կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 14:15
Իրավական

Քննարկվել են զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ քրգործերի հեռանկարները

Քննարկվել են զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ քրգործերի հեռանկարները

ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն' կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափող անձանց վերաբերյալ քննության տարբեր փուլերում գտնվող քրեական գործերի հեռանկարները քննարկելու նպատակով: 

 

 

 Նշենք, որ hունիսի 8-ից ուժի մեջ են մտել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում և  «ՀՀ քրեական օրենսգրքում» Ազգային ժողովի կողմից ընդունած լրացումները, որոնք վերաբերում են  կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափողներին: ՀՀ ԱԺ-ի կողմից 02.05.2013 թվականին «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված նախադեպային իրավական դիրքորոշումներին:  Ըստ այդմ' կկարճվեն դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և  և կդադարեցվի քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ' «Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը», 327.1-րդ' «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից  ծառայության վայրն ինքնակամ թողնելը», 327.2-րդ' «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը», 327.3-րդ' «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային  ծառայությունից խուսափելը», և 327.4-րդ' «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը», հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար' կրոնական համոզմունքների պատճառով, եթե այդ անձինք մինչև 2013թ. օգոստոսի 1-ը դիմում կներկայացնեն' այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ և կներգրավվեն այդ ծառայության մեջ: Տեղեկացնենք, որ 30 քրեական գործ գտնվում է մինչդատական վարույթում, 11-ը' դատական քննության փուլում, իսկ ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար մեղավոր ճանաչված 33 դատապարտյալներ պատիժ են կրում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում:  Հաշվի առնելով այդ հանգամանքը և նշված օրենքի' Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1518(2001) հանձնարարականի պահանջներից բխելը' ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է պարզել կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ այլընտրանքային ծառայությունից խուսափած մեղադրյալների կամ ամբաստանյալների դիրքորոշումը, պարզաբանել օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգով մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը համապատասխան դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը, որից հետո լուծել քրեական գործերի հետագա ընթացքը: