Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.63 |
EUR | ⚊ | € 412.31 |
RUB | ⚊ | ₽ 3.58 |
GBP | ⚊ | £ 494.04 |
GEL | ⚊ | ₾ 142.93 |
Ն․ Չերնիշևսկու նմանությամբ
Կարծես թե նորից Հայաստանի քաղաքական օրակարգում է հայտվել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։ Առաջին հայացքից, այն կարող է տրամաբանական թվալ։ Ունենք մի կողմից «խաղաղության» անվան տակ, հերթական նվաստացուցիչ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուն պատրաստ իշխանություն, մյուս կողմից տարբեր ձևաչափերով իշխանափոխությունը ձախողած ընդդիմություն։ Իշխանությունը կամ արտահերթ ընտրությունների կգնա մինչև «խաղաղության» փաստաթղթի ստորագրելը, կամ դրանից հետո՝ կախված Ադրբեջանի նախագահի քմահաճույքներից։ Երկու դեպքում էլ, ինչպես 2021թ․ պարտությունից հետո, իշխանությանը անհրաժեշտ կլինի «ստանալ ժողովրդի վստահությունը»։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա հարց է առաջանում․ ո՞ր ընդդիմությունը։ Արձանագրենք, որ Հայաստանում գրանցված են ավելի քան 100 կուսակցություններ, բարձրագոչ անուններով՝ պատրաստ լինելով փրկել մեզ բոլորիս։ Բնականաբար, այդ կուսակցություն կոչվածներից շատերը կմասնակցեն ընտրություններին՝ տարբեր տիպի դաշինքներ կազմելով։ Ընթերցողներից ոմանք կտարակուսեն, չէ՞ որ այդ կուսակցություններից շատերն իրենցից միայն կուսակցության նախագահ և կնիք են ներկայացնում, ուրիշ ոչինչ։ Կարելի է համաձայնվել, եթե անցյալ տարվա սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրություններում հաջողություններ չգրանցեին «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց» կուսակցություն կոչվածները։ Հիշեցնեմ, որ Հայաստանում ընտրություններում հասնել հաջողության, նշանակում է ոչ թե հաղթել, այլ դառնալ խորհրդարանական կամ ավագանու ընդդիմադիր խմբակցություն։
Թե ինչպիսին է զուտ հայկական ժողովրդավարությունը, այդ մասին իմ կարծիքը գրել եմ 2018 թվականին․ «Հայկական ժողովրդավարություն․ ցնո՞րք, թե՞ իրականություն» հոդվածում։
Անձամբ ես, միամտություն ունեցա և տրվելով գործընկերներիս հորդորներին, որպես պատգամավորի թեկնածու մասնակցեցի 1999 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Տեսնելով, թե ինչպես անցան ընտրությունները, որոշեցի որևէ կերպ, ոչ որպես թեկնածու, ոչ որպես ընտրող, այլևս չմասնակցել հայաստանյան ընտրություններին։
Իմ ուխտի պատճառով հրաժարվել եմ իմ բարեկամ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներից երկու անգամ՝ 2007 և 2012թթ․ «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դառնալու գայթակղությունից։ Որպես ընտրող, կամ չեմ գնացել տեղամաս, կամ վերցրել և փչացրել եմ քվեաթերթիկը։
