կարևոր
3844 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-16 17:07
Քաղաքական

Կառավարական սառնարանից մինչև Բաքվի հետ բանակցություններ

Կառավարական սառնարանից մինչև Բաքվի հետ բանակցություններ

7 or.am-ը գրում է.

«Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր հայտնվել կառավարության շենքում, փորփրում էր նույնիսկ վարչապետի սենյակի սառնարանը և ի ցույց դնում այն։ Նա հայ ժողովրդին ու ալամ աշխարհին ցույց էր տալիս, թե ինչ կա այդ սառնարանում և ինչ է խմել իրեն նախորդող վարչապետը։ Իր հետ կառավարություն էր տարել նաև տխրահռչակ ուսապարկն ու բարձրախոսը։

Նիկոլն այդ էժանագին փիառն իրականացնում էր ցույց տալու համար, թե բա տեսեք՝ ինչքան թափանցիկ պաշտոնյա եմ ես, որ ժողովրդից չեմ թաքցնում ոչինչ։ Ցույց եմ տալիս անգամ սառնարանի պարունակությունը։

Նիկոլն այդ օրերին միայն իր զուգարանային թեթևացումները ուղիղ եթերում ցույց չէր տալիս։ Մնացածն, իբր, թափանցիկ էր։ Ուզում էր հպարտ քաղաքացիներին ցույց տալ, թե, իբր, ինքը գաղտնիք չունի որևէ մեկից, ամեն ինչ ասելու է ու թաքուն բան չի պահելու, ուզում էր ցույց տալ, թե, իբր, ինքը 3 միլիոն վարչապետերից մեկն է և մնացած 2 միլիոն 999 հազար 999–ին ամեն ինչից տեղյակ է պահելու։

Դա, իհարկե, բլեֆ էր։ Նիկոլն իր պողոսներին էր էշի տեղ դնում։ Նա պատրաստվում էր տասներորդական հարցերում լինել թափանցիկ և գերգաղտնի՝ կարևորում։ Կյանքը հենց դա էլ ապացուցեց։

Հայ–ադրբեջանական ու հայ–թուրքական բանակցություններ են տեղի ունենում։ Վերջինիս մասով հայ ժողովրդին խաբեցին, թե, իբր առանց նախապայմանների է, բայց իրականությունը ճիշտ հակառակն է։ Օրերս էլ Թուրքիայի արտգործնախարարը կրկնեց իրենց նախապայմաններից մեկը՝ հայ–թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն հայ–ադրբեջանականից հետո։ «Կարգավորել» ասելով՝ թուրքերն Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարումը նկատի ունեն։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների ու, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասով էլ է խաբեություն: Նաև՝ գերգաղտնիություն: Հայ ժողովուրդն այս բանակցությունների բովանդակության մասին իմանում է ադրբեջանական կողմի հայտարարություններից: Բաքուն չի էլ թաքցնում, որ բազում նախապայմաններ ունի ու հրապարակավ ներկայացնում է դրանք: Նիկոլ Փաշինյանն ընդհանուր ձևակերպումներից ու լոլոներից այն կողմ չի անցնում: Փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի պահանջներն ի վերջո բավարարվում են: Ուզում էին Արցախը հայաթափել ու այն իրենց կազմում ներառել, Նիկոլից դա ստացան: Հիմա էլ սահմանազատման ու սահմանագծման և ընդհանրապես Հայաստանի ողջ տարածքի թեմայով են իրենց ախորժակի մասին բարձրաձայնում: Նիկոլը լուռ կատարում է նրանց ցանկությունները կամ գնում դրանց քարոզչական հիմնավորման ճանապարհով»: