կարևոր
1711 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-19 11:47
Քաղաքական

ՔՊ-ի վարկանիշը՝ հանրապետությունում․ փաստեր եւ թվեր․ «Հրապարակ»

ՔՊ-ի վարկանիշը՝ հանրապետությունում․ փաստեր եւ թվեր․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Կիրակի օրը Երեւանում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքեց վավեր քվեաթերթիկների ընդամենը 32․ 57 տոկոսը, ինչը ցույց է տալիս, որ անգամ Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթները՝ նախընտրական քարոզարշավի վերջին օրով, էական ազդեցություն չունեցան ընտրողների տրամադրությունների վրա, դրանք դադարել են գրավիչ ու համոզիչ լինել։ Փաշինյանական իշխանության ռեյտինգի անկումը, սակայն, միայն Երեւանի ընտրություններով չի արտահայտվում, պատկերն ավելի ցայտուն է դառնում, երբ վերլուծում ենք վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունները։

Վերջին` 2021-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր հանրապետության` ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 595 հազար 512  քաղաքացիներից 1 մլն 281 հազար 997-ը։ ՔՊ-ն ստացել էր 688 հազար 761 քվե, «Հայաստան» դաշինքը՝ 269 հազար 481, «Պատիվ ունեմ»-ը՝ 66 հազար 650։ Երեւանում ՔՊ-ն ստացել էր 181 հազար 180 քվե,

«Պատիվ ունեմ»-ը՝ 25 հազար 351, «Հայաստան» դաշինքը՝ 123 հազար 307։
Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ստացել է ընդամենը 75 հազար 463 ձայն՝ 32.57 տոկոս, փաստորեն ստացվում է, որ Երեւանում 2021 թվականի համեմատ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կորցրել է 105 հազար 717 ընտրող։ ՔՊ-ի վարկանիշի անկումն ավելի ակնհայտ է դառնում, երբ 2023 թ. Երեւանի ՏԻՄ ընտրությունների արդյունքները համեմատում ես 2018 թ. ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ։ 2018-ին ՔՊ-ն հավաքել էր ձայների 81.05 տոկոսը, այսինքն՝ 294 հազար 92 ձայն, եւ ստացվում է, որ ՔՊ-ի ձայները պակասել են 218 հազար 629-ով։

Նշենք, որ ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը եւս էականորեն նվազել է․ 2018-ին Երեւանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր 370 հազար 368 քաղաքացի, իսկ նախօրեին կայացած ընտրություններին` ընդամենը 234 հազար 553 քաղաքացի, ինչը եւս ապատիայի դրսեւորում է։ ՔՊ-ի վարկանիշն էլ ավելի անմխիթար տեսք է ստանում, երբ վերլուծում ենք Հայաստանում ՏԻՄ ընտրությունների վերջին մի քանի տարվա արդյունքները։
2021 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն Լոռու մարզից ստացել էր 65 հազար 95 ձայն, սակայն ամիսներ հետո՝ դեկտեմբերի 5-ին, հանրապետության 3-րդ քաղաքում՝ Վանաձորում, ստացել էր ընդամենը 8 հազար 294 ձայն, իսկ հաղթող «Մամիկոն Ասլանյան դաշինքը»՝ 12 հազար 814 ձայն։ Լոռու մարզի խոշոր քաղաքներից մյուսում՝ Ալավերդիում, 2022 թ. սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ստացել էր 6 հազար 557 ձայն, իսկ հաղթող «Ապրելու երկիրը»՝ 6 հազար 791։ Լոռվա խոշոր համայնքներից մյուսում՝ Տաշիրում, 2022-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով էլ ՔՊ-ն ջախջախիչ պարտություն էր կրել «Միասնական համայնքի» հետ ընտրապայքարում՝ հավաքելով ընդամենը 2 հազար 374 ձայն, մրցակիցը հավաքել էր 5 հազար 903 ձայն։ Այսպիսով պարզ է դառնում, որ ՔՊ-ն 2021-ից հետո խոշոր ընտրություններում պարտվել է ընդդիմադիր թեկնածուներին։

2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն Սյունիքից ստացել է 35 հազար 293 ձայն։ ՏԻՄ-երում` Սյունիքի մարզում հետեւյալ պատկերն էր․ ՔՊ-ն Մեղրի համայնքում պարտվել է ընտրությունները «Հանրապետություն» կուսակցությանը՝ հավաքելով 1637 ձայն, «Հանրապետությունը»՝ 2 հազար 133։ Գորիս համայնքում ՔՊ-ն պարտվել է «Առուշ Առուշանյան դաշինքին»՝ հավաքելով ընդամենը 3 հազար 562 ձայն,  «Առուշ Առուշանյան դաշինքը»՝ 6 հազար 268 ձայն։ 2021 թ. ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրել նաեւ Կապան քաղաքում․ «Շանթ դաշինքը», որի թեկնածուն Գեւորգ Փարսյանն էր, հավաքել էր 13 հազար 962 ձայն, ՔՊ-ն՝ ընդամենը 5 հազար 791։ Քաջարան համայնքում կրկին ՔՊ-ն պարտություն էր կրել՝ հավաքելով 1118 ձայն, իսկ նրա մրցակից «Դեպի միասնություն»-ը՝ 3 հազար 127։ Ստացվում է, որ Սյունիքի խոշոր համայնքներում եւս ՔՊ-ն պարտություններ է կրել։
2021-ին կայացած համապետական ընտրություններին Շիրակի մարզից ՔՊ-ն ստացել էր 60 հազար 652 ձայն, սակայն 3 ամիս անց մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում ստացել էր ընդամենը 7 հազար 786 ձայն՝ 29.53 տոկոսը, հաղթող «Բալասանյան դաշինքը»՝ 9 հազար 631։ Անի համայնքում եւս ՔՊ-ն պարտվել է՝ ստանալով 3 հազար 32 ձայն, իսկ մրցակից «Ազգ-համայնք» դաշինքը՝ 3 հազար 763։

2021-ից հետո ՔՊ-ն պարտություն է կրել նաեւ Տավուշի մարզի Բերդ համայնքում՝ հավաքելով 4 հազար 297 ձայն եւ պարտվելով կալանավայրում գտնվող Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքին՝ 5 հազար 683 ձայն։ ՔՊ-ն պարտվել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ հավաքելով 3 հազար 705 ձայն, իսկ  գործող քաղաքապետի «Կարեն Եղիազարյան դաշինքը»՝ 7 հազար 421։ 2021-ի ԱԺ ընտրություններից հետո ՔՊ-ն պարտվել է նաեւ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ ստանալով 13 հազար 461 ձայն, իսկ գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ղեկավարած «Դավիթ Համբարձումյան դաշինքը»՝ 14 հազար 943 ձայն։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում 2021 թ. ընտրություններից հետո ՔՊ-ն պարտվել է Ահարոն Խաչատրյանի դաշինքին եւ «Միասնական Վարդենիսին», Գավառ քաղաքում պարտվել է գործող քաղաքապետ «Գուրգեն Մարտիրոսյան դաշինքին»՝ հավաքելով 7 հազար 586 ձայն, իսկ Մարտիրոսյանը՝ 9 հազար 869։ ՔՊ-ն պարտվել է նաեւ Կոտայքի մարզի Աբովյան եւ Չարենցավան, Արմավիրի մարզի Փարաքար, Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքներում։
Ակնհայտ է, որ ՔՊ-ի վարկանիշն օր-օրի գահավիժում է, հետաքրքիր է, թե որքան ձայն կհավաքեն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, եթե, իհարկե, մինչ այդ արտահերթ ընտրություններ չլինեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում