կարևոր
2395 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-22 15:26
Քաղաքական

Արտահերթ ընտրությունների գնալն արհեստական օրակարգ է. Իշխան Սաղաթելյան

Արտահերթ ընտրությունների գնալն արհեստական օրակարգ է. Իշխան Սաղաթելյան

ArmLur.am-ի զրուցակիցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է:

-Պարո՛ն Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյանը օրերս ծավալուն հարցազրույց տվեց՝ խոսելով Արցախի և բանակցային գործընթացի մասին, հետևե՞լ եք հարցազրույցին, ի՞նչ արձանագրումներ եք արել նրա հայտարարություններից:

-Նիկոլ Փաշինյանը շարունակում է արդարանալ, իր հարցազրույցում նա փորձում էր հանրությանը համոզել ու հերթական անգամ մոլորեցնել, որ այն ինչ պատահել է մեզ հետ, անխուսափելի էր, ինչն ամբողջությամբ կեղծ է, քանի որ այդ ամենի պատասխանատուն հենց ինքն է: Նիկոլ Փաշինյանը երկու նպատակ ուներ՝ փորձում էր մարսել այն բոլոր հանցագործությունները, որոնք իրականացրել է Արցախի մասով, նաև շարունակում էր լեգիտիմացնել Ալիևի վարած ագրեսիվ քաղաքականությունը և Արցախում իրականցրած էթնիկ զտումը: Հասարակությանը փորձում է խաղաղության թեզի տակ նոր կապիտուլյացիայի տանել:

-Իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն այսպիսի մի հայտարարություն արեց, որ եղել են մարդիկ, ովքեր պլանավորել են Արցախի հայաթափումը և այսպիսով նպատակ են ունեցել Հայաստանի անկախության հարցը: Ու՞մ նկատի ուներ նա:

-Արցախի հայաթափումը պլանավորել են Նիկոլ Փաշինյանը և Ալիևը համատեղ: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանն այդ ինքնիշխանությունը վաղուց ոչնչացրել է, թշնամու զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, ադրբեջանցի զինծառայողներն այսօր Գեղարքունիքում, Սյունիքում են, ու այս ամենը տեղի է ունեցել այս իշխանության գործունեության ու վարած քաղաքականության արդյունքում:

-Պարո՛ն Սաղաթելյան, վերջին օրերին թեժ խոսակցություններ են նաև գնում, որ իշխանությունները մտադիր են 2024 թ-ին գնալ արտահերթ ընտրությունների, ի՞նչ եք կարծում՝ կգնան այդ ճանապարհով իշխանությունները:

-Դա պարզ հարց չէ, խորքային է, բայց չեմ կարծում, որ իրենք կգնան այդ ճանապարհով՝ նկատի ունենալով թե՛ սոցիալ-տնտեսական կանխատեսումները, որոնք սպասվում են մեր երկրում, ինչպես նաև աշխարհաքաղաքական դասավորությունները, նաև մի շարք այլ հանգամանանքները: Բացառված սցենար չէ, որ փորձեն նոր ընտրությունների գնալ՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով կվերարտադրվեն

-Իսկ ընդդիմությունը պատրա՞ստ է նոր ընտրությունների:

-Սա ինչ-որ տեղ նաև արհեստական օրակարգ է՝ բոլոր հարցերն ու խնդիրներն այլ ուղղությամբ տանելու համար, հետևաբար, ավելի առաջնային խնդիրներ կան, այս պահին պետք է կենտրոնանալ դրանց վրա:

-Պարո՛ն Սաղաթելյան, ընդդիմությունը թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցում շատ պասիվ է, միայն հայտարարություններ են հնչում առկա վտանգների ու քայլերի մասին, բայց կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկվում:

-Վերջին շրջանում, տեսել եք՝ ինչ ակտիվ գործունեություն է ծավալում ընդդիմությունը, սկսած անվտանգային, սոցիալ-տնտեսական և Արցախի հետ կապված հարցերով, բոլոր խնդիրները բարձրաձայնվում են, սուր քննադատություններ են հնչեցվում՝ փորձելով ժողովրդին ներկայացնել իշխանության ղեկին հայտնվածների վարած քաղաքականությոնը: Զուգահեռ, մենք գրեթե ամեն շաբաթ այցելում ենք տարբեր մարզեր՝ Սյունիք, Գեղարքունիք, վերջին մեկ ամսվա ընթացքում իմ գործընկերների հետ 7-8 մարզերում եղել ենք, հանդիպել ենք այնտեղի բնակչությանը, խոսել խնդիրների մասին: Այս պահին մեր խնդիրը ամենօրյա աշխատանքն է ժողովրդի հետ, որպեսզի նրանց բացատրենք այս իշխանությունների վարած կործանարար քաղաքականության հետևանքները և համախմբենք մարդկանց՝ ազգային օրակարգի շուրջ: