կարևոր
2878 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 11:20
Քաղաքական

Հանցավոր անփութություն՝ սահմանները պաշտպանելիս, և կատարյալ կազմակերպվածություն՝ իշխանությունը պաշտպանելիս․ «Հրապարակ»

Հանցավոր անփութություն՝ սահմանները պաշտպանելիս, և կատարյալ կազմակերպվածություն՝ իշխանությունը պաշտպանելիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախօրեին Տեղ գյուղում տեղի ունեցած փոխհրաձգությունից անմիջապես հետո «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այցելել են Տեղ գյուղ, շփվել համայնքի բնակիչների հետ, տեղում ծանոթացել խնդիրներին։ Տեղ մեկնած պատգամավորների թվում է եղել նաեւ ՀՅԴ-ական, «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որի հետ զրուցել ենք։

Հիշեցնենք, որ փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է 4 զոհի եւ 6 վիրավորի մասին, վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

- Կպատմե՞ք, թե ինչ իրավիճակ էր երեկ Տեղում, համայնքի բնակիչներն ի՞նչ են պատմում, ի՞նչ են տեսել, ինչպե՞ս են մեկնաբանում կատարվածը։

- Մենք՝ խմբակցության գործընկերներով, շփվել ենք Տեղի բնակիչների հետ, եւ չնայած երեկվա սադրանքին, չնայած նրան, որ կրակոցի ձայները պարզ լսելի են եղել գյուղում, բնակիչները շարունակում են մնալ իրենց տներում, գյուղը խոշոր հաշվով շարունակում է ապրել իր բնականոն կյանքով՝ որքան դա հնարավոր է։ Գյուղի երկու խանութները բաց են, երկու դպրոցներն աշխատել են, իհարկե, ամբողջ ծավալով դասապրոցես ապահովել չի հաջողվել՝ անվտանգային խնդիրներից ելնելով, բայց դպրոցներն աշխատել են, ուսուցիչները եղել են աշխատավայրերում։ Մեր՝ գյուղում գտնվելու ընթացքում կրակոցներ չեն լսվել, բնակիչների շրջանում էլ խուճապ չկար, իրենք շարունակում են մնալ իրենց տներում։

- Փոխհրաձգության ժամանակ լուրեր տարածվեցին, թե բնակիչներին ապաստարաններում են տեղավորել։

- Մեր գտնվելու պահին բնակիչներն իրենց տներում են եղել, ես ինֆորմացիա չունեմ ապաստարաններում գտնվելու մասին։ Կրկնում եմ՝ խուճապային տրամադրություններ չկային, հակառակը՝ մարդիկ պատրաստ են ամեն գնով պաշտպանել իրենց տունը, հողը եւ դրա համար ելքեր են փնտրում։ Մեզ հանդիպած ամեն երկրորդ տեղացին ասում էր, որ զենք է հարկավոր՝ ինձ ուզում եմ պաշտպանել։ Ասում էին, որ իրենց ուզում են համոզել, որ այն, ինչ տասնամյակներով իրենց է պատկանել, հայկական չէ, թշնամուն է պատկանում, բայց որեւէ մեկը գյուղում չի կիսում այդ մոտեցումը, իրենք շատ լավ գիտեն, թե որ արոտավայրերն են իրենց պատկանում, որ դիրքն է իրենցը, շատ լավ գիտեն, որ ադրբեջանցիները հիմա գտնվում են հայկական տարածքում, եւ այս ամենից  դուրս գալու ելքեր էին փնտրում, ցանկանում էին հասկանալ՝ ինչ է ձեռնարկում հայկական պետությունն իրենց պաշտպանության, թշնամուն մեր տարածքներից դուրս վռնդելու համար։

- Ես ճի՞շտ հասկացա, որ մարտի 31-ից հետո, երբ ադրբեջանցիները զավթեցին Տեղի արոտավայրերը եւ այգիները, իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը Տեղ չի այցելել եւ չի հայտնել մարդկանց, թե իրենց ինչ է սպասվում։

