կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 13:08
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունների հետ քննարկելու մեկ օրակարգ կա՝ անցնցում, արագ հեռանալու օրակարգը․ Իշխան Սաղաթելյան

Իշխանությունների հետ քննարկելու մեկ օրակարգ կա՝ անցնցում, արագ հեռանալու օրակարգը՝ ըստ  Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Երևանի փողոցներում «Դիմադրություն» շարժման երթի ժամանակ լրագրողի հետ զրույցում։

«Այս պայքարն ավարտվելու է Նիկոլի հեռացումով, Հայաստանի համար բացվելու է նոր արշալույս, որովհետև այս մարդիկ պետականությունը տանում են կործանման, իրենց հեռացումով Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու Հայաստանը չի թուրքացվելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ ժողովրդային լայն ճնշման տակ օրվա իշխանությանը հեռացնելու են՝ այդ ընթացքի մեջ են։

«Ակնհայտ է՝ ժողովուրդը ոտքի է կանգնում, րոպե առ րոպե մեր թիվը ավելանում է, կարող ենք հստակ արձանագրել, որ մեր ժողովրդի պահվածքը փաստում է, որ օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու, հիմա էլ արդեն հստակ է, որ օրվա իշխանությունը չունի իշխանություն՝ պետք է օր առաջ հեռանա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա ևս մեկ անգամ պարզաբանեց, որ Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն՝ այն չի լինելու որևէ ուժի կառավարությունը, այլ լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն։

Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման շրջանակում արժանապատիվ քաղաքացիները գիշերում են վրաններում՝ պահանջելով ապազգային իշխանությունների հեռացումն ու Արցախի չհանձնումն Ադրբեջանին։ Զուգահեռ խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում՝ մայրաքաղաքում ու մարզերում պարալիզացվում է երթևեկությունը, դասադուլ ու գործադուլ է անցկացվում։

Մանրամասն՝ տեսանյութում․