կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-22 13:13
Առանց Կատեգորիա

ԱՄՆ-ում ծնված հայ երեխան ազատվո՞ւմ է զինվորական ծառայությունից. թյուր կարծիքի պարզաբանում

ԱՄՆ-ում ծնված հայ երեխան ազատվո՞ւմ է զինվորական ծառայությունից. թյուր կարծիքի պարզաբանում

Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նուրբ թեմա է, սակայն չեմ կարող չանդրադառնալ, քանի որ այն անհարկի ու թյուրիմացաբար լայն շրջանակներ է ընդգրկում, ներառելով նաև իմ մտերիմներին: Ընդ որում, կարծում եմ, հենց պատկան կառույցները պետք է անդրադառնային: Այո, ԹՅՈՒՐ կարծիք է ձևավորվել այն մասին, որ իբր ԱՄՆ-ում ծնված հայ երեխան հենց միայն այդ հիմքով ազատվում է զինծառայությունից: Այս թյուրիմացության հիմքում այն իրողությունն է, որ ԱՄՆ-ում ծնված երեխան, հողի սկզբունքով ձեռք է բերում ԱՄՆ-ի քաղաքացիություն, սակայն մեր հայրենակիցները անտեսում են մի շարք տարրական իրավական հարցադրումներ:

Նախ, նույն այդ երեխան, միաժամանակ օրենքի ուժով (արյան սկզբունքով) ձեռք է բերում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ անկախ ծնվելու վայրից և ծնողների համաձայնությունից, ինչը, իմ խորին համոզմամբ, խիստ խելամիտ իրավական լուծում է: Այսպիսով, երեխան ձեռք է բերում երկքաղաքացու կարգավիճակ, իսկ հայրենական օրենսդրությամբ երկքաղաքացին մեր պետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ: Ավարտեմ միտքս. այլ պետության քաղաքացիություն ընդունելը հայրենական օրենսդրությամբ հիմք չէ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար:

Վերջաապես, ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջև բացակայում է որևէ համաձայնագիր, որով նախապատվությունը կտրվեր այլ իրավական լուծումների: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ուշադիր կարդացեք հետևյալ հոդվածները. Սահմանադրության 47-րդ հոդված. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»: ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված. «Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»: Նույն օրենքի 13.1. հոդված. «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1. հոդված. «Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ»: Ինչևէ, անվերապահորեն առողջություն եմ մաղթում մայրերին ու փոքրիկներին, միաժամանակ, ակնկալում եմ ավելի խելամիտ որոշումներ ու ձերբազատում՝ անհարկի ծախսերից: Իմ կարծիքով, հայրենական բժշկությունն այս ոլորտում չի զիջում, իսկ ձախողումներ լինում են ամենուրեք ...»: