Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռեպորտաժը ակնհայտորեն միակողմանի էր և հաշվի չէին առնվել Հրայր Թովմասյանի փաստաբանական կողմի տեսակետները և փաստարկները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը` անդրադառնալով «Հանրային հեռուստաընկերության» պատրաստած տեսանյութին, որտեղ ՀՔԾ-ն մանրամասներ էր տրամադրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից, որն էլ Ֆեյսբուքի իր էջով տարածել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կատարելով. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ» գրառումը:
«Ռեպորտաժը պարունակում էր լրջագույն երկու խախտում, մեկը՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի ոտնահարումը, որը բացարձակ իրավունք է և որևէ կերպ չպետք է ոտնահարվի, մյուսը՝ դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի շրջանակներում հրապարակայնության սահմանափակումը: Գիտենք, որ ունեն կարգավորումներ, որոնց համաձայն՝ պետք է նախաքննությունը և ընդհանրապես, քննությունն ընթանա այնպես, որ չխախտվի դատավորի անկախության երաշխիքը, հետևաբար, կարող ենք ֆիքսել, որ այդպիսի խախտում ևս եղել է»,-ասաց Վարդանյանը:
Ինչ վերաբերում է երկրի վարչապետի կողմից ռեպորտաժը տարածելուն և գրառմանը, ապա Էլինար Վարդանյանն ասաց, որ դա խոսում է գործադիրի կողմից դատական իշխանության ուղղակի միջամտության մասին, և բնականաբար, խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը: Բացի այդ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը և այդ դատարանի դատավորը չի կարող քաղաքական հայտարարությամբ պատասխանել՝ ստեղծվում է անհավասար իրավիճակ:
Նա նկատեց, որ վերջին ժամանակահատվածում ընդգծված «վերաբերմունք» կա Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի նկատմամբ: Որոշվեց դատավորներից ազատվելու մեխանիզմ` կամավորության սկզբունքով կենսաթոշակի անցնելու միջոցը: Այդ օրենքից անմիջապես հետո, Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցում եղավ, նրան՝ որպես մեղադրյալ ներգրավելով, նաև մի շարք այլ գործողություններ` սանիկի, ընտանիքի անդամների հարցաքննություններ և այլն:
«Այս ամենից հետո գործընթացի իրավական լինելու վերաբերյալ խորը կասկածներ կան և հասկանալի է, որ այստեղ առկա է քաղաքական որոշում՝ Սահմանադրական դատարանը լրացնել յուրայիններով»,-ասաց նա:
Անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությանը՝ Էլինար Վարդանյանն ասաց, որ չգիտի, թե Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, որ հարցերին է շեշտադրում անելու: «Այսինքն՝ չեմ պատկերացնում, թե ինչպիսի մեխանիզմ են առաջ քաշելու դատաիրավական, սահմանադրական փոփոխությունների հետ կապված, բայց նաև պարզ է, որ հանձնաժողովը կազմվել է՝ ելնելով քաղաքական մոտեցումներից, դրա մասին հայտարարեց նաև ՀՀ արդարադատության նախարարը, հետևաբար, ակնկալվում է, որ փոփոխություններն էլ քաղաքական շահերից բխող ենթատեքստ են ունենալու: Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամն արհեստական է և լուծումներն էլ նույնքան արհեստական են լինելու այդ հարցը լուծելու համար»,-ասաց նա:
Էլինար Վարդանյանը մտահոգիչ համարեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, մասնավորապես, մինչև Սահմանդրական փոփոխությունները՝ Սահմանադրական դատարանի պարտադիր կարծիքից հրաժարվելու հանգամանքը. «Սա արդեն խոսում է, որ քայլեր են արվում, որպեսզի ներկայացվող նախագծերը Սահմանադրական դատարանի եզրակացությանը չարժանանա, ինչը կարծում եմ, որ իրավական տեսանկյունից աբսուրդ է, և այսպիսի քայլերը ոտնահարում, վտանգի տակ են դնում իրավական պետություն գաղափարը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներին` կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ իրեն ծառայություններ առաջարկելուն, և դրա որպես ապացույց Հրայր Թովմասյանի նվիրած գրիչը ներկայացնելուն, նա ասաց, որ այդ պատմությունն այնքան անլուրջ է, որ նույնիսկ չի ցանկանում անդրադառնալ: