Փոխարժեքներ
28 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 441.92 |
RUB | ⚊ | ₽ 4.7305 |
GBP | ⚊ | £ 519.38 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու ընթացակարգը։
Լրացուցիչ ֆինանսավորման նպատակն է խրախուսել կատարողականի բարձր արդյունք ցուցաբերած հաստատությունների զարգացումն և կատարելագործումը, իսկ կատարողականի ցածր արդյունք ցուցաբերած հաստատություններին աջակցել՝ առաջընթաց ապահովելու հարցում: Յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվում են բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսման արժանացած, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող և վերջիններիս աջակցող մենթոր հաստատությունների ցանկերը:
Հաստատության բարձր կատարողականի արդյունքը որոշվում է գնահատման սահմանված չափանիշներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած մրցույթի արդյունքում, ցածր կատարողականի արդյունքը՝ հաստատության գործունեության ցածր կատարողականի արդյունավետության գնահատման չափանիշներով։
Կձևավորվի մրցութային հանձնաժողով
Ներկայացված ծրագրերն ուսումնասիրվում և գնահատում է մրցութային հանձնաժողովը, որի նախագահը հանրակրթության ոլորտը համակարգող նախարարի տեղակալն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև ներկայացուցիչներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից (ԿՏԱԿ), Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնից (ԿԶՆԱԿ), Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից ( ՀՄԿ), Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ), նախարարության հանրակրթության և ֆինանսաբյուջետային վարչություններից, ինչպես նաև կրթության ոլորտի 2 փորձագետ: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
Բարձր կատարողականի արդյունք ցուցաբերած հաստատություններին որոշելու նպատակով յուրաքանչյուր տարի նախարարության կայքում տեղադրվում է մրցույթի հայտարարություն:
Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատություններին ներկայացվող պահանջներ
Հաստատությունները կարող են մասնակցել մրցույթին՝ ներկայացնելով հաստատության զարգացմանն ուղղված նորարարական ծրագիր, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված ծախսերի նախահաշիվը՝ 1 տարվա համար:
Մրցույթին դիմելու համար հաստատությունը պետք է բավարարի մի շարք նվազագույն պահանջների.
Հաստատությունների բարձր կատարողականի արդյունքը որոշվում է մրցույթին ներկայացված բոլոր հաստատությունների նորարարական ծրագրերի արդյունքների վերլուծության հիման վրա:
Բարձր կատարողականի արդյունք ունեցող յուրաքանչյուր հաստատության համար ներկայացված զարգացման և նորարարական ծրագրի կատարման նպատակով նախատեսվող ֆինանսական խրախուսումը կազմում է ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը, որը տրվում է հաջորդող տարվա հունվարին:
Յուրաքանչյուր տարի ցանկում ընդգրկվող բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում ընդգրկված դպրոցը հաջորդող 3 տարվա ընթացքում չի կարող դիմել մրցույթին:
Ցածր կատարողականի արդյունք ունեցող դպրոցները որոշելու հիմնական բաղադրիչները
Յուրաքանչյուր տարի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ) իրականացվում է հանրակրթական բոլոր պետական ուսումնական հաստատությունների գնահատում՝ 3 փուլով։ Հաստատության կատարողականի արդյունքները գնահատելիս հաշվի են առնվում մի քանի կարևոր բաղադրիչներ՝ դպրոցի կառավարման, ուսումնական և մասնագիտական միջավայրը, մանկավարժական համակազմի մասնագիտական կարողությունները, սովորողների ակադեմիական առաջընթացն ու կրթության որակը, խորհրդակցական մարմինների ներգրավվածությունը:
Առաջին փուլում գնահատումը կատարվում է ԴԿՏ համակարգում առկա տվյալների հիման վրա ձևավորված ինքնաշխատ հաշվետվությամբ:
Ընտրված հաստատություններում հաջորդաբար՝ երկրորդ փուլում, անցկացվում է ԳԹԿ-ի կողմից արտաքին գնահատում՝ սովորողների առաջադիմության կամ գիտելիքների ստուգման եղանակով: Երրորդ փուլում ըստ արտաքին գնահատման արդյունքների և ցածր կատարողականի արդյունք ունեցող դպրոցների գնահատման սանդղակի՝ հանձնաժողովի կողմից ընտրվում են առավելագույնը 30 հաստատություններ, որոնց կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում՝ որպես աջակցություն:
Մենթոր դպրոցի օգնությամբ մշակվող բարելավման ծրագրի ֆինանսական գնահատականի համաձայն՝ ցածր կատարողականով հաստատությանը տրվում է ֆինանսավորում՝ վերջինիս տարեկան բյուջեի 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 5 մլն դրամը՝ յուրաքանչյուր տարվա համար:
Ընդունվելու դեպքում կարգը կգործի 2026 թվականի հունվարից:
Հաստատության նորարարական կամ բարելավման ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից՝ պարբերական մշտադիտարկումների գնահատումների միջոցով:
Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/8579, կշարունակվի մինչև 2025 թվականի մայիսի 7-ը: