|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գազայի հատվածում կարգավորման շուրջ խորհրդակցությունները Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչների միջև կանցկացվեն հաջորդ շաբաթ Կահիրեում։ Այս մասին հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։
Ինչպես նշել է Եգիպտոսի կառավարության բարձրաստիճան աղբյուրը, «Եգիպտոսը կհյուրընկալի իսրայելական և ամերիկյան պատվիրակություններին՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հետ կապված չլուծված հարցերը»: Աղբյուրը հավելում է, որ եգիպտական կողմը նաև կշարունակի խորհրդակցությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ «իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների դիմաց պատանդների փոխանակման և զինադադարի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու Կահիրեի ջանքերի շրջանակում»։
Գազայում հակամարտող կողմերի միջև խորհրդակցությունների և անուղղակի բանակցությունների նոր փուլը վերսկսելու հնարավորությունը ծագեց մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայացրած առաջարկին ՀԱՄԱՍ-ի վերջին արձագանքից հետո։ Հուլիսի 3-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ միջնորդների միջոցով ստացել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների պատասխանը պատանդների գործարքի վերաբերյալ և պատրաստվում է Իսրայելի պատասխանը դրան։ Հաջորդ օրը ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ իր քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն խորհրդակցություններ է անցկացնում Եգիպտոսի, Քաթարի և Թուրքիայի հետ Գազայում իրավիճակի կարգավորման տարբերակների շուրջ։ Եգիպտոսն ու Քաթարը միջնորդներ են Իսրայելի հետ բանակցություններում։