կարևոր
2461 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-13 13:52
Քաղաքական

Քննարկում «Հաւաքական ուժ՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք» խորագրով

Քննարկում «Հաւաքական ուժ՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք» խորագրով

Երեքշաբթի, 11 Ապրիլ 2023-ին, Քրեսենթա Հովիտի Մհեր եւ Սաթիկ Տէր Յովհաննէսեան Երիտասարդական Կենտրոնի Դաստիարակչական Յանձնախումբը կազմակերպել էր «Հաւաքական Ուժ՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք» խորագրով քննարկում:

Քննարկման ընթացքում բանախօսեցին դոկտ. Յարութիւն Արմէնեանը, Յարութ Սասունեանը եւ Ռոբերտ Մարգարեանը:

Միջոցառումը առիթ էր կանգ առնելու հայ ժողովրդի առջեւ ներկայ փուլում ծառացած խնդիրների եւ մարտահրաւէրների վրայ, Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի տարածքի մէջ:

Բանախօսները հակիրճ ակնարկներով ներկայացրեցին ներկայ իրավիճակը, առկայ խնդիրները եւ ապագայի տեսլականները, կատարելով պատմական ակնարկներ:

Միջոցառման սկզբում կազմակերպիչ յանձնախմբի կողմից Վահէ Հայրիկեանն իր բացման խօսքում անդրադարձաւ քննարկման նպատակին եւ ներկայացրեց օրուայ բանախօսներին:

Դոկտ. Յարութիւն Արմէնեանը գիտական, հասարակական ու առողջապահական հետաքրքիր վերլուծութեան միջոցով անդրադարձաւ հաւաքական ուժի կարեւորութեանը:

Յարութ Սասունեանն առաւելապէս կենտրոնացաւ Հայաստանի այսօրուայ իշխանութիւնների վարած քաղաքականութեանվրայ, թէ ներքին եւ թէ արտաքին ոլորտներում, անդրադառնալով ստեղծուած ճգնաժամային վիճակը յաղթահարելու համար հաւաքական ուժի եւ միասնականութեան նշանակութիւնը:

Օրուայ վերջին բանախօս Ռոբերտ Մարգարեանը պատմական ակնարկներով կարեւորեց հաւաքական ուժի նշանակութիւնը եւ ընդգծեց մեր բոլոր յաղթանակներն արձանագրուել այն ժամանակ երբ միասնական ենք եղել, իսկ պարտուել ու յանձնուել ենք այն պահին, երբ պառակտուելով զրկուել ենք հաւաքական ուժից:

Բանախօսը որպէս հաւաքական ուժի ստեղծման նախապայման նշեց Հայաստանի գործող իշխանութիւնների կողմից թէ Հայաստանում, թէ Արցախում եւ թէ Սփիւռքում քաշուած բաժանարար գծերի վերացումն ու Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնումը:

Քննարկման աւարտին բանախօսները պատասխանեցին ներկաների կողմից ուղղուած հարցերին: