կարևոր
9187 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-28 17:51
Իրավական Քաղաքական

Էն ինչ իմ հանդեպ անում եք շատ անձնական է․ մի հատ էլ ուզում եք մեզ 2-ից 5 տարի տանել, փակել․ հարց տվեք ձեզ՝ ի՞նչի համար․ Լևոն Քոչարյան

Նույնիսկ ԱՄՆ պետդեպի զեկույցը կա, որտեղ իմ անվանական անունով նշվում է, որ ոստիկանական մեքենայում ինձ հարվածել են։ Ամերիկայից տեսել, նկատել են, որ հարված կա, մեզ մոտ դատախազություն, քննչականում ոչ մեկ չի նկատում։ Դատաբժիշկի եզրակացությունը՝ իմ վնասվածքներով ֆիքսված, ոչ մեկը չի տեսնում։ Այս մասին դատարանում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։ «Ձեր ապօրինի, սխալ գործողությունների արդյունքում ինձ բանտ եք նստացրել։ Ինձ տեսակցության են եկել իմ երկու երեխաները։ Ինչի՞ պիտի լիներ այդ ամենը, երբ բացարձակ ոչ մի սխալ բան չեմ արել։ Հիմա ինչի՞ սա ինձ համար անձնական չպիտի լինի, ուզում եք չբորբոքվեմ, ուրիշ ձևով չմեկնաբանենք էս ամեն ինչը։ Էն ինչ իմ հանդեպ անում եք շատ անձնական է, ուրիշ ձև չի կարող լինել։ Մի հատ էլ ուզում եք մեզ 2-ից 5 տարի տանել, փակել․ հարց տվեք ձեզ՝ ի՞նչի համար»։ 

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հունիսի 28-ին, ընթանում է Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։

Նշենք, որ Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լևոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։ Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լևոն Քոչարյանի ու Սերգեյ Ասատուրովի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Մանրամասն՝ տեսանյութում