կարևոր
1645 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-21 10:38
Քաղաքական

Ազգի հաւաքական յիշողութեան անհերքելի փաստերը

Ազգի հաւաքական յիշողութեան անհերքելի փաստերը

ՓԱՍՏ 1

  Նախանցեալ օրը Երեւանի ամանորեան շքեղազա՜րդ տօնածառի բացումն ու այսպէս ասած՝ լոյսերի շնորհանդէ՜սն էին կազմակերպել իշխանութիւնները...

  - Նախ՝ ինչո՞ւ այսպիսի ցինիկ ու չափազանց թանկ հաճոյքներ, երբ արդէն մի քանի տարի պաշտամունքի առարկայի վերածած ծառի միլիոնների հասնող զարդարանքների խոշոր տոկոսի գումարները կարելի էր յատկացնել սոցիալապէս խիստ վերահասութեան կարիք ունեցող տասնեակ ու հարիւրաւոր ծրագրերի...։

  Ապա՝ անբարոյականութեան աստիճանի անպատշաճ է նմանատիպ տօնածառայի՜ն տրամադրութիւններն, այս օրերին յատկապէս, երբ ԱՐՑԱԽԻ վաղեմի ոսոխների կողմից զարհուրելի շրջափակման, էթնիկ զտման եւ ի վերջոյ հայաթափման-բռնագաղթման հաշւին, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎԻՇՏ-ով ենք տառապում...։ Թէ՞ դա շատ ուրիշ հասկացութիւնների նման եւ իշխանութիւնների ձեւակերպմամբ՝ «հայկական հնացած երազանքների» ժանրից է ու այլեւս պէտք է հրաժարւել «խաղաղութեա՜նն ու երջանկութեա՜նը սպառնացող» մտայնութիւններից։

  ՓԱՍՏ 2

  Թուրքական եւ ադրբեջանական պետական պաշտօնատարներ (հիմնականում երկու երկրների արտգործնախարարները), ինչպէսեւ ռազմաքաղաքական ու փորձագիտական շրջանակները վերջին օրերին մեծ ոգեւորութեամբ յայտարարեցին, որ «առաւել քան երբեւէ իրական է ու մօտալուտ՝ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը» եւ աւելացնում՝  խնդրոյ  առարկայ «խաղաղութեան պայմանագրի» դրոյթներն հէնց նրանք են լինելու, որոնք ձեւակերպել-առաջադրել  է Ադրբեջանը։ Այսինքն՝ այն դրոյթները, որոնք Ադրբեջանը որպէս հաշտութեան նախապայման, յաղթողի դիրքով ներկայացրել է Հայաստանին, կապւած՝ ասենք, Նախիջեւանի հետ հաղորդակցական միջանցքների  տրամադրմանը, ինչպէսեւ՝ անկլաւների վերաբնակեցմանը, ինչքան էլ զաւեշտալի՝ Հայոց Բանակի եւ Զինւած ուժերի փոքրացմանն ու սահմանափակ կարողութիւններով «օժտելուն»...։ Իսկ այս ամէնն, յարգելի ընթերցող, հայատեաց ալիեւի բնութագրմամբ՝ յանուն «Արեւմտեան Ադրբեջանի» վերատիրացման...։

Ու երեւի նիկոլ փաշինեանի կողմից դեռ 2018-ին կառուցողական համարւող ալիեւը վերոգրեալ նպատակին հասնելու համար, իր «բարի» կամքի դրսեւորմամբ է, որ հէնց ա՛յս օրերին ազատեց աւելի քան երեք տարի գերեվարւած 32 հայ զինծառայողի, ի դիմաց՝ ադրբեջանցի հայասպան երկու ոճրագործի, որոնք էլ ընկալեալ կարգով շուտով պիտի արժանանան «կառուցողակա՜ն ու խաղաղասէ՜ր» ալիեւի կողմից տրւող «ազգային հերոսի» կոչմանը...։

Ի տես այս ամենի, պանթուրքիստական շրջանակները եւ ցաւօք՝ Բաքւում Իրանի նախկին դեսպաններից մէկը, օրերս ի լուր միջազգային հանրութեան, յայտարարում էին, թէ   «Երեւանն ու Բաքուն երբեւէ այսքան մօտ չեն եղել խաղաղ գոյակցութեանն ու յարաբերութիւնների կարգաւորմանը»։ Դէ, բնականաբար, «մեծատաղանդ հաշտարար» եւրօ-արեւմուտքն էլ առաջիններից էր, որ ողջունեց հարաւկովկասեան երկարամեայ թնջուկի նմանօրինակ սցենարներով կարգաւորելու գործընթացը՝ յատկապէս ռուսական գործօնի բացակայութեամբ։