- Ես կոնկրետ նման տեղեկություն չունեմ, չեմ կարող ոչինչ ասել, բայց մի բան հստակ է, որ տեղացիները բոլոր այսպիսի հարցերի պատասխանները չունեին եւ որեւէ երաշխիք չունեն, որ երեկվա դեպքերը չեն կրկնվելու, իրավիճակը չի էսկալացվելու։ Անհրաժեշտ բացատրական աշխատանքներ չեն արվում, պաշտպանական աշխատանքներ չեն իրականացվում, ընդհանրապես՝ այս իրավիճակը հետեւանքն է այն բանի, որ իշխանությունները կարող էին որոշակի քայլեր ձեռնարկել։ Եթե գերժամանակակից միջոցներ չունեն, հաստատ տրակտոր, ցեմենտ ունեն՝ ինժեներական աշխատանքների համար, որը չէր բերի նման իրավիճակների։ Բայց մենք տեսնում ենք հանցավոր, դիտավորյալ անփութություն, հանցավոր գործունեություն՝ սահմանները պաշտպանելիս, եւ հակառակը՝ կատարյալ  կազմակերպված գործողություն՝ իշխանությունը պաշտպանելիս։ Այս հակադրությունն էլ հիմք է հանդիսանում դավաճանական պիտակավորումների համար։

- Տեղի բնակչության վարկածը ո՞րն է այն հարցի վերաբերյալ, թե ինչու մեր զինվորները չեն կրակել դեպի իրենց դիրքերը շարժվող թշնամու պիկապի վրա։ Կան տեղեկություններ, որ բանակին չկրակելու հրաման է տրված, եւ կատարվածն էլ դրա հետեւանքն է։

- Մեր բոլոր շփումները ոչ միայն Տեղ գյուղում, այլեւ սահմանային այլ վայրերում, ցույց են տալիս, որ մարդիկ շատ լավ են պատկերացնում իրավիճակը եւ իլյուզիաներ չունեն թշնամու բարի եւ կառուցողական լինելու վերաբերյալ։ Գիտեն, որ թշնամին սպառնալիք է ներկայացնում, եւ դա չեզոքացնելու համար դիմագրավել է պետք, հետեւապես՝ պետությունից ակնկալում են իրականացնել դա։ Բայց մյուս կողմից տեսնում են, թե ինչպես է թշնամին առանց դիմադրության առաջ շարժվում, եւ դիմագրավելու ողջ բեռը դրված է մի քանի անձնուրաց մարդկանց, զինվորականների անձնազոհության վրա, իսկ պետական մակարդակում նման քաղաքականություն չենք տեսնում։ Դրա համար են նրանք պետությունից պահանջում պաշտպանել իրենց, հողը, հայրենիքը։

- Գյուղամիջից տեսանելի՞ են թշնամու հենակետերը։

- Այո, ցանկացած վայրից տեսանելի են ադրբեջանցիների տեղակայման վայրերը, որովհետեւ մենք խոսում ենք մի քանի հարյուր մետր հեռավորության մասին։

- Իսկ բնակիչները մոտավոր հաշվարկներ ունեի՞ն, թե ադրբեջանցիների վերջին առաջխաղացման հետեւանքով որքան տարածք ենք կորցրել։

- Տարբեր թվեր էին նշում, բայց կնախընտրեմ չհանրայնացնել։ Օգտագործելով պատգամավորական գործառույթները՝ կփորձենք առաջիկայում կոնկրետ թվեր պարզել։

- Քանի որ բնակիչների արտերն ու արոտավայրերն են զավթել ադրբեջանցիները, իրենք իրենց ապագան Տեղում ինչպե՞ս են պատկերացնում՝ գյուղատնտեսության, անասնապահության խնդիրներ չե՞ն առաջանա։

- Իրենք այդ հարցերը մեզ էին տալիս՝ ոնց ենք ապրելու, ոնց ենք երեխա մեծացնելու, անվտանգությունը ոնց ենք ապահովելու։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում