Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա դրությամբ Երևան քաղաքում գրանցված, բնակելի շենքերում տեղադրված և շահագործվող է 4642 վերելակ: Տվյալ պահին դրանցից վերջնական փորձագիտական եզրակացություն են ստացել 2938-ը, 62-ը` բացասական: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մոտ 500 վերելակի փորձաքննություն այս պահին դեռ ընթացքի մեջ է, և մինչև տարեվերջ դրանց փորձագիտական եզրակացությունն էլ կստանան:
«Գաղտնիք չէ, որ վերելակները հիմնականում ժառանգություն ենք ստացել Խորհրդային միության տարիներից: Ճիշտ է, ամեն տարի իրականացվում են աշխատանքներ, քաղաքապետարանն էլ իր բյուջեից գումար է նախատեսում տարեսկզբին, որ իրականացվեն դրա հետ կապված տարբեր աշխատանքներ»,- նշեց Հովհաննիսյանը:
Ըստ նրա` 2007-2008 թվականին մեծ գործ կատարվեց, և 2000-ից ավելի վերելակներ կապիտալ վերանորոգվեցին, 30 վերելակ փոխարինվեց նորերով: «Վերելակների վերանորոգման տեմպերն ավելի ցածր են, քան վերելակների մաշվածության դեպքերը, այսինքն` ավելի արագ մաշվում են, քան այդ վերեալակների վրա աշխատանքներ են կատարվում»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը և ընդգծեց, որ բացի այդ` ունեն պահեստամասերի խնդիր:
Նա շեշտեց, որ երևանյան վերելակները, որպես ուղղահայաց տրանսպորտային միջոց, ավելի ծանրաբեռնված են աշխատում, քան ցանկացած այլ տրանսպորտային միջոց։
Ինչ վերաբերում է նրան, որ Երևանի ավագանին հաջորդ տարվա բյուջեով կրճատում է վերելակային տնտեսությանը հատկացվող գումարները, Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքապետարանն իր բյուջեից գումարներ նախատեսում է վերելակների վերանորոգման համար։ «Գուցե նրանք համարել են, որ նախորդ թվերն ուռճացված են եղել կամ կրճատելով, միևնույն է, հնարավոր է վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ Դա մեր ոլորտը չէ, և այդ հարցին ավելի ճիշտ քաղաքապետարանի մասնագետները կպատասխանեն»,- ասաց նա։
Հարցին` ի՞նչ է լինելու այն վերելակների հետ, որոնք փորձագիտական բացասական եզրակացություն են ստացել, Հովհաննիսյանն արձագանքեց. «Եթե թերություններն իրենցով տեխնածին վթարի սպառնալիք չեն առաջացնում, ժամանակ ենք տալիս, շահագործողի հետ ժամկետները համաձայնեցնում՝ վերացնելու համար թերությունները։ Բնակելի շենքերի վերելակները համատիրությունների սեփականությունն են, և համատիրությունները պետք է մտածեն վերելակների մասին։ Միաժամանակ, կան բարեխիղճ համատիրություններ, որոնք թերությունների դեպքում անջատում են վերելակները և չեն շահագործում, բայց կան նաև այնպիսիք, որոնք չեն կարողանում դեմ գնալ վերևի հարկերում ապրող բնակիչների կամքին և անգամ բացասական եզրակացության դեպքում շարունակում են շահագործել վերելակները»:
Նա հավելեց, որ համատիրությունների գործողությունները վերահսկող հատուկ օղակ գոյություն չունի։
Իսկ թե որքա՞ն արժե մեկ վերելակի փորձաքննությունը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ տարեկան մեկ անգամ բնակելի շենքի վերելակի փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ է 2930 դրամ, իսկ ահա մեկ վերելակ փոխելը, ամենահամեստ հաշվարկներով, կարող է արժենալ ամենաքիչը 18-20 հազար դոլար՝ նայած ինչ որակի և որ երկրում արտադրված սարքի մասին է խոսքը։