Նախ՝ Հայաստանի իշխանութիւնները ըստ սովորութեան, ոչ մի կերպ ուղղակիօրէն չեն արձագանգում կամ պատասխանում ադրբեջանական պետական-քաղաքական եւ միջազգային այլեւայլ շրջանակների՝ Հայաստանի ու հայութեան շահերին ուղղակիօրէն եւ խիստ հակասող յայտարարութիւններին։ Սակայն, ինչպէս միշտ՝ աղաղակում են ժողովրդահաճոյ «խաղաղութեան խաչմերուկների» ու դրանց «բարիքների» մասին, լկտիօրէն մոռացութեան տալով այն, որ վերջին երեք տարում համազգային աղէտի յանգեցնող երեք կարգի պատերազմի դուռ են բացել մինչայդ 25 տարի յաղթական ու խաղաղ ապրած Արցախի, Հայաստանի եւ ողջ հայութեան առջեւ...։

Ու քանի որ թուրք-ադրբեջանական շահերին ու նորաբաց ախորժակներին յագուրդ տալու միտւած «խաղաղութեան պայմանագիր»-ը պէտք է ձեւականօրէն լեգիտիմացնել ի տես միջազգային ուժային կենտրոնների, ուստի ադրբեջանում մօտալուտ նախագահական ու Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների օրակարգը դառնում է արդիական։ Իսկ երեւի դրա համար են ն. փ.-ի իշխանախումբ-կուսակցութեան անխտիր բոլոր միաւորներն ու անդամները անցնող շաբաթավերջին Գիւմրիում կազմակերպել հաւաք-խորհրդակցութիւն՝ հնարաւոր նոր ընտրութիւնների «ճանապարհային քարտէզը» գծագրել-չափագրելու համար։

Մինչայդ, սակայն, իշխանութիւնները ն.փ.-ի գլխաւորութեամբ արդէն շաբաթներ ի վեր ակտիւացրել ու յաճախակի են դարձրել մարզային այցելութիւններն ու քաղաքային իշխանիկների հետ հանդիպումները։

Ի դէպ՝ հարկ է ընդգծել, որ կազմակերպւող ընտրութիւններին բռնագաղթեցւած տասնեակ հազարաւոր արցախցիները լիազօրւած չեն լինելու քւէարկել, քանզի իշխանութիւնները նրանց համարում են փախստականներ, որոնց անձնագիրը ոչ թէ ՀՀ քաղաքացիական, այլ ճամբորդական կարգի անձնագիր է...։

  ՓԱՍՏ 3

  Այս ենթախորագրի ներքոյ, յարգելի ընթերցող, թւարկելի են միանգամից մի քանի փաստեր, որոնք ըստ ամենայնի եւ անհերքելիօրէն արձանագրւած են վերջին աւելի քան հինգ տարիների մեր հաւաքական յիշողութեան մէջ։

  Այսպէս՝ հէնց 2018-ի յեղաշրջման մեկնարկի առաջնային թիրախներից մէկը դարձաւ Հայոց Եկեղեցին, որպէս ազգի բարեպաշտութեան եւ ազգապահպանութեան ուրոյն միաւոր։ Եւ սա ինքնին փաստեց, որ ինքնաբուխ, բայց խորքում՝ Սորոսական յեղաշրջման ստւարախիտ շարքերի խոշոր տոկոսը համալրւած է եղել արտաքին (հրէական) համապատասխան բջիջների նիւթական ահռելի վերահսկողութիւնը վայելող աղանդաւորական հակազգային զանգւածներով...։

Չկրկնւելու համար թւարկենք մի քանի թիրախային ու վերնագրային ՓԱՍՏԵՐ եւս, որոնց առկայութիւնն անցնող հնգամեակում աստիճանաբար յանգեցրեց այս օրերին արդէն ակնբախ եւ վերը նշւած՝ թիւ 1 եւ 2 ՓԱՍՏԵՐ-ին։

  Ահաւասիկ, Հայոց Եկեղեցուն զուգահեռ թիրախ դարձաւ Հայոց փառապանծ Բանակը (մինչ այդ հռչակւած որպէս տարածաշրջանի ամենամարտունակը. իսկ այսօ՞ր...)։ Այնուհետեւ թիրախաւորւեց բոլոր կարգի թշնամիների չար նախանձը գրգռող՝ Հայաստան-Սփիւռք միասնութեան գաղափարը, որի արդիւնքում էլ լուծարեցին Սփիւռքի նախարարութիւնը. ու յաջորդիւ՝ հայկական ազգակերտ մշակոյթի ու կրթութեան բոլոր բնագաւառների ԱԶԳԱՅԻՆ միջուկը սկսեցին հարւածի տակ առնել, հետն էլ՝ ազգի դիմադրողականութեան խորհրդանիշ ու Սիւնիքը հայկական պահող՝ Գարեգին Նժդեհների գաղափարախօսական փրկարար պատւիրանները...։

