կարևոր
14815 դիտում, 2 ամիս առաջ - 2024-04-04 20:47
Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանն ընդունեց կանանց քվոտաների վերացման մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանն ընդունեց կանանց քվոտաների վերացման մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները։ Կանանց քվոտաների վերացմանն աջակցել է 85 պատգամավոր, դեմ են եղել 22-ը։

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ սա ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության օրենսդրական նախաձեռնությունն էր, որը մեկ շաբաթում արագացված կարգով ընդունեց խորհրդարանը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ջանքերով։

Փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ օրինագիծը ստորագրի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Եթե նա օգտվի Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքից և վետո դնի օրինագծի վրա, փաստաթուղթը կվերադարձվի խորհրդարանի քննարկմանը: Իշխող կուսակցությունը բավարար ձայներ ունի Վրաստանի նախագահի վետոն հաղթահարելու համար։

Նշվում է, որ 2020 թվականին Վրաստանի խորհրդարանն ընդունեց քվոտավորման մեխանիզմը՝ որպես քաղաքականության մեջ արագ և արդյունավետ կերպով կանանց ներգրավման միջոց։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում քվոտավորման մասին օրենսգիրքը փոփոխվեց, համամասնական ցուցակում ամեն երկրորդ հակառակ սեռի ներկայացուցիչ ընդգրկելու մեխանիզմը փոխարինվեց ամեն երրորդի, այսինքն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակի ամեն 3-րդ թեկնածու պիտի լիներ հակառակ սեռի ներկայացուցիչ, այս դեպքում՝ կին։

2021 թվականին նաև առաջ քաշվեց փակ մեխանիզմ, ինչը նշանակում է, որ կին թեկնածուն չէր կարող փոխարինվել տղամարդ թեկնածուով: Այն ուժը, որը հրաժարվում էր կին թեկնածուի տրամադրել իր մանդատը, զրկվում էր մանդատից:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։