Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երրորդ տարին անընդմեջ ՀՀ կառավարությունը որոշում է որսորդների միջոցով ոչնչացնել գայլերին, իսկ յուրաքանչյուր գայլի մորթու դիմաց պարգեւատրում է 100 հազարական դրամով: Երրորդ տարին է, որ այս միջոցառման համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից բնապահպանության նախարարությանն է փոխանցում՝ 2011-ին՝ 10 մլն, իսկ 2012 եւ 2014 թվականներին` 20-ական մլն դրամ (2013-ին որս չի իրականացվել): Փաստորեն, բնության սանիտարների թվաքանակը բնության շղթայում կրճատելու համար գործադիրն արդեն հատկացրել է 50 մլն դրամ, եւ որսորդներին հնարավորություն է տրվել խփելու 500 գայլ:
Դեռեւս 2011-ին, երբ ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանը ստորագրեց վերոհիշյալ որոշումը, հայտարարեց, որ համանման որոշում իրենցից առաջ ընդունել է նաեւ ԼՂՀ կառավարությունը, որի շնորհիվ կարճ ժամանակամիջոցում կանխվել է գայլերի թվաքանակի կտրուկ աճը: 2011 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը հայտարարեց, որ, իրենց տվյալների համաձայն, մեր երկրում հաշվառված է 1700-ից ավելի գայլ, իսկ դա մեծ թիվ է մեր էկոհամակարգի համար: Սակայն բնապահպանները, հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոլոգիայի գիտական կենտրոնի տվյալները, ներկայացրեցին իրենց թվերը` 700- 800 գայլ: Այսօր նույն գործակալությունն արդեն հիշատակում է ԳԱԱ գիտական կենտրոնի տվյալները եւ միաժամանակ հայտարարում, որ այդ թիվը դարձյալ մեծ է մեր էկոհամակարգի համար:
Բնապահպան Սիլվա Ադամյանն արդեն որերորդ տարին է` պայքարում է բնության սանիտարներին փրկելու ուղղությամբ: «Վերջին տարիներին, մասնավորապես` անտառների թվի կրճատման հետեւանքով, կրճատվել է տարբեր կենդանիների կենսամիջավայրը։ Հետևաբար, չունենալով համապատասխան կենսամիջավայր, տվյալ դեպքում գայլերը ստիպված դուրս են գալիս մարդկային միջավայր եւ փնտրում որս` ընտանի կենդանիների տեսքով»,- ասում է նա` հավելելով, որ գայլը երբեք առանց պատճառի չի հարձակվի մարդու վրա:
Սակայն գյուղմասնագետներն իրենց փաստերն են առաջ քաշում, որ սոված գայլերի հարձակումների հետեւանքով անասնապահական տնտեսությունները մեծ վնասներ են կրում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության լրահոսը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեր փրկարարներին հաճախ են ահազանգում նման դեպքերի համար, եւ մեր անասնապահ-որսորդներն էլ չեզոքացնում են «անկուշտ» գայլերին:
Զայրացած բնապահպանները, անկախ փորձագետները, կենդանաբաններ եւ գիտնականներ հորդորում են կառավարությանը` խորհրդակցել իրենց հետ, հետո հաստատել նման որոշումները: Բնապահպաններին այսօր անհանգստացնում են ոչ թե կառավարության որոշման պատճառները, այլ հետեւանքները: Որոշ բնապահպաններ, իհարկե, հաստատում են, որ գայլերի թվաքանակը կտրուկ աճել է, սակայն նաեւ նշում են, որ այդ կենդանատեսակի համար կերակուր հանդիսացող կենդանիների՝ նապաստակներ եւ այլն, թվաքանակն է կրճատվել, ինչի հետեւանքով գայլերը, չունենալով այլընտրանք, հասնում են մարդկանց բնակավայրեր։
Բնապահպաններն առաջարկում են, որ կառավարության հատկացրած գումաները ոչ թե ծախսվեն գայլ որսալու վրա, այլ ուղղվեն ոչ բարվոք անասնապահական տնտեսությունները ամրացնելուն, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետության հյուսիսարեւմտյան եւ կենտրոնական մարզերի անասնապահական տնտեսությունները գտնվում են անմխիթար վիճակում, ինչն էլ հեշտացնում է որսի դուրս եկած գայլերի ներթափանցումը տվյալ տնտեսություններ: Կենդանաբանները պնդում են, որ մարդ եւ գայլ կոնֆլիկտը դարերից է եկել, եւ այն մեղմելու համար տարբեր երկրներ տարբեր միջոցառումներ են իրականացրել: Հայկական իրականության մեջ գայլերի որսը համարվում է ամենակարճաժամկետը, իսկ գայլերին բնակավայրերից հեռու պահելու համար անհրաժեշտ է ավելացնել գայլերի սնունդ հանդիսացող կենդանատեսակների թվաքանակը:
Բնության մեջ գայլերի կտրուկ նվազումը անհանգստացնում է նաեւ այն առումով, որ հիվանդ կենդանիներով սնվող բնության սանիտարների բացակայության պարագայում կարող են բռնկվել տարբեր համաճարակներ: Հիշեցնենք, որ տարիներ առաջ տարբեր պատճառներով անկումներ գրանցվեցին հատկապես խոզաբուծության ոլորտում, դրա պատճառը վայրի խոզերն էին` վարազները:
Հ.Գ. Թեեւ բնապահպանության նախարարության մասնագետները համոզված են, որ գայլ որսալն այնքան էլ հեշտ գործ չէ, այնուամենայնիվ երեք տարվա վիճակագրությունն այլ բան է ասում` 2011-ին՝ 95 գայլ, 2012-ին՝ 179 գայլ, 2014-ին` 134 գայլ: Սա պաշտոնական թվաբանությունն է, իսկ թե տարվա տարբեր սեզոններին որքան գայլ է սպանվում, անհայտ է:
Գալուստ Նանյան