կարևոր
2284 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-05 12:47
Հասարակություն

Փրկագնով զինվորական ծառայությունից ազատվելու մասին քննարկում օսմանյան մեջլիսում

Փրկագնով զինվորական ծառայությունից ազատվելու մասին քննարկում օսմանյան մեջլիսում

Քադիր Աքըն

Էրզրումից հարյուր հազար քվեով մեջլիս անցած Վարդգես Սերենգուլյանը պահանջելով, որ բոլորը զինվորական ծառայություն անցնեն՝ առանց դասակարգային տարբերությունների, շեշտում էր, որ միայն աղքատ ու չքավոր ընտանիքների զավակներին բանակ զորակոչելը անիրավ և անարդար է։

Տարիներ առաջ ոչ մուսուլմանների նկատմամբ կիրառվող զինվորական ծառայության մասին օրենքի վերաբերյալ Վեհբի Քոչի խոսքերը կրկին տարածվեցին սոցիալական ցանցերում այն ​​բանից հետո, երբ երեք շաբաթվա ընթացքում անդրսահմանային գործողություններում զոհված զինվորների թիվը հասավ 21-ի, և այդ զինվորների մեծ մասի աղքատ ընտանիքներից լինելու փաստը այդ հարցը շատ արագ դարձրեց արդիական մի քանի առումներով: Ի՞նչ է ասել Վեհբի Քոչն այդ հայտարարության մեջ։

«Թուրքերը բանակ էին գնում՝ մեռնելու ու հիվանդանալու։ Կաթոլիկները, հայերը և հրեաները փրկագին էին վճարում և չէին ծառայում: Նրանք մեծ գումարներ էին վաստակում և ապրում էին ամենալավ մասերում։ Մենք նրանց էինք նայում՝ երանի տալով»։

Այս խոսքերը ուշադրություն են հրավիրում այն ​​փաստի վրա, որ մեծահարուստների երեխաները չեն զորակոչվել և օգտվել են վճարովի զինվորական ծառայության օրենքից, և որ զոհված զինվորները աղքատ ընտանիքների երեխաներ են եղել. սա օգտակար փաստարկ էր նրանց համար, ովքեր անտեղյակ էին այդ օրերի պրակտիկայից: Արդյո՞ք ոչ մուսուլմանները իսկապես չէին զորակոչվում բանակ, քանի որ հարուստ էին, թե՞ չէին ընդունվում բանակ: Արդյո՞ք այդ «կաթոլիկները, հայերը և հրեաները» միշտ հարուստներ էին, իսկ թուրքերը (իրականում մահմեդականները) միշտ աղքատներ: 1901 թ․ ծնված Վեհբի Քոչը իր լսա՞ծն էր պատմում, թե՞ իր իսկ տեսածները։

Տարիներ շարունակ անգիր արված տեքստերն անմիջապես գործի մեջ մտան նրանց համար, ովքեր տեղյակ չէին 1911 թ․ օսմանյան մեջլիսում այս հարցի շուրջ անցկացված քննարկումներից և չգիտեին, թե ով ինչ տեսակետ էր պաշտպանում, և այս խոսքերն, իհարկե, բավական էին շովինիզմի և ռասիզմի սաստկացման համար…

«Սոցիալիստ պատգամավորների» խումբը

1908-ի հեղափոխությունից հետո սահմանադրական միապետության հռչակմամբ և սահմանադրության վերահաստատմամբ մեջլիսը վերաբացվեց, և երկփուլ ընտրություններով ձևավորված խորհրդարանն սկսեց իր աշխատանքը։ Խորհրդարանում կային 147 թուրք, 60 արաբ, 27 ալբանացի, 26 հույն, 14 հայ, 10 սլավոն և 4 հրեա, ընդհանուր՝ 288 անդամ։ Քանի որ բոլոր մահմեդական պատգամավորները պատմագրության մեջ համարվում էին թուրք, Քուրդիստանի նահանգներից եկածները հատուկ նշված չէին։ Մեջլիսում այս դրությունը ցույց էր տալիս ինչպես Աբդուլ Համիդի, այնպես էլ իթթիհադականների՝ քրդերին «յուրայիններից մեկը» համարելու քաղաքականության հաջողությունը։

