Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Երևանն իսկապես վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային դաշտին համապատասխան»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ ընդունված և ընդունվող որոշումների մասին քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։
«Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց նշված հայտարարությունների առնչությամբ նշում եմ, որ Երևանից քարտուղարությունը կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի ստացել»,- ասել է Իմանգալի Տասմագամբետովը։
Նրա խոսքով՝ որոշ իրադարձություններ ու Հայաստանի ղեկավարության տրամադրությունները մտահոգություն են առաջացնում։
«Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական սթափություն կդրսևորի և կգնահատի կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարները»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և շեշտել, որ Հայաստանը մնում է որպես դաշնակից, բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։