Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայրենիքի կորստի ցավը դարձել է շատ ու շատ արցախցիների այսօրվա հանգիստ չունենալու պատճառը։ Նոր միջավայր են տեղափոխվում, հարմարվում պայմաններին, բայց ոչինչ Արցախին չի փոխարինում։
Այդպիսիների թվում է նաև Պետրոսյանների ընտանիքը, որը բնակություն է հաստատել Տավուշի սահմանամերձ Սևքար գյուղում։ Անդամները դեռ այսօրվա պես են հիշում Արցախում անցկացրած օրերը, մարդկանց, բնությունն ու իրենց կյանքի լավագույն տարիները։ Պետրոսյանների ընտանիքը տեղահանվել է երկու անգամ․ 2020-ի 44-օրյա պատերազմին և արդեն 2023-ին՝ Արցախի վերջնական հայաթափման ժամանակ։
Սկզբնական շրջանում կեցություն են գտել Հաղարծին գյուղում, երեխաներն էլ հասցրել են որոշակի ժամանակաշրջան հաճախել տեղի դպրոցը։ Ընտանիքի հայրը՝ Արմենը, վարձակալությամբ տրվող բնակարան գտնելու որոնումներով ընտանիքին հասցրել է Սևքար գյուղը։ Հարսը՝ Անահիտը, չի կարողանում նկարագրել պատերազմի օրերին ունեցած իր զգացողությունները, բայց որ սարսափի միջով են անցել՝ դա ընտանիքի համար անհերքելի փաստ է։ 5 երեխաների մայր է, փորձում է այստեղ էլ նրանց առօրյան նախկինի նման ճիշտ կազմակերպել՝ դպրոց, դասեր և այլն։
«Որտեղ էլ որ տեղափոխվենք՝ ես կհարմարվեմ թե՛ պայմաններին, թե՛ մարդկանց, բայց մի բան, որի հետ հարմարվելն անհնարին է դա մարդկային կորուստներն են․ 1992-ին կորցրել եմ հորս, 2023-ին էլ եղբայրս զոհվեց,»- նշում է Անահիտ Պետրոսյանը։
Արմենը 15 տարի զինվորական ծառայության մեջ է եղել, մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին, վիրավոր է՝ կորցրել է ոտքը։ Նոր բնակավայրում զբաղվում է այգեգործությամբ, տնամերձ հողատարածքն է մշակում, դեռ ձեռքի տակ հիմնական աշխատանք չունի։ Արցախի հետ կապված ամենավառ հիշողություններից մեկը իրենց ամուսնության արարողությունն էր։ Ամուսնացել են 2008 թ. և «Մեծ հարսանիքի» մասնակիցներից են, եղել են ամուսնացող 674 զույգերի շարքում։ Ունեցել են 5 երեխա՝ 2 տղա և 3 աղջիկ։ Ավագ որդին՝ Արմանը սովորում է 9-րդ դասարանում․ ասում է՝ արդեն հասցրել է նոր միջավայրում ընկերներ ձեռք բերել, հավանում է թե՛ երեխաներին, թե՛ ուսուցիչներին։
«Բոլորն էլ լավն են, շատ լավ են ընդունել ինձ, կարողացել եմ ընկերներ էլ ձեռք բերել, ուսուցիչներից էլ ինձ համար կառանձնացնեմ ռազմագիտության ուսուցչին՝ ընկեր Ղարիբյանին․ գիտեմ, որ նա ամեն ինչ ի օգուտ մեզ է ասում»,- նշում է Արմանը, ով որոշել է, որ դպրոցն ավարտելուց հետո արհեստավոր պիտի դառնա։ Նա կես կատակ, կես լուրջ ասում է, որ չի համբերում, թե երբ է այդ օրը գալու։ Հարցին՝ ինչպես է վերաբերվում զինվորական ծառայությանը, ասում է, որ առանց մտածելու համալրելու է զինակից ընկերների շարքերը։ Ամենադժվարը ըտանիքի տատիկի՝ տիկին Իրինայի համար է։ Ինչպես ինքն է նշում նյութականի թողնելն իրեն չի հուզում, Արցախում շատ գերեզմանատներ է թողել․ դրա հետ հարմարվել չի լինի։
Պատերազմի օրը երեխաները եղել են դպրոցում. «Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, ես երկու տղաներիս հետ տանն էի, աղջիկներս էին դպրոցում, չգիտեի գնալ նրանց հետևից, թե մնամ տղաներիս կողքին։ Փառք Աստծո հարևանը իր մեքենայով երեխաներին բերեց»,- նշում է Անահիտը։
Փոքր աղջիկը՝ Արմենուհին, լսել էր այդ սարսափազդու կրակոցների ձայնը և վախեցել։ Այդ ծանր պայմաններում ամուսինը դիքերում է եղել․ շտապել է ընտանիքի մոտ, հավաքվել են և միանգամից դուրս եկել։
«Ռուս խաղաղապահները մեզ ասացին, որ պետք է մինչև սեպտեմբերի 30-ը դուրս գանք, այդպես սեպետեմբերի 25-ին դուրս ենք եկել, չենք էլ հասցրել շատ բան վերցնել»,-ասում է տատը՝ Իրինա Պետրոսյանը։
Երեխաները հասցրել են գոնե մի քանի տարի Արցախում դպրոց գնալ, բացի փոքրից՝ Արամեից. առաջին դասարանը հաճախել է Հաղարծին գյուղում, այնուհետև, երբ տեղափոխվել են Սևքար, դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը սիրով ընդունել է երեխային, և շարունակվել է նրա ուսումնական պրոցեսը։ Կուզենա՞ն վերադառնալ Արցախ, թե՞ ոչ՝ այս մասին չեն մտածում, միայն գիտեն, որ թուրքի ձեռագիրը երբևէ չի կարող փոխվել։ Ասում են՝ թուրքի հետ կողք-կողքի ապրելուց երբեք չպետք է փայտը վայր դնես ձեռքիցդ։
«Ամենադժվարը երեխաներիս համար է. տեսել են չորս պատերազմ, հասցրել են արդեն հինգ դպրոց փոխել, և չեմ ուզենա, որ Սևքարից էլ դուրս գանք․ մարդիկ շատ բարեհամբույր են, մեզ էլ շատ լավ են ընդունել և վերաբերվում»,- նշում է Անահիտը:
Սյուզաննա Դավթյան
ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ,
լրագրության բաժին, 3-րդ կուրս