ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին:
Հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանի դիտարկում-հարցին՝ բանակցությունների ամբողջ ընթացքում՝ մի քանի տասնամյակում, և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահները, և՛ Դուք մշտապես խոսել եք, և դա մեր կողմից ընդունելի է եղել, որոշակի գնով տարածքների վերադարձի մասին։ Դա եղել է բանակցությունների տարրերից մեկը։ Եթե դա այդպես է, եթե հողերի վերադարձը քննարկվել է, ապա ինչո՞ւ եք Դուք այսօր այս իշխանությանը մեղադրում այդ հողերը վերադարձնելու մեջ։ Խորհրդարանում վերջերս մի միտք հնչեց, որ մենք պարտության գնացել ենք վերջին 20 տարում՝ սկսած հոկտեմբերի 27-ից, քանի որ շարունակաբար քննարկվել է հենց հողերի վերադարձի, տարածքների զիջման հարցը, Սերժ Սարգսյանն ասաց.
«Նորից պետք է կրկնեմ, որ մեզ համար ստանալու մասն էր կարևոր։ Սա՝ մեկ, երկրորդ՝ ես չեմ կարող համաձայնել Ձեր ասած մտքերի հետ, որ այս իշխանությունները հող են վերադարձրել։ Ոչ, նրանք հող չեն տանուլ տվել, նրանք հող են հանձնել։ Դրանք տարբեր բաներ են։ Նրանք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել են մեր բանակը։ Այսինքն՝ Դուք տարբերություն չե՞ք տեսնում։ Ես երբեք «ոչմիթիզական» չեմ եղել, երբեք․ և՛ 90-ականների սկզբի մեր հաջողությունների պահին, և՛ 2000-ականների ամբողջ ընթացքում, և՛ նախագահական նստավայր գալու առաջին իսկ օրվանից ես տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդիրների լուծումը ես տեսնում եմ միայն փոխզիջումների միջոցով։ Հիշո՞ւմ եք, երբ ես խորհրդարանում ասացի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ։ Իսկ հիշո՞ւմ եք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց, դա շահարկվեց վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին։
-Ես նույնիսկ շարունակությունն եմ հիշում Ձեր ասածի․ Դուք ասում էիք՝ նաև Միրբաշիրը (Թարթառ) մեր հայրենիքը չէ, բայց, չգիտես ինչու, միայն Աղդամի վրա էին ֆիքսվել, մինչդեռ Միրբաշիրը երբեք մերը չի էլ եղել։
-Որովհետև Աղդամը, գոնե քաղաքը, մեր վերահսկողության տակ էր։
-Եվ մեր անվտանգության գոտին էր։
-Այո: Այնպես որ, ես խնդրում եմ միշտ տարբերակել վերադարձնելը տալուց։