Պետք է խոստովանեմ, որ մեկ անգամ խախտել եմ ինքս ինձ տված խոստումս։ Իմանալով հանդերձ, որ ընտրությունները կեղծվելու են, 2021թվականին, առանձնապես հիացած չլինելով «Հայաստան» դաշինքով, քվեարկեցի նրա օգտին, հույս ունենալով, որ դաշինքը կլինի վճռական և հետընտրական ընվզումով, կհեռացնի ազգադավ իշխանությանը։ Սակայն, պարզվեց, որ սխալվել էի և պետք է հավատարիմ մնայի իմ իսկ ուխտին։
Հարց է առաջանում, արդյո՞ք միայն Հայաստանին է բնորոշ նման «ժողովրդավարությունը»։
Փորձենք դիտարկել, թե այլ երկրներում ինչպիսին են ընտրությունները։ Սկսենք ժողովրդավարության ավանդույթներ ունեցող Եվրոպայից։ Բախտ եմ ունեցել 2005թվականին, որպես դիտորդ ներկա լինել Նորվեգիայի պառլամենտական ընտրություններին։ Անկեղծ եմ ասում՝ ցնցված էի նման ընտրություններից։ Ի՜նչ թափանցիկ արկղեր, վստահված անձեր։ Որպես քվեատուփեր օգտագործվում էին նույնիսկ 1812 թվականի Նորվեգիայի պատմության մեջ առաջին պառլամենտական ընտրությունների ժամանակ օգտագործված արկղերը։ Որևէ նորվեգացու մտքով իսկ չէր անցնում, որ կարող են ընտրությունները կեղծվել։ Մինչ ընտրությունները, հանդիպեցինք գործող պառլամենտի տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ։ Նրանցից ոմանք, այդ թվում իշխող խմբակցությունից, հրաժարվել էին իրենց կուսակցության ցուցակում նորից գրանցվել, բացատրելով, որ հոգնել են պատգամավորական ամենօրյա, ծանր աշխատանքից և գերադասում են վերադառնալ իրենց մասնագիտությանը։ Այսինքն, Նորվեգիայում պատգամավոր լինելն արտոնություն, պարգևավճարներ, ծառայողական մեքենաներ չեն, այլ ամենօրյա աշխատանք։
Կարծում եմ, մի փոքր տարբերություններով, նման պատկեր է նաև, այլ արևմտաեվրոպական երկրներում։
Դիտարկենք նախկին ԽՍՀՄ հանրապետությունները։ Բարվոք վիճակ որևէ երկրում առկա չէ։ Այդ մասին են վկայում Մոլդովայում, Ուկրաինայում,Բելոռուսում,Վրաստանում տարբեր տարիներին հետընտրական բողոքները։ Սակայն, բոլոր նշված երկրներում, ամեն դեպքում, ընտրություններով իշխանափոխություն տեղի է ունեցել, ի տարբերություն Բելոռուսի և Հայաստանի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ գործում է, իմ համոզմամբ, այլ հոգեբանություն։ ԽՍՀՄ տարիներին, միայն 4 տարի ապրել եմ Ռուսաստանում՝ չհաշված հաճախակի գործողումները։ Իմ տպավորությամբ, Ռուսաստանի բնակչության գերակշիռ մասը հպարտ է, որպես կայսրության քաղաքացի, անկախ իր ապրելակերպից, հարբեցող անտունից սկսած, լուրջ գիտնականով վերջացրած։ Հիշում եմ, 1985թվականին Լենինգրադի երկրաբանական արշավախմբում երեկոյան զրուցում էինք քաղաքական թեմաների շուրջ։ Խոսք գնած 1917 թվականի հեղափոխության և նրա վնասների մասին։ Զրուցակիցներից Վոլոդյան ասաց․
-Պետք էր կանգ առնել փետրվարյան հեղափոխությամբ։ Հոկտեմբերյան հեղափոխության պատճառով, կորցրեցինք Լեհաստանն ու Ֆինլանդիան։
Եվ բոլորը գլխով հավանություն տվեցին։
Իհարկե, Ռուսաստանում առկա է նաև ազատական գաղափարներով ապրող և պայքարող մտավորական խավ, բայց նրանք միշտ եղել են փոքրամասնություն։
