կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-04 15:30
Հասարակություն

Կոտորածի ժամանակ քուրդ մշակներից մեկը փրկում է տատիկիս, նրա մորն ու քրոջը

Կոտորածի ժամանակ քուրդ մշակներից մեկը փրկում է տատիկիս, նրա մորն ու քրոջը

Աղբյուրը՝ armeniangenocide100

Ռեհան Խլղաթյանի պատմությունը

Մուշ, Խարս գյուղ

1915-ին Ռեհանը 3 տարեկան է եղել, փոքր քույրը` Աղավնին` 6 ամսական: Կոտորածի ժամանակ քուրդ մշակներից մեկը փրկել է նրանց մորը, երկու երեխային և տեգերկին Մաքոյին երկու տարեկան տղայի` Վանոյի հետ տարել-պահել իր խոտի դեզի մեջ: Մնում են մի քանի օր: Մի օր էլ թուրքերը բռնում են քրդին, հարցնում՝ ուր են հայերը, ու սկսում են խշտկահարել դեզը, բայց ոչ մեկին էլ չի կպչում խշտիկը, երեխաներն էլ լաց չեն լինում:

 

Այս հուշագրության հեղինակ Մարգարիտ Խլղաթյանն (ծննդյան տարեթիվն անհայտ, ծնվ. Խարս գյուղում) իր հուշերը բանավոր ավանդել է դստերը` Ռեհան Մխիթարյանին (ծնվ. 1912 թ., Խարս գյուղ – վախճ. 2006 թ., Երևան):

 

Գրի առնողը եղել է Ռեհան Սմբատի Մխիթարյանի դուստրը կամ բուն հուշագրության հեղինակի թոռնուհին` Էմմա Լևոնի Մխիթարյանը (ծն. 1939 թ.):

 

«Մայրս` Ռեհանը, ծնվել է Մուշի Խարս գյուղում` Բավա (այսինքն` Մեծ տուն) Մարգարի 70 անձից բաղկացած գերդաստանում:

 

1915 թ. մայրս` Ռեհանը, 3 տարեկան էր, փոքր քույրը` Աղավնին` 6 ամսական: Կոտորածի ժամանակ քուրդ մշակներից մեկը փրկում է տատիկիս, երկու երեխայի և տեգերկին Մաքոյին երկու տարեկան տղայի` Վանոյի հետ և տանում-պահում է իր խոտի դեզի մեջ: Մնում են մի քանի օր: Մի օր էլ թուրքերը բռնում են քրդին, թե ուր են հայերը, ու սկսում են խշտկահարել դեզը, բայց ոչ մեկին էլ չի կպչում խշտիկը, երեխաներն էլ լաց չեն լինում: Թուրքերը հեռանում են: Քուրդը գիշերով հեռացնում է մերոնց: Նրանք թափառելով հասնում են մի գյուղ, ուր մարդ չի լինում, տներից մեկում մի քիչ լոռ են գտնում, վերցնում են և հեռանում: Հասնում են մի փոքր առվի, տատս ափի մեջ լոռը ջրով բացում է և լցնում Աղավնու բերանը: Ծարավից նրա լեզուն չորացել էր, չէր կարողանում կուլ տալ: Թափառելով հասնում են Իգդիր, տատս մտնում է եկեղեցի և տերտերին խնդրում է օգնել փոքրիկին, որը սովից թուլացել էր: Տերտերն ասում է.

 

–Ես երեխա չունեմ, տու՛ր ինձ, դու էլ գնա քո ճամփեն, կպահեմ աղջկադ:

 

Երկար թափառելով հասնում են Սևան: Մի եզան վրա խուրջին էին դրել, խուրջինի մի կողմում մորս` Ռեհանին էին նստեցրել, մյուս կողմում` Վանոյին: Հետո գնում և մնում են Լենինականի պոլիգոններում: Մանթաշովը գտնում է մերոնց: Նա տատիս համոզում է, որ աղջկան` Ռեհանին իրեն տա, ինքը կպահի իր խաչեղբոր աղջկան, տատն էլ թող նորից ամուսնանա: Բայց տատս հրաժարվում է` ասելով.

