ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
Երեկ Մոսկվա կինոթատրոնում դիտում էի «Տարածության հարմոնիա» փաստագրական ֆիլմը՝ նվիրված Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ՀՃԱ ակադեմիկոս, ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ արտասահմանյան անդամ, ՀՀ և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Գուրգեն Մուշեղյանին։
Գուրգեն Մուշեղյանին նոր չպիտի բացահայտեի․ իր վաստակի նկատմամբ անանց խոնարհում ունեմ, իսկ մարդկային որակները բացահայտել եմ Երևանի քաղաքաշինական խնդիրներին նվիրված մեր բազմաթիվ հանդիպումներից։
Երբեք չեմ մոռանա, թե ինչ սրտացավությամբ ու տագնապով էր գրեթե ամեն օր գալիս Մաշտոցի պուրակ՝ իր ծանրակշիռ, հայրական ներկայությամբ ասելու՝ «չի կարելի․․․»։ Նա վաստակել էր ու ասում էր՝ չի կարելի նաև Երևանի գլխավոր հատակագծի նկատմամբ կատարվող մեղանչումներին։
Այդպիսին է տիրոջ, երկիրը սիրողի ու երկրին նվիրվողի տեսակը։ Այսպիսին պիտի լինի բառի լայն իմաստով ճարտարապետը՝ քաղաքի ու պետության շինարարը․․․
Մարզահամերգային համալիր, Գյումրիի օդանավակայան, Հրազդան մարզադաշտ․․․, Երևանի գլխավոր հատակագիծ ու էլի, էլի գործեր․․․։ Գործեր, որոնք պետականության, չափանիշի, արժանապատվության, հպարտության, մեր փափագելի տեսակի, մասշտաբներ պարտադրողի, աշխարհի հետ հարմոնիկ քայլելու այցեքարտեր են։
Նայում էի ֆիլմն ու հաճելիորեն ու ժպիտով բացահայտում նաև Գուրգեն Մուշեղյանի երբեմն պատանեկան անկեղծությունն ու հումորը։
Բայց ողջ ընթացքում սիրտս ցավում էր, ցավում էր համեմատության ցավից, կարստի զգացումից, մեր հավաքական անկումների խորությունից, մեր տեսակի կորստից, մեր ներկա խեղճությունից ու անճարակությունից, մեր մեղկությունից, արժեքների ոտնահարումից, արժեքներին անհաղորդությունից, մեր կոդերի խեղումից։
Ի՜նչ խորն են անկումներդ, երկիր ջան․․․
Եվ, ինչ հրաշալի էր Արաքսյա Մուշեղյանի երաժշտությունը լրացնում ֆիլմի ողջ ապրումը․․․
Հող պահողի, երկիր պաշտողի ու հող տվողի էս պայքարում ո՞նց գտնենք մեզ, ո՞նց զուլալվենք․․․