Ուղղակի 90-ականներին, կոմունիստներ Գորբաչովի ու Ելցինի արհեստականորեն վարած ազատական քաղաքականությունը, ազատական մտածողությամբ խավին արտահայտվելու հնարավորություն տվեց, որը խաբուսիկ էր։ Կարծում եմ, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կեղծվեցին 1996 թվականին, երբ Ռուսաստանի ժողովուրդն իրականում ընտրեց կայսերական գաղափարների թեկնածու, կոմկուսի առաջնորդ Զյուգանովին։
Այնպես որ, չեմ կարծում, թե Ռուսաստանում 2024թվականին սպասվելիք ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն կառաջանա։ Ուղղակի, կայսերապաշտ, մեծամասնություն կազմող քաղաքացիները կքվեարկեն Վ․ Պուտինի օգտին։ Ի դեպ, Ռուսաստանի պետական Դումայում ներկայացված բոլոր խմբակցությունները նույնպես կայսերապաշտ են։
Ինչ վերաբերում է Բելոռուսին, ապա այնտեղ, իհարկե ընտրությունները կեղծվում են, բայց և Բելոռուսի ղեկավար Լուկաշենկոն, ձևեր չի թափում՝ Եվրոպայի խորհուրդ, կոնվենցիա և այլն։ Բացի այդ Բելոռուսն, ի տարբերություն Հայաստանի, պետություն է, իր և որակյալ գյուղատնտեսությամբ և որակյալ արդյունաբերությամբ, այդ թվում՝ ռազմական։
Այլ է պատկերը Ադրբեջանում և Կենտրոնական ասիայի երկրներում։ Այդ երկրներում կամ դրանց տարածքներում ավանդաբար եղել են տեր և հպատակ հարաբերություններ։ Խորհրդային տարիներին, այդ հարաբերությունները մի փոքր մեղմացան, բայց չվերացան։ Հիշում եմ, թե ինչպես Արցախում, մեզ՝ Լենինգրադի երկրաբանական արշավախմբի անդամներին, իրեն և իր երկու աշխատողներին էր ներկայացնում Ադրբեջանի Ակադեմիայի երկրաբանական ինստիտուտի արշավախմբի ղեկավարը․
-Ես երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Հասան Նասիբովիչ Բագիրովն եմ, 5 մենագրությունների, 45 հոդվածների հեղինակ, նա Զարդուշտ Իբրահիմովն է, գիտությունների թեկնածու, հոդվածների հեղինակ, իսկ նա լաբորանտ է (իրական անունները չեմ հիշում)։
Մեկ այլ դրվագ էլ հիշում եմ կապված, Լենինգրադի հանրակացարանի իմ ընկեր ուզբեկ, բուխարացի Բորյայից։ Մի օր, գիշերվա ժամը 2-ին սենյակիս դուռը ուժգին թակեցին։ Պարզվեց Բորյան էր, որ ցանկանում էր իր տպավորություններն ինձ հաղորդել։ Վեր կացա, հագնվեցի,լույսը վառեցի, դուռը բացեցի։ Բորյան մտավ, նստեց և անհամբերությամբ սկսեց․
-Ավետիք, պարզապես չես պատկերացնի, թե ինչ է կատարվել։ Գնացել էի ղեկավարիս ամառանոցը փլավ պատրաստելու հյուրերի համար։ Երբ փլավը պատրաստ էր և արդեն պետք է վերադառնայի, ղեկավարս և հյուրերը խնդրեցին, համոզեցին, որ իրենց հետ երեկոն անցկացնեմ։ Եվ պատկերացնու՞մ ես, 4 հոգի, մեկն ակադեմիկոս, մյուս երեքը դոկտորներ և ինձ հետ խոսում, խմում, ուտում էին որպես հավասարը հավասարի հետ, երբ կարող էին ոտքով հարվածել և դուրս քշել։
ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչպես կովկասի թաթարներն( ադրբեջանցիները), այնպես էլ Կենտրոնական Ասիայի ժողովուրդները վերադարձան իրենց դարավոր՝ տեր-հպատակ հարաբերություններին։ Այնպես որ, այդ երկրներում, նույնպես ընտրակեղծիքների անհրաժեշտություն չկա, քանի որ ժողովուրդ-հպատակը միշտ քվեարկում է տեր-իշխանության օգտին։ Մի փոքր տարբեր են Ղազախստանի և Ղրղզստանի հասարակությունները։ Նշված երկրներում, ավանդաբար գործում են տարբեր ցեղակլանային միավորումներ, Ղազախստանում դրանք կոչվում են «ջուզեր»։ Ինչ նկատի ունեմ։ Այդ երկրներում, երկրի նախագահը պետք է կարողանա միավորել և բավարարել բոլոր ցեղակլանային միավորումների պահանջները։ Պատահական չէին Ղրղզստանում հեղափոխության անվան տակ, տեղի ունեցած կլանների ապստամբությունները, որոնք ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեին։ Ղազախստանում, ջուզերի միջև համերաշխության բանալին գտել էր նախկին նախագահ Նազարբաևը։ Իմ կարծիքով, 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները, հենց ջուզերի միջև անհամաձայնությունների արդյունք էր։
Այսպիսով, իրական ժողովրդավարությունը բնորոշ է եվրոպային, այն էլ կարծում եմ միայն հյուսիսային և արևմտյան եվրոպական երկրներին։ Մյուս բոլոր երկրները այդ մոդայիկ «ժողովրդավարությունը» հարմարեցրել են իրենց ազգին բնորոշ սովորություններին և իրականում չեն կեղծում դրանք։
Վերադառնանք Հայաստան։ Ինչպես նշեցի, ի տարբերություն Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանում դեռևս ընտրություններով իշխանափոխություն չի եղել։ Հայ ժողովուրդը կայսերապաշտ չի, ինչպես ռուսները, ոչ էլ դարավոր տեր-հպատակ-ցեղային հարաբերություններ կրող ժողովուրդ է։
Հայաստանում, ի տարբերություն վերը նշված բոլոր երկրների, սկսած եվրոպական Նորվեգիայից և վերջացրած կենտրոնականասիական Ուզբեկստանով, բոլոր ընտրությունները կեղծվում են։ Եվ կեղծվում են, ոչ թե հանուն ինչ-ինչ վեհ գաղափարների, այլ միայն ու միայն հանուն իշխանական վայելքների։Ներեցեք, մենք էլ մեր հերթին ենք ժողովրդավարությունը հարմարեցրել մեր ավանդական սովորություններին՝ եթե քեզ պետք է կեղծի՛ր, խաբի՛ր
Այս տեսակետից, ամենաանկեղծ խոստովանությունը արեց քպ-ական իմաստուն գործիչ Լենա Նազարյանը, որ իրենք նվիրյալներ չեն և պետք է հավելավճարներ ստանան։
Ցավոք, այս հոգեբանությունն է տիրում հայ ժողովրդի մեծամասնության մեջ։ Եվ ընդհանրապես, ոչ միայն իշխանությունն է վայելք, այլև ընդդիմադիր պատգամավոր լինելը։ Ընդդիմադիր պատգամավորը նույնպես օգտվում է իշխանական վայելքներից, խմբակցության ղեկավարը՝ ծառայողական մեքենա, պատգամավորները՝ աշխատասենյակ, օգնական, բարձր աշխատավարձ, պարգևավճարներ, 250 000 դրամ «ջեբի փող», արտասահմանյան գործուղումներ, ընդունելություններ և այլն։ Այդ է պատճառը, որ այս գործիչը երեկ «ՕՐՕ» դաշինքում էր, այսօր «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ է, մեկ ուրիշը՝ քպ-ական պատգամավոր, երրորդը՝ ԲԴԽ նախագահ։ Կամ, չդառնալով պատգամավոր, նույն «ՕՐՕ» դաշինքի անդամ, ընդդիմադիր թունդ գործիչ, «ազգի նվիրյալը» ․․․արտագաղթում է Կանադա։ Որքան անգամ եմ լսել ընդդիմադիր ճանաչված գործիչներից, որ եթե իրենց թեկնածուն չհաղթի, կամ ինքը չդառնա պատգամավոր՝ ստիպված կարտագաղթի։ Այսինքն, Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը, ոչ թե ինչ-ինչ գաղափարների իրականացման, պետության կառուցման ու ամրապնդման, չասենք նվիրումի, այլ ընդամենը ընտանիք պահելու և վայելքների համար է։ Չե՞ք կարծում, որ այդ է պատճառը, որ Հայաստանում գրանցված են 100-ից ավելի կուսակցություններ։ Ամեն մարդ-կուսակցություն մտածում է, այ այս ընտրություններին «Մուտք» դաշինքի մեջ կմտնեմ այս և այս մարդ-կուսակցությունների հետ ու մեկ էլ տեսար դարձա պատգամավոր ու էլ ինչ աշխատանք, ինչ բան։ Պատահական չի, որ արտահերթ ընտրությունների կողմնակից են հիմնականում արտախորհրդարանական կուսակցությունները։ Չեմ կարծում, որ Հայաստանում գոյություն ունի որևէ լուրջ քաղաքական գործիչ, ով հավատում է, թե ընտրություններով հնարավոր է իրականացնել իշխանափոխություն։ Եթե կա, ապա նրա ինչպես քաղաքական գործչի, այնպես էլ զուտ մարդկային մտքի հասունության վրա խիստ կասկածում եմ։ Ավելին, նույնիսկ նախկին երեք նախագահների օրոք, քիչ հավանական է, բայց տեսականորեն գուցե հնարավոր լիներ ընտրություններով իշխանափոխություն իրականացնել, քանի որ նրանք երեքն էլ, այսպես ասած, կարմիր գծեր ունեին։ Իսկ այսօրվա Հայաստանի վարչապետ կոչեցյա՞լը։ Նա ստերով և կեղծիքներով կարողացավ հասնել իշխանության, հանուն իր իշխանական վայելքների հանձնեց ու հայաթափեց Արցախը։ Հանուն իր իշխանության, նա պատրաստ է զոհաբերել նաև Հայաստանը՝ մաս առ մաս։ Այս իշխանության պարագայում,ասել, թե ընտրություններով հնարավոր է իրականացնել իշխանափոխություն, կամ անմեղսունակություն է, կամ դավադրությանը մասնակից լինել, կամ զուտ անձնական շահերով շարժվել։ Եթե վարչապետ կոչեցյալը չի հանդուրժում նույնիսկ մի բուհ-ի, թատրոնի իրեն ոչ հպատակ ղեկավարին, ի՞նչ եք կարծում, նա ընտրությունների միջոցով կհանձնի՞ իր անսահմանափակ իշխանությունը։ Եվ ինչպես, 2021 թվականին ընդդիմությունը մասնակցելով ընտրություններին լեգիտիմացրեց 2020 թվականի պարտությունը, այնպես էլ առաջիկայում սպասվելիք արտահերթ ընտրություններին մասնակցությունը կլեգիտիմացնի արդեն ստորագրված, կամ սպասվելիք հերթական կապիտուլյացիոն «խաղաղության» փաստաթուղթը։
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ վարչապետ կոչեցյալը կատարում է հավաքական արևմուտքի աշխարհաքաղաքական բոլոր պատվերները, որը և արտահայտվում է նրանց կողմից քաղբանտարկյալներով լեցուն Հայաստանը համարել ժողովրդավարական, ապա ինչպես 2021 թվականի, այնպես էլ հերթական արտահերթ ընտրությունները կհամարվեն ազատ, արդար և թափանցիկ։
Այս ամենից հետո հարց է առաջանում․ «Ի՞նչ անել»։ Չհավակնելով Ն․ Չերնիշևսկու դափնիներին, փորձեմ ներկայացնել իմ կարծիքը։