 

–70 հոգուց Ռեհանս է մնացել, չեմ տա:

 

Տատս մորս քաչալացնում է, և փախչում, գնում են Սվանվերդի գյուղ:

 

Շրջապատի գաղթական ժողովուրդը շատ էր սիրում և հարգում տատիս…


Գյուղի կոտորածից Ազնիվ մորաքույրս էլ է փրկվել: Երբ ժողովրդին հավաքում, լցնում են եկեղեցի, որ այրեն, մի թուրք ասկյար հարցնում է, թե Բավա Մարգարի տնից մարդ կա՞, այդ տունը հիմնովին պետք է բնաջնջել: Մի պառավ առանց խղճի ասում է. «Քզի մեռնիմ, իդա աղջիկ Բավա Սմբատի աղջիկն է»: Թուրքը կատաղած վրա է պրծնում, բոլորը խառնվում են իրար, իսկ մորաքրոջս` դեռատի Ազնիվին, իրենց փեշերի տակով կանայք փոխանցում են մեկը մյուսին: Եկեղեցին վառում են:

Մորաքույրս կարողանում է փախչել: Ճանապարհին մի ջրաղաց է տեսնում, հենց ուզում է մոտենալ, մի թուրք, ետևից գյավուր գոռալով, նրան բռնում և գցում է ջուրը: Այդ ջուրը գնում էր դեպի ջրաղաց: Մորաքույրս ուշագնաց է լինում: Պատահմամբ մի թուրք ջրաղաց եկող ջրի մեջ տեսնում է երկար հյուսեր, քաշում է` մտածելով, թե պարան է: Հանում է, տեսնում է մորաքրոջս և իմանալով, թե ում տնից է, ասում է, որ էդ տան հացը կքոռացնի իրեն, եթե ուրանա: Մորաքրոջս տանում է տուն և սովորեցնում, որ ոչ մեկի հետ չխոսի, չասի իր ով լինելը և ծառայի իր տանը իբրև լալ: Իր կինն էլ ինչ որ ասի, թող լսի, մինչև որ մի բան անի նրան փրկելու համար: Տանում է տուն և կնոջն ասում, որ ճամփեն մոլորած է, տունը կորցրել է, թող իրենց մոտ մնա և օգնի: Սակայն թուրքի կինը չարությամբ է լցվում և որոշում է սպանել մորաքրոջս` մտածելով, թե ամուսինը նրան կնության համար է բերել: Մի օր էլ հացի մեջ թույն է լցնում, տալիս մորաքրոջս և ուղարկում է կովերին արածեցնելու: Թուրքը տեսնում է կնոջ արածը, մոտենում է մորաքրոջս և ասում` «Ազնի՛վ, հացը մի՛ կեր, մեջը թույն է, գցի՛ր ու փախի՛ր»:

 

Մորաքույրս նորից թափառում է և միանում ուրիշ գաղթականների, որոնց մեջ էր մորաքույր Ֆիդոն: Նա տեր է կանգնում Ազնիվին, սակայն չդիմանալով սովին` ճանապարհին մեռնում է: Հասնում են Իզմիր: Գնում է շուկա, որ հաց մուրա կամ էլ մի գործ գտնի: Այստեղ մի հայ հարցնում է.

 

–Ո՞վ ես, ո՞ր գյուղից ես, ո՞ւմ աղջիկն ես:

 

Պարզվում է, որ իր հոր ընկերն է` Մարգարը: Նրա կնոջը և երեխաներին (2 տղա և 1 աղջիկ) կոտորել էին: Մարգարը Ազնիվին տանում է իրենց մոտ, ուր մի թուրք կնոջ մոտ վարձով էին մնում: Ազնիվը քնում է Մարգարի մահճակալի տակ: Բայց մի քանի օր հետո հայերից մեկը Ազնիվի մասին խաբար է տալիս տանտիրոջը, որն էլ գալիս է և ուզում է մորաքրոջս դուրս հանի: Մարգարը հայտարարում է, որ իր կինն է, ու կնության է առնում: Մորաքույրս տեղ ու տեր չունենալու պատճառով, իր կամքին հակառակ, ամուսնանում է: 1918 թ. ծնվում է առաջին երեխան` Լուսվարդը:

 

1920 թվին Իզմիրում էլ սկսում են հալածել ու կոտորել հայերին: Ֆրանսիական նավը փրկում է շատերին, որոնց թվում և մորաքրոջս: Երբ կամրջակը բարձրացնում են, երեխան հոր հետ մնում է ափին: Մորաքույրս հասնում է Հունաստան` Սալոնիկ: Երկու տարի անց եկեղեցում մի օր լսում է երեխայի ձայն, որը կանչում է` «Մամա՜-մամա՜»: Շրջվում,  տեսնում է իր աղջկան` ամուսնու գրկում: 1924 թ. ծնվում է մեծ տղան` Մովսեսը, 1931 թ.` Կորյունը (Մարգարն իր նահատակված երեխաների անուններով է կոչում): Հետո տեղափոխվում են Վիեննա, ապա Ֆրանսիա` Ալֆորվիլ և հաստատվում այդտեղ: Ազնիվ մորաքույրս երբեք օտար լեզվով չի խոսել: Նա միշտ ասում էր. «Թուրքի տունն էլ այնպես բրիշակ լինի, ինչպես թուրքն իմ հոր տունն արեց»:

 

Հուշագրական ժառանգություն, գիրք ԺԴ, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Երևան, 2011, 384 էջ, էջ 184-186: