կարևոր
9139 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-14 09:34
Իրավական

Ոչ թե «վեթթինգ», այլ՝ դատական համակարգի «մորթոցինգ»․ «Փաստ»

Ոչ թե «վեթթինգ», այլ՝ դատական համակարգի «մորթոցինգ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարեն Անդրեասյանը, որ «նախկինների» ժամանակ լավ հարմարված էր ՄԻ պաշտպանի պաշտոնում, իսկ իշխանափոխությունից հետո շտապեց իր «մասնագիտական ծառայությունները» ի սպաս դնել Նիկոլ Փաշինյանին ու հիմա Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է, նախօրեին հայտարարել է. «Այդքան քննարկված և պահանջված դատական վեթթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո»: Նա էլի ինչ-որ վիճակագրական տվյալներ է բերում: Բայց...

Այն, ինչ կատարվել ու կատարվում է դատական համակարգում վերջին 5 տարվա ու հատկապես վերջին 1-2 տարվա մեջ՝ Կարեն Անդրեասյան-արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան «տանդեմի» կողմից, ոչ թե «վեթթինգ» է, այլ դատական համակարգի, եթե կուզեք՝ դատական իշխանության «մորթոցինգ»: Ընդ որում, հենց Անդրեասյանի բերած «թվաբանությունն» էլ է դրա մասին վկայում:

ԲԴԽ-ն, Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, վերածվել է «պատժիչ օրգանի», որը հետևողականորեն հաշվեհարդար է տեսնում քաղաքական իշխանությանը անհաճո, Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ոչ ձեռնտու որոշումներ ընդունած դատավորների հետ: Ու ընդհանրապես, այն, որ մի քանի տարվա մեջ դատավորների մոտ 60 տոկոսը հեռացվել է ու նորերն են նշանակվել, ոչ մի լավ բանի մասին չի խոսում: Դա ոչ մի «վեթթինգ» էլ չէ: Դա ընդամենը դատարանները գործող իշխանության կրնկի տակ դնելու գործընթաց է, որը փորձ է արվում վերամբարձ ու ճռճռան ֆրազներով փաթեթավորած մատուցել:

Ի դեպ, նույնիսկ այսքանից հետո, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է: Համենայն դեպս, միայն այս ամսվա ընթացքում նա առնվազն երկու անգամ հրապարակավ արել է հայտարարություններ, որոնք դատական իշխանությանն ուղղված անթաքույց հրահանգներ էին առ այն, որ կայացնեն միմիայն մեղադրական վճիռներ, այն էլ՝ արագ-արագ: Դա էլ է հասկանալի. դատական համակարգն ամբողջապես ենթարկեցնել չի ստացվել, դեռ կան ոչ քիչ դատավորներ, որ չեն ուզում իշխանության կամակատար դառնալ ու մնում են դատավորի անվանը հավատարիմ: Դրա մասին է վկայում նաև այն, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերը, որպես կանոն, «մակագրվում» են մի քանի նույն դատավորներին:

Անհասկանալի է միայն, թե ո՞ւմ համար են «վեթթինգի» մասին «հեքիաթինգները»: Ո՞ւմ են ուզում ինչ-որ բան ասել կամ համոզել՝ Ձմեռ պապի՞ն: Չէ, ավելի ճիշտ՝ Սանտա Կլաուսին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում