կարևոր
10345 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-06 19:17
Քաղաքական

Ի՞նչ իրավիճակ է Վարդենիսում․ մանրամասներ՝ ղեկավար օղակից

Ի՞նչ իրավիճակ է Վարդենիսում․ մանրամասներ՝ ղեկավար օղակից

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

«Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Yerkir.am-ի հետ զրույցում Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ երեկ երեկոյան ու գիշերը տեղի ունեցած կրակոցներից հետո, համեմատաբար, հանգիստ է, խուճապ չկա։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերին սահմանների երկայնքով թշնամու ակտիվությունն ու ռազմական բնույթի սադրանքերը, մեր զրուցակիցն ասաց․

 - Պատճառը մեր քաղաքական իշխանության ոչ կոմպետենտությունն է։ Երբ ձախողում ենք քաղաքական դաշտում,  բնականաբար, մեր ձախողումներն արտացոլվում են արդեն ռազմական դաշտում։ Երբ չկա դիվանագիտություն, այդ դեպքում խոսում է ռազմագիտությունը, սա դրա վառ օրինակն է։ Մենք դիվանագիտական դաշտում բոլոր ասպարեզներում ձախողել ենք։

- Իսկ թշնամու ախորժակը զսպելու ելքը ո՞րն է։

- Ուժեղ Հայաստանը։ Այն Հայաստանը, որը պահանջատեր է, որը չի հրաժարվում Արցախից, այն Հայաստանը, որն իր սուվերենության համար կեղծ խաղաղության օրակարգ չի մտցնում, և, եթե ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի։ Այսօր մենք չենք տեսնում նման համարժեք քայլեր։

-Պարոն Շահնազարյան, իշխանությունն ակտիվ խոսում է, քարոզում է, ժողովրդին համոզում է Տավուշից գյուղեր հանձնելու մասին, մտավախություն չկա՞, որ հաջորդ փուլում կխոսեն Վարդենիսից, հետո՝ Սյունիքից, Գեղարքունիքից գյուղեր հանձնելու մասին։

- Որքան հասկանում ենք բանակցային սեղանին ոչ միայն  4+4-ն է, այսինքն՝ առաջին փուլում 4 գյուղ, հետո՝ ևս 4-ը, որից հետո Ադրբեջանի պահանջը լինելու է, ինչպես իրենք են ասում,  ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, և երբ Հայաստանում հայտնվեն 100 հազարավոր ադրբեջանցիներ, դրանց մի մասը, բնականաբար, հայտնվելու է Վարդենիսի տարածաշրջանում, էս դեպքում արդեն Հայաստանի ադրբեջանացում է տեղի ունենալու, Հայաստանի թրքացում է տեղի ունենալու։

Թե, ինչ իրավիճակ է այս պահին Սոթքում, նաև զրուցեցինք Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանի հետ։ Մեր հետ զրույցում ասաց, որ գյուղացիներն առօրյա հոգսերով ու գարնանացան աշխատանքներով են զբաղված։ Հարցին, թե՝ կրակոցները չե՞ն կաշկանդում բնակիչներին, Սևակ Խաչատրյանը նշեց։

«Բնականաբար մարդկանց տրամադրության վրա ազդում է և կապ չունի այդ կրակոցը Սոթքում է, Տավուշում, թե՝ Սյունիքում, թեև , վատ է ասելը, բայց ասես վարժվել ենք նման իրավիճակում ապրելուն։ Մինչև 44-օրյա պատերազմը, որ ասում էին՝ Տավուշում կրակում են, զարմանում էի, թե մարդիկ ո՞նց են ապրում կրակոցների տակ, հիմա ասես հասկանում եմ, թե ոնց են ապրել»։

Ըստ մեր զրուցակցի՝  Սոթք համայնքը ղեկավարի ուշադրության կենտրունում է, և համագործակցությունը ՊՆ-ի հետ կա։

Հերմինե Զեյնալյան