 Եւ ահաւասիկ, այդ ծրագրաւորւած-մտածւած թիրախաւորումների արդիւնքն, յարգելի ընթերցող, ոչ այլ ինչ եղաւ, քան այս օրերի աղաղակող, բայց ժողովրդական լայն խաւերի կողմից առեղծւածային եւ ինչ-որ տեղ դատապարտելի անտարբերութեան մատնւած ՓԱՍՏԵՐ-ի առկայութիւնը։

  Ու հիմա «թաւշեայ» իշխանախումբը առհասարակ երկրի համար յետամնացութիւն ու սպառնալիք է համարում Հայ Դատն ու Հայոց արդար Պահանջատիրութիւնը, հայրենի սերունդներին արժանապատիւ ազգի միաւոր դարձնող Հայոց Պատմութեան  դասագրքերում ԱԶԳԱՅԻՆ ուսուցանիչ դրւագները (արդէն ՐԱՖՖԻ-ի ազատախոհական վէպերն են արգելում, յար եւ նման հայանուն բոլշեւիկների), նոյնպէս սպառնալիք են համարում Հայոց Գերբ-Զինանշանի վրայ պատկերւած ազգի լինելութեան, տոկունութեան ու իրաւատիրութեան սիմւոլ՝ ԱՐԱՐԱՏԵԱՆ վսեմաշուք լեռը, որպէսզի յանկարծ էրդողանը «չփոշմանի» նաեւ թաւշականների այնքա՜ն սպասւած-փայփայւած «հայ-թուրքական հաշտեցման պայմանագրի» կեանքի կոչումից...։

  ՀԱՐՑ

  Իսկապէս՝ մեր հազարամեակների յաղթական, թէ՛ ձախորդւած պատմութեան կրող ժողովուրդը՝ այս աւելի քան 10 միլիոն հաշւող հայաստանեան, արտերկրային ու սփիւռքեան հայութիւնը, իր տարատեսակ ու բազմերանգ խաւերով հանդերձ, այդպիսի՞  Հայաստան ու հայրենի օջախ է ուրւագծում իր մտապատկերում։ Այդ նոյն կոտորակւած ու այս վերջին տարիներին թաւշականների «շնորհիւ» պառակտւած հայութիւնը անխուսափելիօրէն տրւելո՞ւ է ամենօրեայ վայրի քարոզչամեքենաների (Հ1 եւ «Ֆէյսբուք») «խաղաղասիրական» մոլորութիւններին ու ապակողմնորոշող հնարքներին...։

  ԵԼՔԸ

  Ըստ գրառողիս՝ հայութեան (նոյն այդ 10 միլիոնի) գերակշիռ մասը, անկախ իր կարգավիճակից ու  քաղաքական հազւադէպ կողմնորոշման հարցում իւրայատուկ դրդապատճառներից, այնուամենայնիւ գերադասում է ԱԶԳԱՅԻՆ-ը։

Գաղափարախօսութիւն, որն ցաւօք՝ անցնող երեք տասնամեակում, եթէ ոչ մասնակի, բայց պետականօրէն չհասցրեց կայանալ վերանկախ Հայաստանում։ Սա ինքնին հիմք հանդիսացաւ Հայոց Ազգային գաղափարախօսութեանը պատմականօրէն հակադրւած արտաքին ուժերի ու ներքին ապազգային տարրերի համար, որպէսզի խարխլեն մեր փրկարար գաղափարախօսութիւնը։

  Եւ սրա համար էլ անընդհատ ԱԶԳԱՅԻՆՆԵՐ-ին անւանում են ռեւանշիստ, պատերազմատենչ, ռուսամէտ, թալանչի, նախկին, ռոմանտիկ երազանքների զոհեր եւ յատկապէս՝ Հայդատականներ, որոնք էլ այսքա՜ն տարի Արցախ-Արցախ գոռալով ու  Ցեղասպանութեան մասին խօսելով՝ չեն թողել, որ ազգը լաւ ապրի...։

  .... Եթէ այսօր նաեւ ՓԱՍՏ է, որ Երեւանի խոշորագոյն ընտրազանգւածի ընդամէնը 9-ը տոկոսի ձայնին է արժանացել ՔՊ իշխանախումբը՝ քաղաքապետական ընտրութիւններում, ապա հեռու  չէ այն վարկածը, որ նոյն ժողովրդի արդարացւած ընդվզումը միայն կարողանալու է հիմնայատակ  ձախողեցնել Հայաստան երկիրը թուրքական վիլայէթի վերածելու թուրք-ադրբեջանական կոալիցիայի դաւադրութիւնը։

  Իսկ հէնց պատմականօրէն բազմիցս է ապացուցւել՝ ամենակրիտիկական ու բախտորոշ պահերին  հայի զարթօնքի արգասաբեր ու փրկարար սխրագործութիւնների առկայծումները։

 

Դերենիկ Մելիքեան

Պատմական գիտութիւնների թեկնածու