կարևոր
3943 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-27 12:21
Քաղաքական

ՀՕՄ-ի բոլոր միավորները միասնական կամքով նյութապես և բարոյապես սատար կանգնեցին արցախցիներին

ՀՕՄ-ի բոլոր միավորները միասնական կամքով նյութապես և բարոյապես սատար կանգնեցին արցախցիներին

Հայ Օգնության Միության Արցախի միավորի ատենապետուհի Մելանյա Բալայանը «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է միավորի խնդիրների, տեղահանությունից հետո իրականացված ծրագրերի եւ անելիքների մասին: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության որոշմամբ՝ Արցախի միավորը գործում է ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ներքո՝ որպես «Արցախ» մասնաճյուղ պահպանում է մեկուսի կարգավիճակը։

Մ․Բալայանը նշել է, որ Արցախի բռնատեղահանումից հետո առաջնային խնդիրը կապված էր ՀՀ տարբեր բնակավայրերով սփռված հոմուհիների մասին տեղեկություններ հավաքելու, կապ հաստատելու ու նոր իրավիճակում աշխատանքները կազմակերպելու հետ:

Նրա խոսքով՝ ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության կոչին ընդառաջ, ՀՕՄ-ի բոլոր միավորները միասնական կամքով նյութապես և բարոյապես սատար կանգնեցին արցախցիներին։ Տեղահանությունից հետո Հայաստանի Շրջանային վարչության ծրագրերն ուղղված էին արցախահայության օժանդակությանը, որին անմիջական մասնակցություն է ցուցաբերել ՀՕՄ–ի Արցախի միավորը՝ իր գործունեությունը շարունակելով ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության գրասենյակում:

«Մեր հօմուհիներն ակտիվորեն մասնակցեցին արցախահայերի համար առաջին անհրաժեշտության սննդի, հիգիենայի տուփերի պատրաստման և տրամադրման աշխատանքներին: Կարճաժամկետ ծրագրերով շուրջ 10 000 ընտանիքների հատկացվել է տարբեր տեսակի օժանդակություն՝ դրամական, նվեր–քարտերի, սննդիարկղերի, անկողնային պարագաների, ծածկոցների, տաքացուցիչների, տաք հագուստի, հիգիենայի պարագաների տեսքով, որոնք բաշխվել են ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ՀՕՄ-ի մասնաճյուղերի և ՀՅԴ կոմիտեների միջոցով»,- հայտնել է Մելանյա Բալայանը:

2024թ․ փետրվարին դրամական օժանդակություն է տրամադրվել Գորիսում և շրջակա գյուղերում բնակություն հաստատած Արցախից տեղահանված 53 կարքավոր ընտանիքի։ Օգնությունը տրամադրվել էր ՀՕՄ–ի Արևմտյան ԱՄՆ-ի շրջանի կողմից, նախապես ճշտված ցուցակներով։

ԱՄՆ Արևելյան շրջանի կողմից դրամական օգնություն է տրամադվել Խնձրիստանից տեղահանված 50 ընտանիքի՝ առաջնահերթություն տալով Խնձրիստանի «Սոսե» մանկապարտեզների սանիկների, զոհված և պայթյունից վիրավորված, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին։

Կենտրոնական վարչության որոշումով 40․000 դրամ(100 ԱՄՆ $) արժողությամբ «Երևան սիթիի» սննդային քարտեր են տրամադրվել 847 ընտանիքի։ Ծրագրում ընդգրկվել են 2023 թ․ սեպտեմբերի 19-ին և 25-ին մարտական գործողությունների և պայթյունի հետևանքով զոհված, անհայտ կորած և գերի ունեցող ընտանիքները, ինչպես նաև ՀՕՄ-ի և ուղեկից կառույցների անդամները։

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհու խոսքով՝ երկարաժամկետ ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել բնակարանային, աշխատանքի տեղավորման, հոգեբանական, առողջապահական, իրավա–խորհրդատվական ծրագրեր։

Նա նշել է, որ արցախահայության օժանդակության ծրագրերին զուգահեռ ՀՕՄ-ի Արցախի միավորը հետևողականորեն շարունակել է նաև իր մնայուն ծրագրերը: ԿՎ-ի որոշմամբ՝ «Զոհված հերոսների զավակներ» ծրագրում ընդգրկվել են նաև 2023թ․ սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների և սեպտեմբերի 25-ի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ու անհայտ կորածների անչափահաս երեխաները։ Առ այսօր ծրագրում ընդգրկվել են 360 նոր երեխաներ։

ՀՕՄ-ի Կրթաթոշակ ծրագրի շրջանակներում 1000-ական ԱՄՆ դոլար է տրամադրվել 2023-2024 ուս․տարվա ՀՕՄ-ի կրթաթոշակի արժանացած Երևանի բուհերում սովորող արցախցի երկու ուսանողների։

Մելանյա Բալայանը հավելել է, որ այսօր փորձում են նոր պայմաններում ու նոր իրավիճակում շարունակել ՀՕՄ-ի աշխատանքները: «Տեղ գյուղից այն կողմ Հայրենիք ենք թողել, բայց այսօր էլ հայրենիքում ենք, ուստի պետք է սրբել արցունքները և հանուն համազգային տեսլականի շարունակել ՀՕՄ-ի առաքելությունը»,- ավելացրել է նա։

 

Տաթեւիկ Աղաջանյան