1․ Այս իշխանության ամեն օրը,Հայաստանի տարածքային որոշակի կորուստ է նշանակում։ Ամբողջական պատկերը՝ 8 գյուղեր և այլ տարածքներ, կբացահայտվեն «Խաղաղության» պայմանագրի ժամանակ։
2․ Հայաստանում արդարացված կլինի ցանկացած ձևով իշխանափոխությունը, որը հետագայում կորակվի, որպես՝ սահմանադրական։
3․ Հայաստանում, սկսած 1919 թվականից ընրությունների միջոցով իշխանությունը չի փոխվել և առավել ևս, այս իշխանության ժամանակ չի էլ փոխվի։
4․ Ընդդիմությունը պետք է միավորվի մեկ ընդհանուր գաղափարի՝ ազգադավ իշխանությանը հեռացնելու շուրջ։ Լինի վճռական և հետևողական, մի կողմ դնելով անձնական և կուսակցական հավակնությունները։
5․ Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը պետք է դադարի կառուցողական լինելուց։ Նա պետք է բոյկոտի, հարամ անի և նիստերը և քվեարկությունները, առավել ևս հարց ու պատասխանները։ Պետք է հրաժարվի պարգևավճարներից, «ջեբի փողից», գործուղումներից։ Պայքարի ելած ընդհանուր ընդդիմադիր ճակատի հետ համաձայնեցված, հարմար պահի վայր դնի մանդատները։
6․Այնուամենայնիվ, եթե հայտարարվեն արտահերթ ընտրություններ, ապա մասնակցել միմիայն մեկ պայմանով՝ իրական ընդդիմության ընդհանուր ցուցակ, հետընտրական ապստամբության նպատակով։ Հակառակ դեպքում, ցանկացած այլ ձևաչափով մասնակցություն, նշանակում է «մուրճի» հերթական հարված ստանալ և լեգիտիմացնել հերթական կապիտուլյացիան։
Ամփոփում․
Եթե, հնարավոր լինի հեռացնել այսօրվա ազգադավ իշխանությանը, ապա նոր իշխանությունների ուսերին ահռելի պատասխանատվություն է դրվում։ Չի կարող լինել որևէ արդարացում, մեղմացուցիչ հանգամանք, եթե ինչ-ինչ հարցերում ձախողվեն։ Նոր իշխանությունները պետք է իրականացնեն հետևյալ քայլերը․
1․ Համախմբել ողջ հայկական մասնագիտական ներուժը՝ Հայաստան և Սփյուռք։
2․Շտապ կարգով վերականգնել բանակը և դուրս վռնդել թշնամուն Հայաստանի տարածքից։
3․ Վերականգնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սերտ դաշնակցային հարաբերություններ հաստատել Իրանի հետ։ Հաստատել փոխադարձ վստահության հարաբերություններ ԵՄ և ԱՄՆ-ի հետ։
4․ Ստեղծել պատմաբաններից ,իրավաբաններից, տնտեսագետներից և այլ մասնագետներից բաղկացած խորհուրդ, որը կմշակի հայոց պետականության գաղափարական և զարգացման հայեցակարգը։
5․Հրաժարվել իշխանական արտոնություններից, չտեղափոխվել ապրելու, այն է՝ վայելելու կառավարական առանձնատները։ Հակառակ դեպքում, մենք դատապարտված կլինենք, ինչ-որ ժամանակ անց, նորից ունենալ այսօրվա իշխանության նմանակը։
Իմ կարծիքով, միայն այս կետերի իրագործման դեպքում է հնարավոր ետ բերել Արցախը և հինավուրց հայոց Շուշի բերդաքաղաքի վրա ծածանել հայոց եռագույնը։
Հակառակ դեպքում,ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի հանրապետության կործանման համար, ինչպես բազմիցս եմ նշել՝ մեղավոր կլինենք բոլորս՝ իշխանություն, ընդդիմություն, հասարակություն, ժողովուրդ։
Ավետիք Իշխանյան