կարևոր
4216 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-04 23:37
Հասարակություն

Ջրհեղեղից 10 օր անց՝ Քարկոփի բնակիչները դեռ տարհանված են, կեցության հարցն էլ՝ օդից կախված. Փաստինֆո

Ջրհեղեղից 10 օր անց՝ Քարկոփի բնակիչները դեռ տարհանված են, կեցության հարցն էլ՝ օդից կախված. Փաստինֆո

Ջրհեղեղից անցել է մոտ 10 օր, սակայն մի շարք տարածքներ դեռ մաքրված չեն, մի շարք բնակավայրերի բնակիչների հետագա կեցության հարցը՝ օդում կախված։

Ամենաշատը տուժած բնակավայրերի շարքում է նաեւ Լոռու մարզի Քարկոփ գյուղը, որտեղ դեռ մաքրման աշխատանքները շարունակվում են։

«Դեռ մաքրման աշխատանքներով ենք զբաղված, խոշորացված համայնքի ղեկավարն անընդհատ մեզ մոտ է, ամենաշատ գործն այստեղ է, բայց դեռ ընթացքի մեջ է»,- «Փաստինֆո»-ին Քարկոփի գյուղապետ Հերմինե Պետրոսյանը՝ նշելով, որ բնակիչները դեռևս տարհանված են, քանի որ Քարկոփում ապրելու համար որեւէ պայման հանարավոր չէ արագ ստեղծել։

Նշենք, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ վարարումների հետեւանքով Քարկոփ գյուղը շուրջ 1-1,5 մետր ծածկվել էր ջրով։

Տիկին Պետրոսյանի փոխանցմամբ՝ գյուղի վերականգնումը դեռ երկար կտեւի։ Հարցին՝ կա՞ որևէ որոշում բնակավայրի տեղափոխման, նոր կառուցապատման, բնակիչներին նոր տներով ապահովելու վերաբերյալ, գյուղապետն ասաց, որ դեռևս չկա ոչ մի նման որոշում։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական նպատակներով մշակվող հողատարածքներին, ապա գյուղապետն անհանգստացած ասաց, որ Շնող գյուղի հատվածում Քարկոփի բնակիչները, համայնքը բերրի հողեր ունեին, որոնց մոտենալ, մաքրել դեռևս չեն կարողանում։

«Քարկոփում դեռ աշխատանքները չենք կարողանում ավարտել ու չենք հասցրել գնալ մեր մյուս այգիների վիճակը հասկանալ, հողամասեր կան, որ նայում ենք, ոչինչ չի երևում, կարծես ուղղակի ամայի տարծքներ են եղել այդ հատվածում»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ նախկինում ծառեր են եղել, իսկ հիմա մի հատ ծառ անգամ չի երևում։

«Այս պահին քարեր են , գետը քարերը բերել լցրել է այգիների վրա, եթե անգամ չի պոկել, տարել»,- ասաց Հերմինե Պետրոսյանը։

Աղբյուր` Փաստինֆո