Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ՔՕ 301 հոդվածի գործով Հալուք Քալաֆաթի հետ դատվող լրագրող Էլիֆ Աքգյուլն ի պաշտպանություն իրեն նշել է՝ «Դատախազը ևս չի կարողանում ցույց տալ, թե որ հայտարարությունս է հանցագործություն»։
Հիքմեթ Ադալ
Լրագրողներ Հալուք Քալաֆաթը և Էլիֆ Աքգյուլը դատարանի առջև են կանգնել «Թուրք ազգին հրապարակայնորեն վիրավորելու» (Թուրքիայի ՔՕ 301/1 հոդված) մեղադրանքով՝ Bianet կայքում 2015, 2018 և 2019 թթ․ հրապարակված վեց լուրերի համար։
Ստամբուլի Չաղլայանի առաջին ատյանի դատարանում լրագրողներն իրենց փաստաբան Էմինե Օզհասարի հետ մասնակցել են երրորդ նիստին։
Նիստում լրագրողներն իրենց պաշտպանել են դատախազի կարծիքի դեմ, որը հիմք ընդունելով նա պատիժ էր պահանջում։
Էլիֆ Աքգյուլը ելույթն սկսել է՝ ասելով․ «Ես այսօր դատարանի առջև եմ կանգնած մի գրքի մասին հոդված գրելու համար»։ Այնուհետև նա քննադատել է դատախազի կարծիքը։
«Մեղադրական եզրակացության մեջ չի նշվել, թե որ հայտարարություններում և ում հասցեին են վիրավորանքներ հնչել։ Կարծիքի մեջ էլ գրված չէ։ Փաստորեն, մեղադրող կողմն ըստ էության կրկնում է նույն մեղադրական եզրակացությունը։
Այստեղ հասկանում եմ, որ նույնիսկ ինքը՝ դատախազը, ձեռնպահ է մնում ասելուց, թե որ հայտարարությունս է վիրավորական․ կա՛մ այդ հայտարարությունը հանցագործություն չի պարունակում, կա՛մ դատախազն անկեղծորեն չի արտահայտում իր իրական կարծիքը։
Մեր պաշտպանական խոսքը պատրաստեցինք այն ենթադրությամբ, թե դատախազը կարող էր վիրավորանք համարել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, բայց գուցե դատախազը շաղկապների հետ խնդիր ուներ։ Միգուցե նա հանցանք է համարել «և» շաղկապի օգտագործելս։ Չգիտենք։
Սակայն վերջում ասեմ, որ շաղկապներ օգտագործելը հանցագործություն չէ, թարգմանելը հանցագործություն չէ և Հայոց ցեղասպանություն ասելը հանցագործություն չէ»:
Այնուհետև Հալուք Քալաֆաթը, ելույթ ունենալով, ասաց, որ ոչինչ չունի ավելացնելու առաջին նիստում ներկայացված իր պաշտպանությանը և պահանջեց արդարացնել իրեն։
Ապա ելույթ ունեցավ նրանց փաստաբան Էմինե Օզհասարը, ով ասաց․ «Մամուլի մասին օրենքը շատ հստակ է․ եթե հայց պետք է ներկայացվեր, ապա այն պետք է տրվեր հոդվածը գրելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Ժամկետը սպառվել է: Այս դատական գործն ի սկզբանե չպետք է հարուցվեր»։
Օզհասարը օրինակներ բերեց Գերագույն դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներից, ըստ որոնց «Հայոց ցեղասպանություն» ասելը հանցագործություն չէ։
Դատարանը դատական նիստը հետաձգեց մայիսի 9-ին ժամը 16:00-ին՝ գործին ներկայացված օրինակներն ուսումնասիրելու համար։
Լսումներին ներկայացուցիչներ էին մասնակցում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունից, «Թուրքիայի լրագրողների միությունից», Ամստերդամի իրավաբանական կլինիկաներից, MLSA-ից և P24-ից:
https://bianet.org/haber/elif-akgul-baglac-kullanmak-suc-olmadigi-gibi-ermeni-soykirimi-demek-de-suc-degildir-292136
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net