Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Սարգսյան Կարենը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ մարզում իրականացվելիք սահմանազատումից հետո ադրբեջանական զորքը դուրս կգա մարզի օկուպացված տարածքներից: Նախքան այդ խնդրին անդրադառնալը՝ ասեմ, որ վերջինս այդ պահին գտնվում էր ոչ հարազատ միջավայրում: Արձանագրեմ նաև, որ հոգեբան պետք չէ լինել ընկալելու համար, որ երիտասարդ մարզպետին բավական դժվար էր տրվում շփումը լրագրողների հետ: Հատկապես երբ նույնիսկ իշխանական լրագրողն է տհաճ հարցեր տալիս: Բայց դա, ինչպես ասում են, ժամանակի ընթացքում կփոխվի: Եթե, իհարկե, մարզպետը, նախ, խնդիր չունենա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ, ինչն ինքը հերքում էր: Եվ երկրորդ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն էլ տեսանելի ապագայում չզրկվի իր պաշտոնից:
Վերադառնանք մարզում անցկացվելիք սահմանազատման խնդրին: Դրա հետևանքով օկուպացված տաածքների վերադարձի առումով մարզպետի լավատեսությունն ուղղակի առինքնող է: Մարդը վստահ է, որ սահմանազատման հետևանքով կհաստատվեն խորհրդային սահմանները: Քիչ է մնում ունկնդիրը ևս հավառտա դրան: Մարզպետին չի համոզում նույնիսկ իշխանական լրատվամիջոցի լրագրողի այն հակադարձումը, թե Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքում մենք չստացանք այն հողատարածքները, որ արդեն երեք տասնամյակ մնում են օկուպացված նույն թշնամու կողմից: «Հրապարակ»-ի ընթերցողը չի մոռացել, չէ՞, որ այդ հարցում մարզպետի նման վստահություն էր հայտնում նրա վերադասը:
Բայց ժամանակներն անցել են, և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այլևս չի խոսում այդ հարցի մասին: Բնականաբար, մարզպետն էլ ոչինչ չի կարող պատասխանել այդ թեմայի վերաբերյալ հարցին: Ուղղակի դասը սերտած աշակերտի նման կրկնում է, որ պետք է վերականգնվեն խորհրդային ժամանակներում առկա սահմանները: Եթե ես լինեի անտարբեր դիտորդ, ապա կգնահատեի վերը նշված լրագրողի վարքագիծը, ով վերջապես անցավ իշխանական ամենապոպուլիստական թեմային՝ նախկիններին պատժելու հարցին: Չնայած վերջում երևաց, որ մարզպետը գիտակցում է, թե ով է տալիս իրեն այդ հարցը, սակայն չծավալվեց՝ չգնահատալով վերջինիս ջանքերն իր դեմքը փրկելու առումով:
Ունկնդրելով այդ հարց ու պատասխանը՝ մի տեսակ նախանձ զգացի այդ անձանց նկատմամբ: Մեկն իշխանության ներկայացուցիչ է անվտանգային առումով խնդրահարույց մարզում: Մյուսն ազատ (ազա՞տ որ) մասնագիտության տեր անձնավորություն է: Առաջինի համար գերակա է իր պաշտոնը՝ դրանից բխող բոլոր առավելություններով: Ու այդ պատճառով էլ նա կրկնում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մտքերը՝ որքան էլ դրանք լինեն անհեթեթ կամ տվյալ իրադրությանը ոչ ադեկվատ: Ու վստահ եմ նաև, որ ինքն անձամբ՝ մարզական լրագրողի իր որակավորմամբ, Ռուսաստանում ծավալած իր բիզնես գործունեության փորձառությամբ չի հավատում իր բարձրաձայնած դատողություններին: Ու քանի որ դեռևս սովոր չէ դերասանական կամ որ նույնն է՝ քաղաքական, կերպարանափոխման արվեստին (թե՞ արհեստին), դժվարությամբ է շփվում լրագրողների հետ: Լրագրողի մասին բան չասեմ, քանի որ որպես նախկին լրագրող չեմ ընկալում գործող իշխանության հանրային դատապաշտպան լինելը: Հատկապես եթե այդ իշխանությունը մարմնավորված է խայտառակ պարտության խորհրդանիշ անձի դեմքով»: