Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը: Վերջինս հանդիպումներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պաշտոնական այցով Հայաստան եկած Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այդպես էլ չայցելեց Ծիծեռնակաբերդ, որը մինչ այս պարտադիր էր գրեթե բոլոր պետական այցերի ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԳՆ՝ պարզելու՝ Ղազախստանի նախագահի այցի շրջանակներում ինչո՞ւ չի նախատեսվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այց եւ հարգանքի տուրքի մատուցում: Հետաքրքրվեցինք՝ հայկական կողմից Ղազախստանի նախագահին արդյոք նման առաջարկ արվե՞լ է, եւ գուցե նա՞ է մերժել:
ՀՀ ԱԳՆ-ից պատասխանեցին, թե Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ. «Պաշտոնական այցերի համար սահմանված արարողակարգային ընթացակարգերին համապատասխան՝ Ղազախստանի նախագահի այցի ընթացքում կայացել են հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ:
Պաշտոնական այցերի ծրագիրը կազմվում է փոխադարձ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով այցի ընդհանուր օրակարգը եւ քննարկվելիք հարցերի շրջանակը»:
Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
Հիմա, փաստորեն, «իրավիճակ է փոխվել», ու Ծիծեռնակաբերդ այցը այլեւս պարտադիր չէ:
Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների՝ Ցեղասպանությունը եւ դրա զոհերի թիվն ու ինքնությունը կասկածի տակ դնող հայտարարությունները, կարելի է ենթադրել, որ հենց նրանց նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլեւս արարողակարգային պայման չէ»: