Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի երթևեկը բեռնաթափող հերթական ծրագրի մասին է օրուգիշեր թմբկահարում օրվա իշխանությունը․ Երևանի քաղաքային իշխանությունն էլ դրոշակ սարքած թեման փորձում է «տքնաջան» աշխատանքի արդյունք ներկայացնել, դեռ ավելին՝ սեփական նախաձեռնությանը վերագրել մի ծրագիր, որը նախագծվել է դեռ նախկինում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում։ Խոսքը Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհային նախագծի մասին է։
Ըստ 2015 թ. մշակված նախագծի՝ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային կապող ճանապարհահատվածը Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա տարանցիկ ճանապարհի շարունակությունը պետք է լիներ՝ ունենալով 2.5 կմ երկարություն և հետագայում թույլ կտար Արշակունյաց պողոտայում կազմակերպել անընդհատ երթևեկություն։ Ըստ նույն նախագծի՝ նոր կառուցվելիք ճանապարհը հնարավորություն կտար ունենալ 104 մետրանոց նոր կամուրջ Հրազդան գետի վրա։
Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհային նախագծի մասին ակտիվ «լոբբինգ» էր անում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ դեպի «Երևան Մոլ» առևտրի կենտրոն քաղաքացիների հոսքն ու շարժը աշխուժացնելու նպատակով։ Հիշեցնենք՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի սեփականատերերից մեկը հենց Գագիկ Խաչատրյանն էր:
Նախկինների մտահղացումը, արածն ու դրածը յուրացնելու ՔՊ-ական չինովնիկների այսօրինակ վարքագիծը դեռ մի կողմ. հարցն ունի վիճելի մեկ այլ կողմ՝ այո՛, ճանապարհը կկրճատվի, բայց եթե նկատի առնենք, որ «Երևան Մոլ»-ի մոտ՝ Արշակունյաց պողոտայում, օրվա բոլոր ժամերին խցանումներ են, տեղաշարժվելը գրեթե, անհնար է, ապա նոր ճանապարհը կառուցելուց հետո էլ, վստահաբար, առաջանալու է պերմանենտ կոլապս:
Արշակունյաց պողոտան կարող էր չունենալ նման խնդիր, եթե հիշեցնենք այս իշխանության ևս մեկ չկատարված խոստում՝ «Հայրենիք» կինոթատրոնի հարակից խաչմերուկի էստակադան, Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական «կուտը» երևանցիներին:
Վերադառնալով ծրագրին և ամենևին դեմ չլինելով դրան՝ փաստենք, որ ծանրաբեռնվելու է ոչ միայն Արշակունյաց պողոտան, այլև Մարզահամերգային համալիրի հարակից հատվածը՝ դեպի Կիևյան Կամուրջ և Հալաբյան հատվածներում:
Հիշեցնենք, որ նման խնդիրներ Երևանի ճանապարհաշինության կենսագրության մեջ առաջին անգամ չէ, որ կարող են տեղի ունենալ, և տառապանքս փորձ ունի. Երևանում հատկապես պիկ ժամերին մարդիկ ամեն օր ընկնում են կիլոմետրանոց խցանման մեջ Դավթաշենի կամրջի վրա, և դա այն պատճառով, որ Աշտարակի խճուղով Երևան մտնող գլխավոր պողոտան երբ 2018 թ. բացվեց, հաշվի չառնվեց, որ տրանսպորտային միջոցի այդքան մեծ քանակություն դեպի կամուրջ և Կոմիտասի պողոտա բաց թողնելու դեպքում անհրաժեշտ էր էստակադա կառուցել Վաղարշյան փողոց - Կոմիտասի պողոտա հատման վայրում՝ մեքենաների հոսքը անխոչընդոտ դեպի Սարալանջի փողոց տեղափոխելու համար:
Հետևաբար՝ դեռ հարց է, շղթայական այս խնդիրների համակարգային լուծումներն ունե՞ն քաղաքային իշխանությունները, հաշվի առե՞լ են հնարավոր ռիսկերը, թե՞ հերթական անգամ կհայտարարեն՝ «Ասել եք՝ անում ենք», հետո նոր կմտածեն՝ առաջացած խնդիրներն ինչպես լուծեն։