կարևոր
4678 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-26 16:48
Հասարակություն

Ոչնչացումից մինչև յուրացում. Արցախի անպաշտպան մշակութային ժառանգությունը

Ոչնչացումից մինչև յուրացում. Արցախի անպաշտպան մշակութային ժառանգությունը

2023 թ. սեպտեմբերի վերջերին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, 100 հազարից ավելի հայ բռնի տեղահանվել է իր հազարամյա բնօրրանից՝ այնտեղ թողնելով ոչ միայն իր տունը, ինչքն ու ունեցվածքը, այլև դարերի ընթացքում կառուցած կոթողները, եկեղեցիները, մշակութային ու հասարակական նշանակության շինությունները: Դրանց թվում են 423 վանքեր ու եկեղեցիներ, շուրջ 30 թանգարաններ ու ցուցասրահներ, ավելի քան 6000 պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, բազմաթիվ այլ հուշարձաններ, խաչքարեր, տապանաքարեր, Արցախյան և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողներ, բերդեր ու ամրոցներ, գրադարաններ, անձնական ու պետական արխիվներ: Թվարկվածները չեն ընդգրկում Արցախում գտնվող մշակութային ու պատմական նշանակության արժեքների ողջ ցանկը, շատերի դեպքում էլ տվյալները կիսատ են:

Հայ առաքելական եկեղեցու կողմից ստեղծված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակը զբաղվում է միջազգային, միջեկեղեցական, միջկրոնական, բոլոր հնարավոր այլ հարթակներում Արցախի հայկական հուշարձանների, սրբավայրերի ու գերեզմանատների նկատմամբ արձանագրված ոտնձգությունների ներկայացմամբ և աշխատանքներ է տանում հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ։

Գրասենյակից տեղեկացել ենք, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն դեռևս շոշափելի արդյունքներ չկան:

Արցախի թեմի տվյալներով՝ Արցախի օկուպացված տարածքում մնացել են թվով 423 վանքեր ու եկեղեցիներ, ընդ որում՝ 2020 թ. հետո այդ թիվը 210 էր: 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության վերահսկողության տակ էին 211 եկեղեցիներ ու վանքեր: Ինչ վերաբերում է խաչքարերի, մատուռների թվին, ապա գրասենյակը դրանց ամբողջական հավաքագրված ցանկերը չունի: «Այժմ հնարավորություն չկա այդ մասշտաբի աշխատանքներն իրականացնելու»,— նշել են գրասենյակից:

Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանի խոսքով՝ մոտ 6000 արձանագրված հուշարձան է մնացել բռնազավթված Արցախում՝ եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, եկեղեցի-մատուռներ և այլն: Սակայն այս թիվը վերջնական չէ, քանի որ վերջին շրջանում զորամասերում կամ այլ վայրերում կառուցված կոթողների, պատերազմի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարերի, հուշարձանների միայն փոքր մասն էր ցանկագրված:

Հաշվառված ու պետական ցուցակներում ընդգրկված էր 4226 հուշարձան, որից 154-ը՝ Ստեփանակերտում: Բացի դրանից՝ մոտ 2000 հուշարձանների մասին տեղեկությունները հետո են ի հայտ եկել և դեռևս ցուցակի մեջ ընդգրկված չէին: Իրենց ճարտարապետական տեսքի, պատմական անցյալի համար հուշարձանի կարգավիճակ էին ստացել որոշ բնակավայրերի ժողովրդական տներ:

Նա փաստում է, որ Արցախում թողել ենք պատմամշակութային մեծ ժառանգություն, պատմական անժխտելի արժեք ներկայացնող հարստություն, որը մեր պատմական հիշողության կրիչն է, Արցախում մեր եղելության ու լինելության հավաստիքը։ «Հին, պատմական, պապենական գերեզմանոցներ, որոնք ժամանակագրության առումով հստակ արձանագրություններ են, հոգևոր ու աշխարհիկ նշանավոր կենտրոններ, այդ թվում՝ Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Ծմակահողի, Սուրբ Հակոբավանքի վանական համալիրները, Ղազանչեցոց տաճարը, Տիգրանակերտի ամրոցը, շատ այլ բերդեր ու ամրոցներ»,— նշել է նա:

Արցախում են մնացել նաև առնվազն 30 պետական ու մասնավոր թանգարաններ և ցուցասրահներ՝ իրենց հավաքածուներով: 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել էր Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը, որը զբաղվում էր բռնազավթված տարածքների մշակութային նմուշների ցուցակագրման, նկարագրության, կազմման, տեղեկությունների հավաքագրման աշխատանքներով:
2021-2023 թվականներին խորհուրդը հասցրել է հավաքագրել միայն 44-օրյա պատերազմի ժամանակ կորսված արվեստի գործերը (20 հազար 885 ցուցանմուշ): Խորհրդի տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքում մնացել են նվազագույնը 20 թանգարան և 10 ցուցասրաh:

44-օրյա պատերազմից հետո Արցախի պետական մարմինները նախաձեռնել էին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մշակութային հուշարձանների ցանկագրման աշխատանքներ: Բռնի տեղահանությունից և Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումից հետո բռնազավթված մշակութային ժառանգության մասին տեղեկությունների ամբողջացման աշխատանքները փորձում են իրականացնել տարբեր նախաձեռնող կառույցներ ու անհատներ, սակայն դեռևս ամբողջական տեղեկատվություն չկա, գործուն քայլեր չեն ձեռնարկվում նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության ուղղությամբ:

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ծրագիրն ի սկզբանե նպատակ ուներ քարտեզագրել և գույքագրել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության` Ադրբեջանին անցած տարածքների և արցախա-ադրբեջանական սահմանային գոտու անշարժ մշակութային ժառանգությունը, թանգարանները, մշակութային օջախները, հետևել ընթացիկ վիճակին, վավերացնել փոփոխությունները և այդ ամենը ներկայացնել միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը: 2023 թ. Արցախի ամբողջական հայաթափումից հետո ծրագիրը մշտադիտարկում է Արցախի ողջ տարածքի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում (Monument watch) թիմի անդամ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոս Հայկուհի Մուրադյանն առաջնային խնդիր է համարում շարժական ու անշարժ ժառանգության թվայնացումն ու հաշվառումը, այնուհետև միջազգային կազմակերպությունների ներգրավումը, մշակութային ժառանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմների կիրառումը:

2021 թ․ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զեկույց է հրապարակել ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ:

Զեկույցում ներկայացված են ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում և հրադադարից հետո արձանագրված հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր՝ ներառյալ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման և մշակութային կոթողները «աղվանականացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը:

«Վերհանված դեպքերի և հայատյացության համատեքստի վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է՝ հենված հայ ազգի դեմ ատելության խրախուսման հանցավոր քաղաքականության վրա»,— ասվում է զեկույցում՝ հրատապ համարելով միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը»,— ասվում է զեկույցում:

Հունվարին ՀՀ ԱԳՆ տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում և բարձրաձայնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում և այլ մարմիններում: «2020 թ. դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը որոշում էր կայացրել, որ պիտի փաստահավաք առաքելություն գործուղվի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում մշակութային կոթողների վիճակը դիտարկելու համար: Այս ընթացքում աշխատանքներ ենք տարել ու տանում, որպեսզի առաքելությունը կայանա: Մշակութային ժառանգության պահպանության խնդիրը եղել ու շարունակում է մնալ ԱԳՆ օրակարգում»,— ասել է նա:

2022 թ. լույս տեսած «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» աշխատության մեջ (Համլետ Պետրոսյան, Հայկուհի Մուրադյան ) նշվում է, որ կազմվել են Արցախի Հանրապետության պատմա¬մշակութային անշարժ ժառանգության ցանկը և դրանց զգալի մասի անձնագրերը, որոնք ընդգրկում են ավելի քան 4000 միավոր, շուրջ 1500 հուշարձանների պահպանական գոտիներ։

«Հուշարձանների պահպանության ոլորտում Արցախի իշխանությունները 1994-¬2020 թվականների ընթացքում նախաձեռնել են հոգևոր և աշխարհիկ կառույցների (եկեղեցիներ, վանական համալիրներ, կոթողներ, ամրոցներ, ապարանքներ, կամուրջներ) հետազոտման և վերականգնման աշխատանքներ։ Հնագիտական հետազոտություններ են իրականացվել Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարանձավում, նույն շրջանի Մեծ Թաղեր գյուղի «Շմանեք» քարանձավում, Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի տարածքում գտնվող «Քարին տակ» (Ալեքսանա ղուզե) քարանձավում, Կերենի դամբարանադաշտում, Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում գտնվող «Միրիկ» (կիկլոպյան) ամրոցում։ Հատկապես ուշագրավ և կարևորագույն իրադարձություն է 2005 թվականին հայոց արքա Տիգրան Բ Մեծի՝ Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի հայտնաբերումը։ Պեղումները և ուսումնասիրությունները Տիգրանակերտում ընթացել են շուրջ 15 տարի և ընդհատվել են միայն 2020 թվականին»,— շեշտվում է աշխատության մեջ։ Հեղինակները նշում են, որ հետազոտական լուրջ աշխատանքներ են իրականացվել հատկապես քրիստոնեական հուշարձանների ուղղությամբ. Ամարասի վանք, Դադիվանք, Հոռեկավանք, Հակոբավանք, Ծիծեռնավանք, Հանդաբերդի վանք, Վաղուհասի Մայրաքաղաք վանք, Տողի մելիքական ապարանք, Բերդաշեն, Վաճառի Սուրբ Ստեփանոս վանք և այլն։

2020 թ.-ի սեպտեմբերի 27-¬ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմն ակնհայտորեն ուղղված էր ոչ միայն քաղաքացիական բնակչության վերացմանը, այլև այդ տարածքի մշակութային շարժական և անշարժ ժառանգության, մշակութային և կրթական հաստատությունների դեմ: Նշվածի ամենահայտնի օրինակը Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումն է, որի վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ին երկու արկ է պայթել:

Պատերազմի ընթացքում հրետակոծվել է Մարտունի քաղաքի մշակույթի պալատը: Հադրութ քաղաքի բնակիչները, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները, փաստում են, որ այրվել է Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը։ 2020 թվականի նոյեմբերի 5-ին ռմբակոծվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը։

Հրադադարի հայտարարումից հետո ոչնչացվել են Մեխակավանի (Ջեբրայիլ) Զորավար Սբ. Աստվածածին եկեղեցին, նույն շրջանի Շյուքյուրբեյլի գյուղում գտնվող տուֆե խաչային հորինվածքով հուշարձանը, Հադրութի Առաքել գյուղի խաչքարը, Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին:

Արցախի հայկական հետքի վերացման ամենացցուն օրինակը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության շենքերի հիմնահատակ ավերումն է:

Ադրբեջանական վանդալիզմի զոհ են դառնում հատկապես Արցախյան ազատամարտին և զոհված հերոսներին նվիրված հուշակոթողները: Ամենավերջին օրինակներից մեկը Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի ինքնապաշտպանության համար զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշատախտակների և խաչքարի ոչնչացումն էր, որի մասին հայտնի է դարձել 2024 թ. մարտ ամսին:

Հարկ է նշել, որ մշակութային արժեքների միտումնավոր ոչնչացումը պատերազմական գործողությունների ժամանակ և հետո միջազգային մի շարք կոնվենցիաներով և հռչակագրերով որակվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը (1999 թ.) ավելի ընդլայնեց այդ շրջանակը: Առաջին արձանագրության 85-րդ հոդվածի 4-րդ կետն արգելում է «Ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգություն համարվող, իրավասու միջազգային կազմակերպության շրջանակներում հատուկ պաշտպանություն ստացած պատմական հուշար¬ձանների, արվեստի գործերի կամ երկրպագության վայրերի թիրախավորումը»: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը 1993 թվականին վավերացրել են Հաագայի կոնվենցիան:

Գրավյալ տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության սկզբունքներ են առաջարկում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք կոնվենցիաներ (1970 թ. «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի անօրինական փոխանցումն արգելող» կոնվենցիա, 1972 թ. «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին» կոնվենցիա, 2003 թ. «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ հռչակագիր» և այլն)։

Սակայն, ի հեճուկս դրանց, Ադրբեջանը շարունակում է Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման, աղվանականացման քաղաքականությունը և թույլ չի տալիս միջազգային կազմակերպություններին դիտարկում անցկացնել բռնազավթված տարածքներում:

Տաթևիկ Աղաջանյան

«Դրօշակ» թիվ 4, 2024թ.