կարևոր
3121 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-16 17:26
Քաղաքական

ՀՀ-ն պետք է հստակություն մտցնի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար

ՀՀ-ն պետք է հստակություն մտցնի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ անդամ երկրների վերլուծաբանները Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացման միտում են նշում։ Ակնհայտ է, որ նման ռիսկեր կան։ Առավել մեծ պատասխանատվությունը կրում է տարածաշրջանի երկրների քաղաքական ղեկավարությունը, առաջին հերթին՝ իրենց ժողովրդի առջեւ։ ՀԱՊԿ քարտուղարությունն իր հերթին միշտ պատրաստ է լուծել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրները՝ կազմակերպության նպատակներին, ստորագրված փաստաթղթերին և հայտարարված նախաձեռնություններին համապատասխան, ինչպես Քարտուղարությունը բազմիցս հայտարարել է։ Այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Տասմագամբետովը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կազմակերպությանը Երեւանի մասնակցության «սառեցման» մասին, և ավելացրել՝ այստեղ հարկ է նշել, որ «սառեցում» հասկացությունն արտացոլված չէ ՀԱՊԿ փաստաթղթերում, ուստի մենք այն չենք օգտագործի ստեղծված իրավիճակի հետ կապված։

«Հայաստանն իսկապես զգալիորեն կրճատել է իր գործունեության շրջանակը՝ որպես Կազմակերպության անդամ, սակայն, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով։ Նույն մակարդակով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ավելացրել, - այս հարցում հստակությունը ձեռնտու կլիներ մեր ասոցիացիայի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման համար։ 

Հարցին, թե ի՞նչ կկորցնի կազմակերպությունը, եթե Հայաստանը դուրս գա, Տասմագամբետովը պատասխանել է․

«Հարցն այն չէ, թե ով ինչ կկորցնի։ Խնդիրը բոլորովին այլ բան է։ Նման դաշինքին մասնակցելը արտոնություն է, որի շնորհիվ խելամիտ մոտեցմամբ մասնակիցը հնարավորություն է ստանում լիարժեքորեն ապահովել ազգային անվտանգությունը։ Հատկապես, եթե երկրի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մարտահրավերներն ու սպառնալիքները տեղական վերլուծաբանների կողմից հաճախ գնահատվում են որպես էքզիստենցիալ»։