կարևոր
4234 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-06 11:04
Հասարակություն

11 հազար դոլարով կարա՞նք տուն առնենք, ռեմոնտ անենք․ «Հրապարակ»

11 հազար դոլարով կարա՞նք տուն առնենք, ռեմոնտ անենք․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ «Կառավարությունը վերջին նիստում հաստատել է Լոռիում եւ Տավուշում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներից, հեղեղումներից տուժած ընտանիքներին փոխհատուցման կարգը։ Ըստ այդմ՝ փոխհատուցում կստանան նրանք, որոնց տունը կամ բնակարանը ոչնչացել է, ունեն 4-րդ կամ 5-րդ կարգի վնասվածության աստիճան, վնասվել է առաջնային օգտագործման գույքը։ 

Բնակարանի կամ տան կորստի դեպքում տրամադրվում է բնակարանի գնման վկայագիր, իսկ եթե կա վերանորոգման կարիք, ապա տրվում է փոխհատուցում` յուրաքանչյուր քառակուսի մետրի համար, հիմք ընդունելով միջինացված կադաստրային արժեքը։ Ալավերդի քաղաքի եւ հարակից բնակավայրերի, նաեւ Նոյեմբերյանի Այրում բնակավայրի համար 1 քմ-ի արժեքը կհաշվարկվի 60 հազար դրամ, մյուս բնակավայրերինը՝ 40 հազար: Սահմանվում է մակերեսի առավելագույն չափ՝ 80 քմ։ Կառավարությունը հաշվարկել է՝ վկայագրեր են ստանալու Ալավերդու` գետի մեջ հայտնված 16 բնակարանների տերերը, Հաղարծին, Ձորագետ 2 տների բնակիչները։ 263 ընտանիք ստանալու է վերանորոգման գումար, որից 33-ը սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներ ունեն։ Նրանք առայժմ փոխհատուցում չեն ստանա։ 

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գույքի ձեռքբերման համար կտրամադրվի․ առաջին գոտում՝ 1 մլն 200 հազար դրամ՝ բնակարանի նվազագույն կարիքները հոգալու, երկրորդ գոտում՝ 800 հազար դրամ՝ գույքային կարիքները հոգալու համար։ Գումարի 60 տոկոսը պետք է անկանխիկ եղանակով ծախսվի, մնացած 40-ը կարող է նաեւ կանխիկացվել: Գումարները միանգամից չեն տրամադրվելու, բաժանվելու են 4 մասի, եւ ամեն անգամ ստուգվելու են կանխիկ-անկանխիկ հարաբերակցությունը, ծախսի արդյունավետությունը, ՀԴՄ-ներ են ներկայացվելու։ Մի խոսքով, փող վերցնելն աղետյալների համար գլխացավանք է դառնալու ու նոր քաշքշուկի պատճառ։ Կառավարության նիստի ժամանակ խոսք է գնացել առավել տուժած Սանահին կայարանի 12 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի մասին, որը կառուցվել է 100 տարի առաջ։ Այս շենքում 16 բնակարան կա։ 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ շենքը ենթակա է քանդման, եւ բնակիչները վկայագրեր են ստանալու։ Այս լուրը ծանր են տարել շենքի բնակիչները, հատկապես՝ երկրորդ եւ ավելի բարձր հարկերում ապրողները։ Շենքի 6 բնակարանները, որոնք տուժել են հեղեղից, գտնվում են առաջին հարկում։ Նրանք կողմ են, որ շենքը քանդվի, իրենք նոր տներ ստանան։ Երկրորդ եւ երրորդ հարկերի բնակիչները չեն ուզում տեղափոխվել։ 

Ասում են՝ թող ամրացնեն, մենք ի՞նչ կապ ունենք, եթե առաջին հարկը ջրվել է, մենք ինչո՞ւ պետք է հեռանանք մեր տներից, մանավանդ որ շինանյութը թանկացել է, ու դեռ հարց է` կկարողանա՞ն արդյոք նոր տներ գնել կառավարության տված 4,8 մլն-ով։ Երկրորդ հարկի բնակիչ Ռոբերտ Թամազյանը հնաոճ, բայց գեղեցիկ վերանորոգված բնակարան ունի, գույքով լի, որտեղ ապրել է երկար տարիներ։ Ասում է՝ ջուրն ինձ չի հասել, ինչո՞ւ պետք է դուրս գամ։ «Էսքան վեշն ո՞ւր եմ տանելու, համ էլ՝ ե՞րբ մեզ նոր տուն կտան, հայտնի չէ։ Չգիտեմ՝ իրենց տված գնով տուն կկարողանա՞մ առնեմ, ե՞րբ, ոչ մի բան չգիտեմ»։ 

Երրորդ հարկի բնակչուհի, 60-ն անց Մարինե Մատինյանը վստահեցնում է, որ մինչեւ հեղեղն էլ շենքը նույն վթարայնության աստիճանն ուներ։ «Եղել է մեկ ճաք, որը հիմա էլ կա։ Դա փեչի ճաքն է, պատն էլ հիմնական չէ։ Էդ ճաքը ոնց կար, նույնը մնացել է, ոչ մի տարբերություն։ Երեւանից եկել են, նայել են, դեռ մինչեւ հեղեղները, ասել են` պետք չէ քանդել։ Մենք դեմ ենք, որ քանդվի, թող առաջին հարկերը գնան ուրիշ տուն։ Մենք չենք ուզում, որ քանդեն։ Ստեղ բոլորը տարիքով մարդիկ են, թողեք մեր կյանքը մեր տներում հանգիստ անցկացնենք։ Մենք իմացել ենք, որ 11 հազար դոլար են տալու, մենք դրանով կարա՞նք տուն առնենք, ռեմոնտ անենք։ Չեմ ուզում իմ տնից դուրս գամ։ Իմ կեսուրի կեսուրն ա ստեղ ապրել, մի քանի սերունդ կյանք»։

Կարինե Առաքելյանն էլ բնակվում է առաջին հարկում՝ 86 քմ երկու սենյականոց բնակարանում` հինգ հոգանոց ընտանիքով։ Ջրհեղեղի ժամանակ կորցրել են ամբողջ տունն ու գույքը։ «Երկու սենյակի դռները պառկած էին գետնին։ Ամբողջ գույքը չկար, ամեն ինչ թափել եմ, մնացել է մի երկու փետ։ Խոհանոցում երկու շկաֆ` ուռած, դեֆորմացված, որ չգիտեմ՝ ինչու եմ պահել, ու մի պահարան։ Այս պահին պատերը քանդված են, տակի քարերն են երեւում, հատակն իջել է։ Այնտեղ մնալ հնարավոր չէ»,- ասում է կինը։ Կառավարության որոշման մասին իմացել է երեկ եւ շվարել։ Չգիտի` ինչպե՞ս է 4,8 մլն դրամով երկու սենյականոց վերանորոգված տուն գնելու։ «Հնարավոր չէ գնել այդ գումարով։ Հազիվ մի քանդած 1 սենյականոց գնենք, էն էլ դեռ հարց է՝ կլինի՞։ Ուզածս թեկուզ երկու սենյակ չէ, նիշայով ինչ-որ բան գտնելն է։ Բայց դժվար կարողանամ առնել, համ էլ Ալավերդի վաճառքի տները քիչ են։ Ռեմոնտի գներն էլ բարձրացել են։ Հեղեղից հետո բոլորը ռեմոնտ են ուզում անել, բոլորին վարպետ է հարկավոր»»։