կարևոր
4900 դիտում, 8 ամիս առաջ - 2024-01-13 14:02
Հասարակություն

Խփել են ուղիղ Տեր Հովհաննեսենց տան վրա, որի հետևանքով երկու քաղաքացիական զոհ ենք ունեցել, երեք հոգի էլ վիրավորվել են, 10 զոհ էլ գյուղը պաշտպանելիս ենք տվել․ Վանքի գյուղապետ

Խփել են ուղիղ Տեր Հովհաննեսենց տան վրա, որի հետևանքով երկու քաղաքացիական զոհ ենք ունեցել, երեք հոգի էլ վիրավորվել են, 10 զոհ էլ գյուղը պաշտպանելիս ենք տվել․ Վանքի գյուղապետ

«Ընդմիջման ժամ էր, տուն էի եկել, մեկ էլ տեսնեմ՝ Սեյդիշենի բլրի վրա խփեցին․․․ Հասկացա, որ կռիվ ա։ Վազեցի դեպի մանկապարտեզ, երեխաներին արդեն բարձրացրել էին, ժողովուրդն իրար խառնված՝ դեսուդեն էր վազում։ Քիչ անց խփեցին Տեր Հովհաննեսենց տան վրա։ Երկու քաղաքացիական անձ տեղում զոհվեցին, երեքն էլ վիրավորվեցին՝ այդ թվում 13 տարեկան երեխա․ Տեր Հովհաննեսն էլ էր վիրավորվել»,-սեպտեմբերի 19-ի արհավիրքի առաջին ժամերը վերհիշելով՝ «Փաստինֆո»-ին պատմում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի գյուղապետ Անդրեյ Սարգսյանը։

Վանքի տարածքում գտնվող զորամասն ու գյուղապետարանի շենքն ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների ուղիղ թիրախում են հայտնվել հենց սկզբից։ Զորամասից տուն վազելիս, ճանապարհին վիրավորվում է նաև Վանքի բնակիչ Արևիկ Սահակյանը։
Վանքի հիվանդանոցում վիրավորների թիվը գնալով աճում էր։ Գյուղի հարակից դիրքերում ու գյուղի մեջ ադրբեջանական հրետակոծությունից տուժածներին առաջին օգնությունն այդտեղ էին ցույց տալիս, հետո ուղարկում Ստեփանակերտ։

«Երեկոյան պարզ էր, որ վիճակը շատ լուրջ է։ նարեշտարի դիրքն էլ էին վերցրել, ճանապարհի աջ ու ձախ կողմում գտնվող դիրքերն էլ։ Հակասական լուրեր էին պտտվում տարբեր բնակավայրերի մասին, խոսակցություններ կային, թե Խաչենի կամուրջը նույնպես վերցրել են։ Գիշերվա կողմ Գառնաքարի գյուղապետի հետ որոշեցինք մաքրել տալ հին արահետները, որպեսզի առավոտ շուտ ժողովրդին տարհանենք դեպի Քոլատակ, այնտեղից էլ՝ Խնձրիստան։ Ամսի 20-ին սակայն ինքս կամրջով անցել եմ․ այսինքն՝ մեքենաներով հնարավոր է անցնել, ուստի որոշեցինք էլ կածաններով չտանել, այլ այդ ճանապարհով հանել ժողովրդին։ Դեպի Իվանյան ու Ստեփանակերտ տարհանեցինք արդեն ամսի 21-ին»,-պատմում է բռնի տեղահանված մեր զրուցակիցը։

Երկու օր անց, երբ գյուղապետը հետ է գնում գյուղ՝ տարհանված գյուղացիների համար սնունդ տանելու նպատակով, ադրբեջանցիներին արդեն գյուղի մատույցներում էին։

«Իրենց հետախուզությունն ամսի 22-23-ին արդեն «Ղազախալի» կոչվող տեղամասում էր։ Գյուղը չորս կողմից շրջափակել էին․ անտառներում, ճանապարհներին ամենուր իրենք էին․․․ Գյուղի չորս կողմում, հանգստյան գոտիների տարածքում ահագին «սնարյադներ» են գցել»,-ասում է Սարգսյանը։

Վանքը 1430 բնակիչ ուներ․ ադրբեջանական հարձակման հետևանքով երկու քաղաքացիական անձ զոհվել է գյուղի մեջ, երեքը՝ վիրավորվել։ Եվս 10 հոգի զոհվել են գյուղը պաշտպանելիս, մեկ աշխարհազորային առայսօր համարվում է անհայտ կորած։
Գյուղացիներն իրենց տներից դուրս են եկել գրեթե ոտաբոբիկ, ձեռնունայն, շատերն՝ առանց փաստաթղթերի։ Մազապուրծ փրկված վանքեցիները սփռված են Հայաստանով մեկ, որոշներն էլ անելանելի վիճակից դրդված՝ արտագաղթել են։