Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ն այսօր գրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների հարազատների՝ Փաշինյանի կատարած հանցագործության մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ կցելով Մովսես Հակոբյանի գործին։ Կարծ ասած՝ Փաշինյանի հնարավոր հանցագործություններ մասին Դատախազություն ուղարկված բոլոր հաղորդումները փաթեթավորում եւ ուղարկվում են Հակակոռուպցիոն կոմիտե։
Փաստաբան, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանի խոսքով՝ Դատախազությունը անհասկանալի պատճառով զերծ է մնում քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իր պարտականությունը կատարելուց, այն է՝ տասնօրյա ժամկետում քրեական գործ հարուցել, մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության։
Վարդեւանյանի համոզմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այս գործով չի կարող լինել պատշաճ քննող մարմին։ Ըստ նրա՝ նախաքննական մարմինը պետք է լիներ ԱԱԾ-ն։
«Իրականում նման հարցերն առավելապես ԱԱԾ-ի վարույթում քննվող են, եւ Դատախազությունը լիազորություն ունի որոշելու կոնկրետ քրեական գործերի ենթակայությունը։ Առհասարակ, երբ ներկայացվում է հաղորդում, այն պետք է պատշաճ քննության առարկա դառնա։ Սա ասելով՝ հասկանում ենք, որ 10-օրյա ժամկետում նախաքննական մարմինը պետք է որոշի քրեական գործ հարուցել, մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության։ Երբ ներկայացվում է հաղորդում, այն ունի պատշաճ քննության կարգ։ Դատախազության կողմից այդ պրակտիկան, որը սկիզբ առավ 2020թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամսից, չի համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքի հենց այդ կանոնին։ Շատ հաղորդումներ դատախազությունը պատշաճ քննության առարկա չի դարձնում, եւ հարցերին նայում են ոչ թե բովանդակային, այլ տեխնիկական իմաստով»,- ասաց փաստաբանը։
2020 թ․ նոյեմբեր-դեկտեմբերին գեներալ Մովսես Հակոբյանի ասուլիսից հետո հարուցվեց քրեական գործ, եւ հաջորդող բոլոր դիմումները կցվում են հենց այդ քր․ գործին։ Վարդեւանյանը շեշտում է՝ կարող է բազմաթիվ օրինակներ բերել, երբ այսպիսի վարքագիծ Դատախազությունը կամ քննչական մարմինները չեն դրսեւորել։
«Այս իմաստով՝ ես խոր մտահոգություն եմ հայտնում նախաքննական մարմինների, այդ թվում՝ նաեւ Դատախազության մասով։ Իրավապահ մարմինները քաղաքականացված գործելու մոդել են որդեգրել, թեեւ, օրինակ, գլխավոր դատախազը ընտրվում է ԱԺ-ի կողմից եւ պիտի ունենա անկախություն։ Բազմաթիվ են դեպքերը, երբ գործող իշխանությունը գնում է Դատախազություն, հայտարարություններ են անում համատեղ եւ այլն, էլ չխոսեմ քննչական մարմինների մասին, երբ ղեկավարները նշանակվում են գործադիր իշխանության կողմից, սա ֆունդամենտալ խնդիր է, որը խորացել է»,- ասաց Վարդեւանյանը։
Զոհվածի հարազատ Եղիշե Զաքունցը հայտնեց, որ դժգոհ են Դատախազության այս որոշումից եւ իրավական դաշտում պայքարելու գործընթաց են սկսում։ «Այդ հանդիպումից հետո հասկացանք, որ պետք է իրավական դաշտում պայքարենք, որ մեր գործն առանձնացվի, քանի որ կան զանգվածային մարդասպանության փաստեր, եւ կա խոստովանություն։ Տասնյակ հարյուրավոր գործեր կային, քաղաքացիների ներկայացրած բազմաթիվ դիմումներ առ այն, որ Փաշինյանը պետական դավաճան է։ Այդ բոլոր գործերը միացրել են իրար եւ ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Մենք ասացինք, որ դրանք տարբեր գործեր են, եւ մեր դեպքում՝ Փաշինյանը ինքնախոստովանություն է արել զանգվածային մարդասպանության մասին։ Արդեն մեր իրավաբան Լիպարիտ Սիմոնյանը կազմում է միջնորդություն՝ Հակակոռուպցիոն կոմիտե դիմելու համար, որպեսզի մեր դիմումն առանձնացվի մյուս գործերից»,- ասաց նա։
Անդրադառնալով Զաքունցի այս հայտարարությանը՝ Վարդեւանյանն ասաց, որ պետք է այս հարցով ոչ թե իրավական, այլ ավելի շատ հանրային դաշտում պայքարել։
«Ցավով պետք է ասեմ, որ նման հայտարարություն տեղի ունեցավ մեր իրականության մեջ (նՆկատի ունի Փաշինյանի հայտարարությունը զոհերի մասին), երբ բարձրաստիճան պաշտոնյան զոհերի սխրանքի, մարտիրոսման բացառիկ կարեւորության մասին խոսելու փոխարեն նման բան հայտարարեց։ Զերծ կմնամ վերարտադրելուց։ Ցավոք, հարցը սոսկ իրավական չէ եւ իր մեջ ունի նաեւ քաղաքական բաղադրիչ։ Պատկերացնել, որ այս հարցում ծնողները իրավական պայքարով կարող են արդյունք գրանցել, չեմ կարող ասել»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնում է, որ, օգտագործելով ԱԺ-ի գործիքակազմը, մշակել էին քննիչ հանձնաժողով ստեղծելու համար մի մեծ օրենսդրական փաթեթ, որը, ըստ նրա, կլիներ իրապես անկախ, կկարողանար պատերազմի հանգամանքները քննության առարկա դարձնել, չէր ունենա քաղաքական բաղադրիչ, սակայն կառավարությունը հրաժարվեց եւ որեւէ կերպ չաջակցեց այդ նախաձեռնությանը՝ դրանով իսկ արտահայտելով իր վարքագիծը։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այս իշխանությունները իրենց իսկ գործողություններն ու հայտարարությունները քրեաիրավական կամ այլ իրավիճակում գնահատման առարկա դարձնելու քաղաքական կամք են ունենալու, ես այդպես չեմ, կարծում»,-եզրափակեց Վարդեւանյանը։
Լիանա Սարգսյան
Տե՛ս նաեւ
Զոհվածների ծնողները գնում են Դատախազություն՝ Փաշինյանի դեմ հաղորդում տալու