Վերաբացված մեջլիսում երկու հոգի Միություն և առաջադիմություն կոմիտեի ցուցակից՝ ի դեմս Հ․ Յ․ Դաշնակցության, և մեկական անձ՝ Սալոնիկի սոցիալիստական ​​աշխատավորական դաշինքնից և Սոցիալ-դեմոկրատական ​​Հնչակյան կուսակցությունից, սկսեցին դե ֆակտո խորհրդարանում գործել որպես «բանվորների իրավունքների պաշտպանության խումբ» կամ «սոցիալիստ պատգամավորներ» խումբ։ Այս չորս պատգամավորները օրենսդրական առաջարկներ և սոցիալիզմի քարոզչություն արեցին. շատ օգտակար է հետադարձ հայացք գցել նրանց ելույթներին՝ Օսմանյան կայսրությունում զինվորական ծառայության օրենքի փոփոխության և քննարկման նիստերում։ Մասնավորապես ձախ-սոցիալիստական ​​շարժումը ևս մեկ անգամ տեսնում է քաղաքական պատմության իրազեկվածության պակասը և դրան առերեսվելու օգտակարությունը։

Այս չորս սոցիալիստ պատգամավորները շարունակեցին քննարկել կրթությունը, արդարադատությունը, կանանց իրավունքները, հարկային անարդարությունը, արհմիությունները և միավորումների ազատությունը, ինչպես նաև զինվորականների հավաքագրումը և բանակում ոչ մուսուլմանների դիրքերը:

ՀՅԴ-ն լայն քննարկում կազմակերպեց

1895 թ․ ժանդարմերիայի գնդերում սկսեցին հավաքագրվել ոչ մուսուլմաններ, սակայն այդ հավաքագրումները հաջողությամբ չպսակվեցին նրանց համար ծանր պայմանների և, որպես հետևանք, նրանց դժգոհության պատճառով: 1909 թ․ «Զորակոչման» օրինագծով խորհրդարանին ներկայացված օրինագիծը որոշակի բանակցությունների ու քննարկումների արդյունքում ընդունվել է 1909 թ․ հուլիսին։ Հայ պատգամավորները կողմ էին քրիստոնյաների զորակոչի մասին օրենքի շուտափույթ ընդունմանը։ Քանզի նրանք հավատում էին 1908 թ․ օսմանյան ծրագրին և կարծում էին, որ այդ անհավասարությունը պետք է վերացվի։ Իշխող իթթիհադականներն անտեսում էին այս հարցը, քանի որ կողմ էին, որ քրիստոնյաները շարունակեն փրկագնով ազատվել զինվորական ծառայությունից, քանի որ տեսնում էին, որ դրանով զգալի ներդրում ունեն պետական ​​բյուջեում։

Փաստորեն, այս իրավիճակը, որը ձեռնտու էր հարուստ քրիստոնյաներին, խանգարում էր աղքատ քրիստոնյա ժողովրդի ու գյուղացիների բարգավաճմանը։ Նրանք, ովքեր ի վիճակի չէին պարտքով վերցնելու գումարը, փախուստի դիմեցին։ Այս հարցի շուրջ ՀՅԴ-ը Բեյօղլուում անցկացրած հանրային հանդիպմանը լայն քննարկում է կազմակերպել զինվորականների հավաքագրման ձևի, եղանակի և ժամկետների վերաբերյալ։ Սակայն այս հարցում ՍԴՀԿ ներկայացուցիչ, Ադանայի պատգամավոր Համբարձում Բոյաջյանը որոշ ընթացակարգեր ու մեթոդներ էր առաջարկում։ Քանզի իր երկար բանտային կյանքից և աքսորի տարիներից գիտեր օսմանյան բանակի կառուցվածքը։ Համբարձում Բոյաջյանը առաջարկեց «աշխարհազորը» և օրինակ բերեց Շվեյցարիան։ Անկասկած, այս հարցը թուրք պատգամավորների համար ամենազգայուն հարցերից էր։ Նրանց համար անհասկանալի էր աշխարհազորը՝ կանոնավոր բանակի փոխարեն։ Այս առաջարկի դեմ խիստ առարկությանը Բոյաջյանը հետևյալն է հակադարձում.

