կարևոր
1735 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-31 11:16
Հասարակություն

Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները. փաստեր ու թվեր՝ Արարատ Սրբազանից

Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները. փաստեր ու թվեր՝ Արարատ Սրբազանից

Օրերս ԱԺ ամբիոնից օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների կողմից մեղադրանք հնչեցվեց, որ Հայ առաքելական եկեղեցին հարկեր չի վճարում: Կամ՝ վճարում է, բայց ոչ բոլոր հարկերը: Հայ առաքելական եկեղեցու հարկային պարտավորությունների թեմայով MediaHub-ը զրուցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի հետ: 

-  Ինչո՞ւ  Հայ  եկեղեցին հարկեր չի վճարում:

-  Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պետական պարտադիր վճարները: Օրինակ, 2024թ. առաջին եռամսյակում հաշվարկվել և պետբյուջե են փոխանցվել 156.701.381 դրամի հարկեր և պարտադիր վճարներ։ Չի վճարում այն հարկերը, որոնցից ազատված է ՀՀ օրենսդրությամբ: 

-  Այդ դեպքում, ի՞նչ հարկեր է վճարում Հայ առաքելական եկեղեցին և ո՞ր հարկատեսակներից է ազատված:

-  Հիմնական մասը կազմում է եկամտային հարկը: Օրինակ, այս եռամսյակում աշխատավարձի գծով եկամտային հարկը կազմել է 120.334.945 դրամ, պասիվ եկամուտների գծով՝ 3.053.716 դրամ: Եկեղեցու կողմից իրականացվող վաճառքները՝ հիմնականում մոմի և այլ կրոնական պարագանների, ինչպես նաև մատուցվող ծիսական ծառայությունները ՀՀ հարկային օրենսդրությամբ ԱԱՀ-ից ազատված գործարքներ են: Ընդ որում, այդ հարկային արտոնությունները սահմանված են ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու, այլև բոլոր կրոնական, բարեգործական, հասարակական կազմակերպությունների համար: 

-  Օրինակ, մոմավաճառությունից ինչու՞ չի վճարվում ԱԱՀ: Դա միայն Հայ առաքելական եկեղեցո՞ւն տրված արտոնություն է:

-  Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետը սահմանում է՝  կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը ազատված է ԱԱՀ-ից: Հասկանալի է, որ կրոնական ծիսակատարություններ կազմակերպում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին: Մոմավառությունը ծիսական-բարեպաշտական սովորույթ է: Օրինակ, եթե նկատել եք, մոմավաճառություն իրականացվում է եկեղեցիների տարածքում՝ հավատացյալների կարիքների համար:  Եկեղեցին չի իրականացնում մոմի կամ այլ պարագաների վաճառք առևտրային կրպակներում կամ վաճառասրահների տաղավարներում: Մոմի, խունկի կամ այլ ծիսապաշտական  պարագաների վաճառքը շահույթ չի ակնկալում: Այսինքն, այդ գործառնությունների համար կատարված ծախսերը ավելի շատ են, քան եկամուտը, հետևաբար, շահութահարկ չի գոյանում: 
Մոմի և մյուս պարագաների վաճառքից ստացված եկամուտը ընդհանուր առմամբ, Մայր Աթոռի իրականացրած ծախսերի 10-15 տոկոսն է փակում: Պարզ հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչպե՞ս ենք մեր մյուս ծախսերը փակում: Փակում ենք մեր ստացած շնորհների, տրամադրված հանգանակությունների հաշվին: Ի դեպ, մոմի վաճառքի գինը չի փոխվել 2009 թվականից: Մինչդեռ 15 տարվա ընթացքում շուրջ 2.5 անգամ բարձրացել է, օրինակ, նվազագույն աշխատավարձի չափը և մոմավաճառությունից ստացված եկամուտը չի կարող ապահովել մեր ծախսերի փոքր մասն անգամ: Եթե, օրինակ, հարկային օրենսդրության մեջ փոփոխություն արվի և մոմի վաճառքից ԱԱՀ գոյանա, նշանակում է պիտի այդ չափով բարձրանա մոմի գինը՝ ի հաշիվ բնակչության: Արդյո՞ք դա քաղաքացիներին որևէ օգուտ կտա: 

-  Փաստորեն, Մայր Աթոռի հիմնական եկամուտները նվիրատվություններից ու հանգանակություններից են: Իսկ ֆինանսական այդպիսի հոսքերը չե՞ն կարող թափանցիկ լինել, ինչպե՞ս եք ապահովում այդ ծախսերի հաշվետվողականությունը: Դրանք հարկային մարմիններում արտացոլվու՞մ են: Օրինակ, շահութահարկի հաշվարկներում, եկամտահարկի հաշվարկներում երևու՞մ են: 

-  Հարկային օրենսգրքի համաձայն ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվները, աշխատանքները և ծառայություններըը հարկվող եկամուտ չեն համարվում: Համապատասխանաբար, այդ անհատույց ստացված ակտիվների հաշվին կատարված ծախսերը նույնպես հարկային ծախս չեն համարվում: Այսինքն, եկեղեցու ծախսերի զգալի մասը կատարվում է ստացված նվիրատվությունների հաշվին, որոնք որպես անհատույց ստացված ակտիվ, չեն մասնակցում շահութահարկի հաշվարկներին: Ուշագրավ է, որ այսպես սահմանված է բոլոր ոչ առևտրային կազմակերպություննների համար:

-  Իսկ այդ նվիրատվություններն ու դրամային շնորհների ծախսումները որևէ տեղ արտացոլվու՞մ են:

