, թե Մուստաֆա Քեմալը տեղյակ չի եղել գազի կիրառման մասին, անհիմն են։

Եվ է՛լ ավելի կարևոր է այն փաստը, որ Շյուքրյու Քայան խոստովանում է, թե կառավարության շարքերում թունավոր գազ օգտագործելուն դեմ հանդես եկող անդամներ են եղել։  Կառավարության որոշ անդամների այդ դիմադրությունը կոտրվել է Մուստաֆա Քեմալի և Իսմեթ Ինյոնյուի կողմից։ Ինչպես բացահայտ հասկանում ենք նաև նամակում նշված խոսքերից, Դերսիմում թունավոր գազի կիրառումը հնարավոր է դարձել անմիջականորեն այդ երկուսի նախաձեռնությամբ։

«Դերսիմ» պարբերականում հրապարակված փաստաթղթերի մեջ առկա է 1937 թ․ մարտի 27-ին Ներքին գործերի նախարարությանը հղված մի գրություն, որում ասվում է, թե «Ավիացիոն գնդի հրամանատարության հրդեհաշիջման ազգային պաշտպանությունից այրող և խեղդող գազ եմ պահանջել»։ Փաստաթուղն անստորագիր է [ՓԱՍՏԱԹՈՒՂԹ 3]։

Սույն հոդվածում մեր հրապարակած՝ Շյուքրյու Քայայի նամակից պարզ է դառնում, որ այդ խոսքի հեղինակը եղել է Աբդուլլահ Ալփդողան փաշան։ Շյուքրյու Քայան իր նամակում, առանց որևէ փոփոխության, կրկնել է մարտի 27-ի զեկույցում տեղ գտած արտահայտությունները՝ ասելով, թե «Մեծարգո գեներալ, կարդացել եմ նախարարություն ուղարկված զեկույցդ։ Ավիացիոն գնդի հրամանատարության հրդեհաշիջման ազգային պաշտպանությունից խեղդող գազ ես պահանջել»։

Ալփդողան փաշայի այդ պահանջից հետո Ազգային պաշտպանության նախարարությունը 1937 թ․ հուլիսի 27-ին մի նամակ է գրում՝ ուղղված վարչապետարանին, որում Գերմանիայից գազ գնելու համար խնդրում է Նախարարների խորհրդի որոշումը՝ նշելով․ «Բեռլինում մեր արտակարգ և լիազոր դեսպանի հրամանով մեր նախարարության գազի գծով փորձագետը և Բեռլինի ռազմական կամ օդային կցորդները ուսումնասիրություն են կատարելու» [ՓԱՍՏԱԹՈՒՂԹ 4]։

Ազգային պաշտպանության նախարարության գրությունը վարչապետարանի կողմից վերահասցեագրվում է Ֆինանսների նախարարություն, վերջինս էլ դրան պատասխանում է 1937 թ․ օգոստոսի 5-ին։ Պատասխանի մեջ նշված էր․ «Ֆինանսների նախարարությունը հաղորդում է, որ ոչ մի անպատեհություն չի տեսնում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի համար անհրաժեշտ դարձած զանազան որակների 20 տոննա գազը և դրանք ռումբերի մեջ լցնելու համար հատուկ ավտոմատ կերպով լցնող գործիքը Գերմանիայից գաղտնի սակարկությամբ գնելու մեջ (մանավանդ, որ գաղտնի գնելն ստացել է նաև Ձեր գերագույն հաստատության հավանությանը)․․․» [ՓԱՍՏԱԹՈՒՂԹ 5]։

Եւ նույն օրը (օգոստոսի 5) Նախարարների խորհրդի կայացրած որոշմամբ տվյալ գազը «գաղտնի սակարկության միջոցով գնելու մասին թույլտվությունը Ազգային պաշտպանության նախարարության 26/7/937 ամսաթիվը կրող 871 թվակիր գրությամբ ներկայացված առաջարկից և Ֆինանսների նախարարության 5/8/937 ամսաթիվը կրող 3930 թվակիր գրությունից հետո 7/8/1937 հաստատվել է գործադիրի կողմից»։

Վերջաբան

Թուրքիան դեռևս չի առերեսվել իր պատմության մութ էջերի հետ։ Ավելին, մինչև իսկ չի ձևավորվել հասարակական գիտակցություն՝ առ այն, որ ժողովրդավարական ռեժիմ հաստատելու համար նմանատիպ առերեսումները պարտադիր են։ Թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը սնվում են այն մշակույթից, որը մտածում է, թե պատմության ընթացքում կատարված հանցագործությունների փաստից փախչելը, դրանք կոծկելն արժանապատիվ կեցվածք է։

Դեռ շատ ենք կարճատես, որպեսզի տեսնենք, որ այս տարածքներում դեմոկրատիայի, գաղափարական ազատության, հավասար քաղաքացիության, մարդու և վերջինիս ամենահիմնական իրավունքների հանդեպ հարգանք տածող ռեժիմի չգոյության և այն հաստատելու անկարողության գլխավոր պատճառը առերեսումից խուսափելն արժանապատիվ համարող մշակույթն է։ Հենց նմանատիպ առերեսման կոչեր են հնչում, զգուշացնում են և քննադատում՝ ասելով, թե «Մի՞թե հիմա դրա ժամանակն էր»։ Այնինչ, «Մի՞թե հիմա դրա ժամանակն էր» արտահայտությունը նշանակում է՝ «ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ցուցաբերող ռեժիմ հաստատելու ժամանակը չէ»։ Այդ հասարակ ճշմարտությունը տեսնելու անկարող մշակույթի ստրուկների կարգավիճակում ենք մենք։

Իսկ դա կփոխվի՞։ Այո՛, շատ հեշտ․․․ Հերիք է, որ սովորենք առանցքային տարածություն պահել այս հասարակության հիմնադիրների հետ՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցում։ Հիմնադիրների կույր պաշտամունքը այս հողեր ժողովրդավարության և հավասար քաղաքացիության չհաստատման գլխավոր պատճառն է։ Այս հանրությունը ստիպված է ըմբռնել այն հասարակ ճշմարտությունը, թե քանի դեռ հանրապետության հիմնադիրների հետ հեռավորություն չի պահում, չի կարողանալու ազատվել միանձնյա կառավարման ռեժիմներից։

Շյուքրյու Քայայի ստորագրությունները
Դույզն-ինչ կասկած չկա հրապարակված նամակի բնագիր լինելու հարցում։ Շյուքրյու Քայան իր նամակում բառ առ բառ կրկնում է մեկ այլ փաստաթղթում տեղ գտած արտահայտությունը։ Բացի այդ, Հանրապետական արխիվը լեփ-լեցուն է Շյուքրյու Քայային պատկանող տասնյակ ստորագրություններով, և կարելի է դրանք համեմատել։ Այստեղ հրապարակում ենք դրանցից մի քանի օրինակ․

https://www.agos.com.tr/tr/yazi/28409/dersim-katliaminda-zehirli-gaz-kullanma-emri-mustafa-kemal-ve-ismet-inonuden

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net