Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 16–ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց պետական պատվավոր կոչումները չեղարկելու օրենքի նախագիծը։ Ներկայացնելով այն՝ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշեց. «Մի քանի ազգանուններ ընթերցեմ․ Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ: Ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, որևէ մեկս միթե՞ ճանաչում է այս անձանց որպես ժողովրդական արտիստ։ Եթե հիմա հարցում անենք, ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչելու։ Այո, լավ չէ, բայց որևէ մասնագետի խրախուսելու համար պարտադիր չէ պետության կողմից նրան շնորհել ժողովրդական արտիստի կոչում»։
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը վիրավորական է համարում նման հայտարարությունը և դիմում փոխնախարարին՝ եթե դուք չեք ճանաչում, դա Ձեր քաղաքակրթության աստիճանն է։
«Միգուցե հիմա Սուպեր Սաքոյին, Արմենչիկին, Սպիտակցի Հայկոյին ավելի շատ են ճանաչում, քան Կոմիտասին, բայց դա չի նշանակում, նրանք վաստակավոր են, Կոմիտասը՝ ոչ», - ասում է Գինոսյանը։
Զրուցակիցը համաձայն է՝ կոչում ամեն մեկին պիտի չտրվի, հիշում է Ռուբեն Մաթևոսյանին, Առնո Բաբաջանյանին, հետո հավելում, որ նրանց կոչումն ու վաստակը դժվար է համեմատել այսօրվա կոչումներ ունեցողների հետ։ Նկատում է՝ Հայաստանի անկախացումից ի վեր կոչումներ ստացել են թե՛ արժանավոր, թե՛ անարժան մարդիկ, գերակշռել են երկրորդները։
«Կարին» համույթի ղեկավարը նշում է, որ որոշ երգիչների համերգներին դահլիճները լեփ-լեցուն են, սակայն այդ հանգամանքը բացարձակ կապ չունի տվյալ արտիստի ժողովրդական կամ վաստակավոր լինելու, ստեղծագործական որակի հետ։ Նմանատիպ լեփ-լեցուն դահլիճները երբեմն խոսում են ժողովրդի մշակութային ճաշակի ու կրթական մակարդակի անկման մասին։ Գինոսյանը շեշտում է՝ խնդիրը նոր չէ, տասնամյակների պատմություն ունի։
Մշակույթի վաստակավոր գործիչը դեմ չէ կոչումներ շնորհելուն, սակայն կարևորում է այդ կոչումներին հասնելու բարդ ու ազգանվեր ճանապարհը։ Պատմում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, նրա հայագիտական պատկառելի գործունեության մասին, հիշեցնում՝ որևէ կոչում չուներ։
Գագիկ Գինոսյան
Օրենքում առաջարկվող փոփոխություններով պահպանվում է միայն «Վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ, ըստ կառավարության` այն ոչ թե անհատին է շնորհվում, այլ թիմին, այսինքն՝ թիմային ձեռքբերում է։ Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել:
«Ի՞նչ տարբերություն վաստակավոր արտիստ, թե՞ վաստակավոր կոլեկտիվ, եթե վաստակավոր չկա, ուրեմն՝ չկա» - տարակուսում է վաստակավոր գործիչը, նաև ընդգծում՝ եթե չենք ընդունում վաստակավոր հասկացությունը, ուրեմն պիտի չընդունենք նաև կոլեկտիվի դեպքում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ պետական այս կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող, իսկ կառավարությունը նպատակ ունի խրախուսելու առանձին մասնագետների։
Գագիկ Գինոսյանն այլ կարծիք ունի՝ շահարկողը շահարկելու է իր կոչումը, լինի վաստակավոր արտիստ, թե վաստակավոր կոլեկտիվի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար։
Ի՞նչ են ասում թվերը
Ըստ «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի՝ սահմանված է 17 պատվավոր կոչում։
«Օրինակ՝ ժողովրդական արտիստ, վաստակավոր արտիստ, վաստակավոր լրագրող, վաստակավոր մշակույթի գործիչ: Դրանք բոլորը կվերացվեն, կմնա միայն «Պատվավոր թիմ» կոչումը», - պարզաբանեց փոխնախարար Հարությունյանը ԱԺ նիստի ժամանակ։
Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ՝ վերջին 6 տարիների պատվավոր կոչումների շնորհման վերաբերյալ վիճակագրությունը ստանալու համար և վերլուծել է այն։
2018-2023 թթ. ժամանակահատվածում մի քանի ոլորտներում կոչումներ չեն շնորհվել։ Թեև փոխնարարը շեշտում է, որ պահպանվելու է միայն վաստակավոր կոլեկտիվ կոչումը, սակայն առկա վիճակագրության մեջ բացակայող տվյալները վերաբերում էին նաև այս կոչմանը։
Ավելին, ըստ Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի տվյալների՝ երկրում ընդամենը 2 վաստակաշատ կոլեկտիվ կա։ 2008 թ. կոչումը ստացել է Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ վաստակի համար, 2009 թ․ «Բերդ» պարային անսամբլը՝ Հանրապետության տոնի առթիվ:
2018-2023 թթ․ ոչ մի անգամ չի շնորհվել «ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող» կոչումը։ Ըստ նախագահի պաշտոնական կայքի առկա տվյալների՝ 2009-ից առ այսօր կոչումը շնորհվել է միայն մեկ անձի՝ «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանին։
2018 թվականից ոչ մի լրագրող չի ստացել վաստակավորի կոչում։ Վերջին անգամ վաստակավոր լրագրող կոչումը ստացել են 2017 թ․՝ Ֆելիքս Առուստամյանը և Ելենա Կուրդիյանը։ Փոխարենը վերջին տարիներին ՀՀ-ում կայուն աճ են գրանցում լրագրողների դեմ դատական հայցերը։ Եթե 2022-ին ՀՀ դատարանները լրագրողների դեմ ստացել էին 16, ապա 2023-ին 30 դատական հայց։
Նկատելի է նաև, որ բացակայում են նաև վաստակավոր բժիշկ կոչման վերաբերյալ տվյալները։
Ըստ նախագահի աշխատակազմի տրամադրած տվյալների` թվով ամենաշատ պատվավոր կոչումներ տրվել են 2021-ին․ 1 ժողովրդական, 1 վաստակավոր արտիստ, 3 վաստակավոր ճարտարապետ, 2 վաստակավոր իրավաբան, 2 վաստակավոր շինարար, 3 վաստակավոր մանկավարժ, 5 ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ և 20 վաստակավոր մարզիչ։
Թվով ամենաքիչ՝ 6 պատվավոր կոչումները շնորհվել են 2023-ին, բոլորն էլ վաստակավոր իրավաբանների։
Աննա Հարությունյան