-  Իհարկե արտացոլվում են: Մայր Աթոռին տրված ֆինանսական օժանդակությունները,  նվիրատվությունները արտասահմանյան ֆոնդերից կամ աշխարհի տարբեր երկրներում ապրող անհատ բարերաներից են: Բոլոր հոսքերը գալիս են բանկային փոխանցումներով: Այդ գումարներով Մայր Աթոռն իրականացնում է բարեգործական ծրագրեր, գործառնական ծախսեր, կապիտալ բնույթի ծախսեր՝ եկեղեցիների վերակառուցման, պահպանման, կառուցման ծախսեր: Միայն Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վերականգնմանը եթե անդրադառնանք, ապա ծախսերը հսկայական են: Եվ եթե վստահություն չլիներ, որ մեր ծախսերը թափանցիկ և պատշաճ են կատարվում, դժվար թե էսպիսի գումարներ ստանայինք: Չմոռանանաք, որ մեր եկեղեցիները նաև պատմամշակութային արժեքներ են և մենք իրականացնում ենք դրանց պահպանության ծախսերը՝ թեթևացնելով պետության բեռը: Այդ ծախսումներից ՀՀ պետբյուջե դրամական միջոցներ են մուտք գործում նաև անուղղակի կերպով: Օրինակ, կապիտալ շինարարության ոլորտում 2000թ-ից սկսած Մայր Աթոռը 115 միլիոն դոլարին համարժեք դրամի գումար է ծախսել: Դա հսկայական հոսք է երկրի տնտեսության մեջ:  Ակնհայտ է, որ նշված ծրագրերի շրաջանակներում բացվում են լրացուցիչ աշխատատեղեր և վճարված աշխատավարձից շինարարական կազմակերպությունները գանձում և եկամտային հարկի տեսքով պետական բյուջե են վճարում էական գումարներ: Դա անուղղակի ձևով նպաստում է նաև տնտեսական աճին: 
Բացի այդ, որքան օգտակարություն են բերում մեր երկրի զբոսաշրջայի՛ն բիզնեսին մեր կողմից պահպանվող պատմամշակութային կոթողները, որքան զբոսաշրջիկներ են այցելում Գեղարդավանք, Խոր Վիրապի վանք, Մայր Տաճար և այլ հարյուրավոր սրբավայրեր: Հարկ է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին կատարում է թե նշված ընթացիկ պահպանման, թե կապիտալ բնույթի ծախսերը ինքնուրույն՝ առանց ՀՀ պետբյուջեից այդ նպատակի համար որևէ գումար ստանալու:
Կարևոր է նշել նաև, որ հայտարարված դրամահավաքների հաշվին եկեղեցին իրականացնում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Բարեգործական ծրագրերի մասով մեկ օրինակ բերենք.  միայն 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Կառավարությունը կոչ արեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել երկրին և այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետարանում հաշվեհամար բացվեց, Մայր Աթոռը 2 միլիոն 300 000 դոլարին համարժեք գումարներ փոխանցեց իր հավաքագրած գումարներից: Եվս 3 միլիոն դոլարի համարժեք դրամ, 2020թ.-ի պատերազմի ավարտից հետո՝ առ այսօր, ծախսվել է արցախահայության կարիքների համար՝ թե Արցախի շրջափակման ժամանակ, թե բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար:  Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ կատարված ծախսը 5 միլիոն 300 0000 դոլար գումար է կազմել:  
Առհասարակ, Մայր Աթոռին նվիարբերված բոլոր գումարները նպատակային գումարներ են, դրանց վերաբերյալ բոլոր հաշվետվությունները պարբերական կարգով ներկայացվում ենք նվիրատուներին: Հատկապես, մեծ գումարների նվիրատվությունները և դրամաշնորհները փաստում են Հայ եկեղեցու նկտամամբ վստահության մասին: Եթե դրանք նպատակային չծախսվեին, որևէ դրամ անգամ չարաշահվեր, հավատացեք, մեկ անգամ գումար նվիրողը կամ դրամաշնորհ տրամադրողը երկրորդ կամ երրորդ անգամ դա չէր անի, և այդ անվստահությունը շատ արագ կտարածվեր ու կարտահայտվեր նաև մյուս նվիրատուների կամ հիմնադրամների վարքագծում:

-  Ձեր ներկայացրած տեղեկանքում 2.351.897 դրամ պետբյուջե է մուծվել՝ որպես գույքահարկ փոխադրամիջոցների համար: Գիտենք, որ Մայր Աթոռը մեծ ծավալի անշարժ գույք ունի՝ ոչ միայն պատմամշակութային նշանակության եկեղեցիներ, այլև նորակառույցներ, ինչպես նաև դրանց սպասարկող այլ շինություններ, տարածքներ, հողամասեր այլն: Դրանց համար և՞ս անշարժ գույքի հարկ չի վճարվում:

-  Գույքահարկի մասով նույնպես օրենսդրությունը հստակ սահմանումներ ունի. գույքահարկ է նախատեսվում անշարժ գույքի նկատմամբ և փոխադրամիջոցների նկատմամբ։ Փոխադրամիջոցների գույքահարկ եկեղեցին ամբողջությամբ վճարում է, բոլոր հաշվետվությունները պատշաճ ներկայացված են: Անշարժ գույքի մասով ՀՀ հարկային օրենսգրքի 230 հոդվածի 7-րդ կետի համաձայն Անշարժ գույքի հարկից ազատված են՝ պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող շինությունները, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` մինչև 1991 թվականը կառուցված կրոնական, պաշտամունքային շինությունները: 
Իսկ 8-րդ կետը սահմանում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շինությունները, կառույցները, դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը ունեն անշարժ գույքի հարկային արտոնություն: 
Այնպես որ, Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները՝ ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան: