|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության տոնի առիթով Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է բացառապես հող հանձնողներին ու նրանց աջակիցներին։ ՊՆ եւ ՆԳՆ բոլոր պաշտոնյաները, որոնք կոչումներ ստացան, երեւացող եւ չերեւացող ձեւերով ներգրավված են եղել հայրենավաճառության գործընթացին։ Դիցուք՝ Տավուշի դիրքերը պաշտպանող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանն առանց դիմադրության հանձնեց դիրքերն Ադրբեջանին: Մենք ժամանակին գրել էինք, որ հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելու դեպքում Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, ինչը եւ երեկ արվեց:
ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Պետրոսյանը, ով այն պաշտոնյան է, որ Կիրանցում` առանց պետհամարանիշների մեքենայում արգելափակված, բերետավորների պաշտպանությամբ, ճեղքեց փակ ճանապարհը՝ իջնելով հանձնվող դիրքերից: Ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով համակարգում եւ հրահանգում է ոստիկանական ջարդարարների գործողությունները:
Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ով ոստիկանության «բարեփոխումների» արդյունքում ղեկավարում է Փրկարար ծառայությունը, սակայն որպես նախկին ոստիկան՝ իրականում ակտիվորեն ներգրավված է հակաիշխանական ցույցերը ճնշող ՆԳ օպերատիվ շտաբի աշխատանքներին եւ աչքի է ընկնում ցուցարարների նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելու մոտեցմամբ։
Այս բոլոր մարդկանց ծառայությունները Նիկոլ Փաշինյանը «բարձր» գնահատականի արժանացրեց»: