Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Տևական ժամանակ է, որ արշալույսները Սյունիքում խաղաղ չեն, սակայն երեկ լարված իրավիճակը հասավ իր գագաթնակետին։ Առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Քաջարանի համայնքապետի և իր մերձավորների բնակարաններում խուզարկություն է կատարվել։
Լուրին հաջորդեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հայտարարությունն առ այն, որ ոստիկանությունում ձերբակալվածներին խոշտանգում են։ Արդեն մի քանի ժամ հետո Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվել էին ձերբակալվածների հարազատները և թույլ չէին տալիս՝ նրանց տեղափոխել Երևան, պահանջում էին գործը քննել Կապանում: Ապա նաև մարդիկ հավաքվել էին Կապանի ոստիկանության շենքի առջև՝ պահանջելով պատժել այն ոստիկաններին, ովքեր ոստիկանությունում խոշտանգել են ձերբակալված անձանց։ Իրավիճակը բանակցություններից հետո հանգուցալուծվեց. քաղաքացիներին խոստացվել է արդար քննություն իրականացրել։ Սրան հաջորդեց նաև ՔԿ-ի պարզաբանումը միջադեպի վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, Քաջարանի քաղաքապետի մասնակցությամբ ու ուղղորդմամբ ծեծկռտուք, առեւանգում է եղել, նաև՝ խոշոր չափերի թմրանյութի հայտնաբերում։
Yerkir.am-ը տեղեկացավ, որ Սյունիքում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի և ներկայիս իշխանությանը հարող տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջև երկար ժամանակ է, ինչ հակասություններ կան։ Քաջարանում սիրում են և սատարում քաղաքապետին, ով, սակայն, իշխանության կողմից ընկալվում է որպես «նախկին», «հակահեղափոխական»։ Մեր տեղեկացմամբ՝ իշխող ուժի համակիրները ակտիվիստների մակարդակով տևական ժամանակ փորձել են սադրել, անառողջ մթնոլորտ ստեղծել մարզում, մասնավորապես սլաքններն ուղղելով դեպի Քաջարան, որպեսզի ավելի բարձր օղակներում երևա՝ Սյունիքը չի ընդունում «նախկիններին»։ Իսկ նախկինում ընտրված «ոչ հեղափոխական» պաշտոնյաների, համայնքապետերի պակաս մարզում չկա։
Այժմ Սյունիքում իշխանության ներկայացուցիչները գոհ են․ Քաջարանում ամեն ինչ սկսվել է ծեծկռտուքից և անձի առևանգումից, ՔԿ-ն հաստատում է, քաղաքապետը՝ լռում։
Նշենք, որ Yerkir.am-ը ՔԿ տարածած հաղորդագրության պարզաբանման համար փորձեց զրուցել Մանվել Փարամազյանի հետ, վերջինս, սակայն, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։