«Այս վիճակում չեմ պնդում, թե կարող ենք սովորեցնել վեց, յոթ շաբաթում կամ երեք ամսում: Ո՛չ, ես այլ տեսանկյունից եմ պնդում, որ երեք ամսվա փոխարեն պետք է լինի վեց ամիս։ Այսօր ընդունեցինք, որ ուսուցիչները պետք է ազատվեն (զինծառայությունից), և նրանցից մեկն էլ ես եմ, սայց եթե այսօր բավականաչափ ուսուցիչներ ունենայինք, ես կպնդեի, որ ուսուցիչներն ևս պետք է զինվոր դառնան։ Ես ուրիշ նկատառում ունեմ։ Այն է՝ եթե խելացի, հասուն, բանիմաց, բարեկիրթ, պարտաճանաչ, ազգային մոլեռանդությունից ու կրոնից զերծ ուսուցիչները շփվեին մեր բանակի անդամների հետ և միանային բանակին՝ դա մեծ բարոյական օգուտ կլիներ․ դրանում կասկած չկա։ Եթե ​​այդպես լիներ, մենք կազատվեինք մարտի 31-ի դեպքի նման իրադարձություններից։ Դրա համար էլ ցանկանում եմ, որ կիրթ մարդիկ ամեն գնով շփվեն մեր զինվորների հետ, որովհետև, ինչպես ասացի, այն ունի բարոյական օգուտներ։ Եթե ​​մտածենք հավասարության տեսանկյունից, ապա չենք կասկածում, որ եթե զինվորական ծառայության մեջ ընդունեինք աշխարհազորի մեթոդը, այսօր ազգի բոլոր անդամները կսովորեին զինվորական պարտականությունը։

«Աղքատները միշտ կմեռնեն, հարուստները միշտ կշահեն»

Էրզրումից հարյուր հազար քվեով մեջլիս անցած Վարդգես Սերենգուլյանը պահանջելով, որ բոլորը զինվորական ծառայություն անցնեն՝ առանց դասակարգային տարբերությունների, շեշտում էր, որ միայն աղքատ ու չքավոր ընտանիքների զավակներին բանակ զորակոչելը անիրավ և անարդար է։ Նա ելույթում պահանջում էր, որ փրկագնով ծառայությունից խուսափածներից ավելի մեծ գումար գանձվի։ Ինչպես միշտ, այս անգամ ևս նա խոսքը շարունակեց իր սոցիալիստ անձի դեմ ուղղված բողոքի ձայներն անտեսելով․

«Ուստի, եթե իմ մտքերը հակասում են քրիստոնեությանը կամ մեր քաղաքացիական իրավունքին՝ մերժեք դրանք։ Իմ ճշմարիտ խոսքերի մերժումը, այն պատճառաբանությամբ, թե ես սոցիալիստ եմ, հաջողություն չի բերի: Եվ կարծում եմ, որ դա ձեռնտու չէ ազգին։ Դուք էլ հասկացաք, որ պետք է մի քիչ սոցիալիզմի հակվել։ Հիմա մենք, անշուշտ, իրավունք ունենք մեծ օգուտ քաղել հարուստներից… Նկատի ունեմ, որ աղքատները միշտ կմեռնեն ու կկորչեն, իսկ հարուստները միշտ կշահեն: Չեք կարող դա հերքել: 50 լիրայով էլ են ազատվում»։

ՆԱԽԱԳԱՀ – Մեծահարուստների տղաները բանակ չե՞ն գնում:

ՕՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԳԵՍ (շարունակելով) – 50 լիրա են տալիս ու ազատվում։ Այդ հարստության շնորհիվ իրենց երեխաներին պատերազմի չեն ուղարկում։ Նրանք նույնիսկ զրկված են մարտում նահատակվելուց։ Քանի որ նման բանը մեծ հպարտությունն է։ Քանի որ հարուստների պարտքն է օգնել աղքատներին, ես ասում եմ, որ անհրաժեշտ է բալանսավորում։ Ինչպես ասաց նորին գերազանցություն Ջավիդ բեյը, տարեկան մինչև 2000 եկամուտ ունեցողները պետք է վճարեն 12 տոկոս։ Մինչեւ 5000-ը պետք է 15% տան։ Մինչև 10000 թող տան 20%։ Ի՞նչ վնաս կա, եթե 1 միլիոն եկամուտ ունեցող մարդը տարեկան 100 հազար լիրա է վճարում։ Պարոնա՜յք, լա՛վ իմացեք, եթե մեր զինվորական կացարաններում տգետը, գիտունը, աղքատն ու հարուստը միասին չնստեն, երբեք հաջողություն չի լինի։ Պետք է, որ գիտնականի, հարուստի ու աղքատի երեխաները նստեն իրար կողքի։ Այդ ժամանակ նրանք կհասկանան, որ բոլորը հավասար են, որ բոլորը նույն երկրի զավակներ են, նույն ընտանիքի անդամներ։ Այլապես, երբ ես իմ երեխային ուղարկեմ պատերազմ և ստանամ նրա մահվան լուրը, բայց տեսնեմ, որ իմ աչքի առաջ քայլում է գիտնականի կամ մեծահարուստի երեխա, իմ գլխում ավելի շուտ ատելության և թշնամանքի մտքեր կառաջանան, քան հավասարության զգացում։ Եւ եղբայրություն։ Սա այնպիսի ճշմարտություն է, որը հրապարակայնորեն չասելու համար պետք է տրամաբանություն չունենալ։ Մուստաֆա Արիֆ բեյն ասում է՝ եթե հարուստ երեխաները ազատվում են այդ պարտականությունից՝ վճարելով և երեք ամիս զինվորական ծառայություն կատարելով, ինչո՞ւ չպետք է գիտնականները նույնպես եռամսյա ծառայությամբ ազատվեն։ Նա միանգամայն իրավացի է։ Սա լրջորեն անարդար վերաբերմունք է։ Բայց այս անարդարության համար հերթական անարդարությունն անելը ճիշտ չէ։ Ես դեմ եմ դրան։

Նույն նիստում Բոյաջյանը առարկելու էր «Համիդիե գնդերի» անվանումը «Թեթև հեծելազորային գնդերի» փոխվելով դրանք պահպանելու դեմ։

Անկասկած հայ սոցիալիստ պատգամավորները պետք է որ շատ դժվարությունների հանդիպեին այս օրենքի քննարկման ժամանակ։ Մինչ մի կողմից նրանք փորձում էին պաշտպանել արդար ռազմական համակարգ՝ այդ օրվա պայմաններում, մյուս կողմից նրանք կարողացան կանխատեսել այն դժվարությունները, որոնց բախվելու էին ոչ մուսուլմանները, քանի որ ծանոթ էին օսմանյան զինծառայությանը: Սակայն պատմությունը ցույց էր տալու, որ նրանք չէին կանխատեսում, որ 1909-ին ոչ մուսուլմանների հավաքագրման գործընթացը 1915-ին կհանգեցնի տասնյակ հազարավոր հայ երիտասարդների համակարգված և զանգվածային սպանություններին «բանվորական գումարտակներում», որտեղ նրանք թիկունքում աշխատում էին ճանապարհաշինության և սպասարկման ոլորտում:

1915 թ․, երբ Անատոլիայից (Արևմտյան Հայաստանից-Ակունքի խմբ) անպաշտպան շարասյունները շարժվում էին դեպի Դեյր էզ Զոր, նրանց մեծ մասը բաղկացած էր տարեցներից, կանանցից և երեխաներից։ Իրենց արմատներից պոկած մահվան այս ճամփորդությունից հետո, երբ նրանց ունեցվածքը ոչնչացվել էր, ասել թե՝ «…Զինծառայության չեն գնում։ Մեծ գումարներ էին վաստակում և ապրում էին ամենագեղեցիկ վայրերում։ Երանի տալով էինք նայում նրանց» չնայած շատ կոպիտ է հնչում, դրան հավատալն էլ մեծ անտեղյակություն է։

https://bianet.org/yazi/osmanli-meclisi-nde-bedelli-askerlik-tartismasi-290610

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net