Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2022 թվականին ԵԱՏՄ-ն դարձել է Հայաստանի գլխավոր արտաքին առևտրային գործընկերը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը` ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին` ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» տնտեսական հետազոտության արդյունքները:
Նրա խոսքով` 2022 թվականին ԵԱՏՄ-ին բաժին է ընկել Հայաստանից արտահանման 47%-ը և դեպի երկիր ներմուծման 31%-ը։ Միաժամանակ նա ընդգծեց ԵԱՏՄ-ի հետ հետագա համագործակցության մեծ ներուժը։ Հատկապես սրընթաց աճում է ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ, որը Հայաստանի ոչ միայն ռազմավարական դաշնակիցն է, այլև կարևորագույն առևտրատնտեսական գործընկերը:
«Ռուսաստանը Հայաստանի համար ամենահեռանկարային վեկտորն է»,- ասաց Սաֆարյանը։
Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 2,9 անգամ։ Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77%-ով և գերազանցել 4,1 մլրդ դոլարը: Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը կազմում է շուրջ 2 մլրդ դոլար:
Փորձագետի խոսքով` միության երկրների հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով։ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար: Իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ամբողջ ընթացքում միության երկրներ արտահանումն ավելացել է մոտ 10 անգամ:
Ըստ Սաֆարյանի` 2023 թվականի երկրորդ կիսամյակում տնտեսական աճի տեմպերը կարող են փոքր-ինչ նվազել, սակայն Հայաստանը կարող է ցուցանիշները հասցնել 5-7%–ի։ Դրան կնպաստեն այն գիտական-փորձագիտական քննարկումները, որոնք կազմակերպում է ԵԱՏՄ-ում նախագահող Ռուսաստանը, և միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման ուղիների որոնումները։