Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի անկախ պետականության վերականգնումը հնարավորություն ընձեռեց ցեղասպանության ճանաչման, վերջինիս հետևանքների վերացման և, ավելի ընդգրկուն մասշտաբով, հայ դատի խնդիրները հետապնդելու պետական մակարդակով միջազգային հարթակներում: Անշուշտ, այս կենսական հարցերի նկատմամբ հասարակական պահանջը բացահայտ կամ ոչ հրապարակային կերպով գոյություն էր ունեցել անկախության հռչակմանը նախորդող տասնամյակների ընթացքում: Արցախը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի հետ վերամիավորելու 1988 թ. սկսված շարժման ճնշմամբ դեռևս Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը 1988 թ. նոյեմբերի 22-ին օրենք ընդունեց, որում մասնավորապես արձանագրված է. «Դատապարտելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն՝ ապրիլի 24-ը հայտարարել հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:
Նույն Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագրում ամրագրեց. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Հայաստանի ազգային ուժերը ժողովրդի, մշակութային ու մտավորական շրջանակների համախոհությամբ առաջ քաշեցին Սփյուռքում տասնամյակներով շարունակվող ցեղասպանության միջազգային ճանաչման համառ պայքարին պետականորեն միանալու գաղափարը̀ անժամանցելի ոճրի ճանաչման և դատապարտման պահանջը դնելով նաև Թուրքիայի առջև: Ցավոք, Հայաստանի առաջին իշխանության տեսակետը հակոտնյա էր այս դիրքորոշմանը, և նրա իշխանության գալուց հետո ականատես եղանք հարցի հետապնդման գործընթացը կասեցնելու, առհասարակ, այս թեմայի արծարծման դեմ հանդես գալու երևույթին: Ավելին, նրա իշխանության գալով կազմակերպվեց նաև պատմական անցյալի վերաքննությունն ու դատապարտումը: իշխանությունների հովանավորությամբ շրջանառության մեջ դրվեցին ցեղասպանության համար հայ ազգային կուսակցությունների հասցեին հնչող մեղադրանքներ այն բանի համար, որ վերջիններս կազմակերպել էին ազատագրական պայքար կամ կամավորական շարժում: Արցախյան դիմակայության ճակատագրական օրերին սկսված այս տեսական-քաղաքական գրոհը խորքում ուղղված էր նաև Արցախյան շարժման գաղափարական հիմքերի խարխլմանը, ինչը ավելի պարզորոշ պետք է դառնար քիչ ավելի ուշ, երբ հրապարակ էին նետվելու երկրի ղեկավարի քաղաքական հայեցակարգերը՝ ամեն գնով խաղաղության հասնելու, խաղաղության այլընտրանքը անխուսափելի պատերազմը համարելու վերաբերյալ:
Ընթերցողին հիշեցնելով այս իրողությունների մասին՝ մեր նպատակն է զուգահեռ տանել նորանկախ Հայաստանի առաջին իշխանության, նրանց մսուրում քաղաքականապես ձևավորված այսօրվա ղեկավարի և նույն մտածողությամբ սնուցված կառավարող թիմի միջև: Արցախը հանձնած, Հայաստանը քաղաքական պարտության ու տարածքային կորուստների տանող իշխանությունը 2024 թ. ապրիլի 24-ի նախօրյակին տարբեր հայտարարություններով կասկածի է ենթարկում Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված փաստը: Այս պետականակործան գործընթացի առաջնորդը ցեղասպանության իրավաքաղաքական գնահատականի փոխարեն՝ գործածում է «Մեծ եղեռն» քաղաքական գնահատական և իրավական հետևանք չպարունակող եզրը: Ըստ էության, Հայաստանի իշխանությունը որդեգրել է ցեղասպանության ժխտման թուրքական դիրքորոշումը և անդրադառնալով կառավարման տարիների նրանց ողջ գործունեությանը՝ ակնառու է դառնում, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, ո՛չ պատահականություն է և ո՛չ էլ քաղաքական գծի փոփոխություն, այլ նախապես ծրագրված կուրսի հետևողական շարունակում:
Եվ սա այն պայմաններում, երբ ադրբեջանաթուրքական տանդեմը հենց այս իշխանության օրոք իրականացրեց Արցախի ցեղասպանությունն ու օկուպացումը ու նույն այս օրերին բացահայտորեն վերացնում է Արցախի պատմական ու մշակութային դեմքը: Մենք տեսնում ենք, որ ցեղասպանության շարունակվող ոճրագործության մասին աշխարհով մեկ ձայն բարձրացնելու փոխարեն՝ այս իշխանությունը, ճնշում գործադրելով, պարտադրում է, որ Հայաստանում հաստատված Արցախի իշխանության մարմինները բողոքի ձայն չբարձրացնեն տեղի ունեցողի և, առհասարակ, իրենց տարածքային, քաղաքական իրավունքների վերաբերյալ: Հիշենք նաև, որ 2020 թվականին Թուրքիայի օժանդակությամբ իրականացված ցեղասպանական պատերազմից ընդամենը օրեր անց Հայաստանի իշխանավորներն, իրարից առաջ ընկնելով, խոսում էին Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու և առևտուր սկսելու մասին: Իսկ այս ծրագրերի գաղափարական հիմքը ի հայտ եկավ դեռևս 2019 թվականին, երբ օրակարգ իջեցվեց հայագիտական առարկաների կրճատման և կրթական չափորոշիչների փոփոխության նախաձեռնությունը: Ակնհայտ է, որ Արցախից մինչև Հայաստանի տարածքների հանձնում հայոց պատմագաղափարական հիմքերի խարխլումը հետապնդում է մի քանի հիմնական նպատակ: Նախ իրականացվում է Արևմուտքի ծրագիրը տարածաշրջանում ռուսական լծակների վերացման և վերջինիս Անդրկովկասից դուրս մղման ուղղությամբ: Հենց այս նպատակը մատուցելով Արևմուտքին որպես գերխնդիր՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեզոքացնում են հայության գործոնը տարածաշրջանում ̀ հարվածելով նրա ինքնության և պետականության հիմքերին: Իր հետապնդած նույն պատճառով Արևմուտքը ոչ միայն պահանջում ու պարտադրում էր հայկական երկու պետությունների պետական ներկայացուցիչներից դատարկելու Արցախը, այլև այսօր ԱՄՆ պետքարտուղարության, Եվրամիության մակարդակով ողջունում է Հայաստանի տարածքների հանձնումը Ադրբեջանին: «Խաղաղության խաչմերուկի» և հաշտության կեղծ կարգախոսների ներքո խրախուսվում է նաև ցեղասպանության պահանջից հրաժարման և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը փաստացի թուրք-ադրբեջանցիներին հանձնելու ծրագիրը:
Ըստ էության, իրականացվում է այն ծրագիրը, որի մասին անցած դարի 90-ականներին հայտարարեց Պոլ Գոբլը, և ամերիկյան ճնշմամբ փորձ էր արվում գլուխ բերել հայ-թուրքական հաշտության գործընթացի միջոցով: Վերջապես դեպի ուր ուղղորդում էր ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը 2019 թվականին Հայաստան այցելության ժամանակ, սույն թվականի ապրիլի 5-ին բրյուսելյան հանդիպման ժամանակ կրկնեց ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը՝ մասնավորապես ասելով, թե պետք է գնալ տարածաշրջանային ինտեգրման: Այլ խոսքով՝ Հայաստանը պետք է ինտեգրվի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Գուցե ոմանց համար Հայաստանի վերջնական կապիտուլյացիան և դավաճանների կողմից սիրահոժար հանձնումը ցեղասպան հարևաններին հենց ընկալվում է որպես «ինտեգրում»: Վերադառնալով ցեղասպանության հետապնդման հարցին՝ վերջին տարիների իրադարձությունների փաստական հիմքի վրա կատարենք երկու արձանագրում: Տասնամյակներ շարունակ հայ ազգային ուժերը, հատկապես Սփյուռքում, հայտարարում էին, որ ժամանակակից Թուրքիան գաղափարական և քաղաքական ժառանգորդն է իր ցեղասպան նախնիների: Որպեսզի Թուրքիան հրաժարվի Հայաստանի նկատմամբ իր զավթողական ծրագրերից և հայ ժողովրդի հանդեպ որդեգրած ցեղասպանական քաղաքականությունից, անհրաժեշտ է, որ այս երկիրը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դատապարտի այն: Այս ամենը կարող է ճանապարհ հարթել ցեղասպանական ռազմավարությունից հրաժարվելու արմատական գաղափարական վերափոխման համար, ինչը տեղի ունեցավ հետֆաշիստական Գերմանիայում: Դժբախտաբար, դավաճաններն ու տգետները այս պահանջը ներկայացրին որպես հայ ազգայնական ուժերի զգացմունքային, կարծրացած և ինքնանպատակ մոտեցում: Ադրբեջանն ու Թուրքիան 2020 թ. պատերազմում և դրան հետևած ժամանակահատվածում իրենց ծրագրերով և դրանց գործադրման եղանակներով փաստել ու փաստում են, որ մնում են ցեղասպան նախորդների հարազատ ժառանգները:
Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական դաստիարակների պես մտածում է, թե ադրբեջանաթուրքական տանդեմի բոլոր պահանջները կատարելու դեպքում Արևմուտքի հովանավորությամբ ինքը հնարավորություն կունենա հանգիստ վեր ընկնելու իր աթոռին և վայելելու երկարատև խաղաղությունը: Բայց նա նույն թյուրիմացության մեջ է, ինչի կամավոր պատանդներն էին իր գաղափարական հայրերը, ինչպես և անցած դարասկզբի մոլորյալները, որոնք աչք փակելով ակնառու փաստերի վրա՝ կարծում էին, թե հայ ժողովրդի ըմբոստացումն է բարկացնում թուրքերին և մղում նրանց ջարդերի: Այնինչ, հալածանքը, տեղահանությունը և դրանց հաջորդած ջարդերն ու ցեղասպանությունը սկսվել էին շատ ավելի վաղ և պայմանավորված չէին հայության գործողություններով, այլ հետևանք էին երկրի թուրքացման գործընթացը այլազգիների բնաջնջմամբ իրականացնելու՝ դեռևս 19-րդ դարում որդեգրված քաղաքականությամբ: Պատմական փաստերը ապացուցում են, որ երիտթուրքերին փոխարինած և ձևականորեն նրանց դատապարտած Մուստաֆա Քեմալը 1920 թվականին ձգտում էր իրականացնել նաև արևելահայության ոչնչացումը, և միայն աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունը անհնարին դարձրեց այդ ծրագրի իրականացումը: Ռազմավարական տարածքների հանձնմամբ, թուրքական սահմանի պահպանության գոտուց ռուսական զորքի դուրսբերմամբ Նիկոլ Փաշինյանը կստեղծի «ամենաբարենպաստ» պայմանները թուրքական դարավոր երազանքի իրականացման համար: Սեփական ժողովրդի և պատմության անառակ զավակները պետք է հիշեն, որ մեկ դար առաջ հայությունը փրկվեց այնտեղ, որտեղ հնարավոր եղավ պաշտպանություն կազմակերպել: Հիշեն, որ իրենց հանցագործ իշխանությանը նախորդող մոտ 25 տարի ձգված գլխավորաբար խաղաղ ժամանակահատվածը հնարավոր է եղել ապահովել ուժի ցուցադրմամբ, և իրենց կապիտուլյանտական իշխանությունից առաջ մենք չենք պարտվել նախորդող ոչ մի պատերազմում:
Այսպիսով ̀ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և կորուստների հատուցման խնդիրը հայ ժողովրդի խաղաղ և կայուն ապագայի ապահովման հիմնական երաշխիքն է: Ցեղասպանության ոճրագործության համար համազգային պայքարը պետք է ներառի նաև Արցախի ու արցախահայության իրավունքների համար պայքարը: Օտարի կամակատար իշխանության գոյությունը ներկա օրերում ստեղծել ու ստեղծում է հայ ժողովրդի արյունոտ ու անարյուն ցեղասպանության համար ամենանպաստավոր պայմաններ: