կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-18 03:20
Հասարակություն

Վարորդները` ճանապարհային ոստիկանության թիրախ

Վարորդները` ճանապարհային ոստիկանության թիրախ

Վարորդները դարձել են ճանապարհային ոստիկանության թիրախ. նրանք ստիպված են ոչ միայն ԱՊՊԱ պայմանագրեր գնել, այլեւ գումարներ ծախսել վարորդական իրավունքների վկայականները փոխելու համար։

 

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

 

«Չի կարելի վարորդների վրա այդքան պարտավորություններ դնել: Ճանապարհային ոստիկանությունն ուշ է գալիս դեպքի վայր եւ երբ ապահովագրական ընկերությունները և վարորդները վթարի հետ կապված համաձայնության են գալիս, ապա ճանապարհային ոստիկանը պահանջում է գումարներ, սակայն չգիտես` ինչու: Օրենքն ասում է, որ եթե կողմերը գալիս են փոխհամաձայնության, ապա վարորդները լրացնելով ոստիկանության պետի կողմից հաստատված ձևաթուղթը, իրենց մոտ այդ գործը պետք է կարճվի»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ վթարից հետո, երբ վարորդը պահպանման հատուկ տարածքներից դուրս է բերում մեքենան, այդ ժամանակ ևս նրանից ճանապարհային ոստիկանության կողմից պահանջվում է 20.000 դրամ, ինչը պաշտոնական դիրքի չարաշահում է:

 

Վարորդների իրավունքների պաշտպանը դժգոհեց նաեւ հանգամանքից, որ ոստիկանությունը մեքենան հաշվառումից չի հանում մինչեւ չներկայանա սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը։ Սակայն, ըստ Հովհաննիսյանի, հանրապետությունում 30-50 հազ. մեքենա փաստացի օգտագործվում է դրանց տերերի բացակայության պայմաններում (նրանք հանրապետությունից դուրս են), իսկ օրենքը չի արգելում մեքենան հաշվառումից հանել` դրանք փաստացի օգտագործողների ցանկությամբ։

 

Էդուարդ Հովհաննիսյանը նշել է, թե ապահովագրական ընկերությունների կողմից ներկայացված թվերից կարելի է փաստել, որ արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է 5-6 անգամ, ինչի մասին իրենք դեռ վաղուց էին հայտարարել: