կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 22:41
Քաղաքական

Առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ համատարած վեթթինգ իրականացնել. Ռուստամ Բադասյան

Առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ համատարած վեթթինգ իրականացնել. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ ներկայումս Դատական օրենսգրքում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական, իսկ համատարած վեթթինգը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ավելին՝ այն հնարավոր չէ առանց Սահմանադրությունը փոխելու: Այս մասին նախարարն ասաց Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը:

«Ինչպե՞ս ենք անելու, որ վատ դատավորները գնան համակարգից, որը մենք հասկանում ենք վեթթինգ անվան ներքո»,-հետաքրքրվեց վարչապետը:

Բադասյանն անդրադարձավ այդ առումով Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններին: «Առաջինը դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: Դատավորները բավականին վաղուց ներկայացնում են իրենց գույքի, եկամուտների հայտարարագիր: Նախկինում ներկայացնում էին Էթիկայի հանձնաժողով, հիմա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ի՞նչն է փոխվել. առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և դրա վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ նյութեր և բացատրություններ չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն»,-ասաց նախարարը:

Նա պարզաբանեց՝ օրինակ, եթե դատավորի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում, սակայն դա անձի այդ տարում ստացած եկամուտներով չի հիմնավորվում, դա վարքագծի կանոն է: Եվ դրա վերաբերյալ պատշաճ բացատրություն չներկայացնելը կամ հայտարարագրում տեղեկություն թաքցնելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության կամ կարգապահական պատասխանատվության:

Փաշինյանը հետաքրքրվեց. «Կարգապահական վարույթ կարող է արդյոք հարուցվել 2012-ի համար: Դատավորը չի կարող բացատրություն տալ օրինակ 2013-ին ձեռք բերած գույքի համար»:

Նախարարը նշեց՝ այստեղ է հիմնական քննադատության առարկան: «Նշում են, որ հետադարձ ուժը չի կիրառվում: Բայց պետք է նշել, որ, եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից, համատարած՝ մի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Սա կարող է բերել բացասական հետևանքների: Բայց դա մոռանանք, կենտրոնանանք իրավական հնարավորությունների վրա: Սա անելու համար միանշանակ պետք են Սահմանադրական փոփոխություններ: Այսինքն, առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ իրականացնել նման տեսակի վեթթինգ, պայմանական անվանենք համատարած վեթթինգ»:

Նա ներկայացրեց Ալբանիայի փորձը, որտեղ ստեղծվել է հատուկ մարմին, որի կարգավիճակը Սահմանադրությամբ հավասարեցված է եղել դատական ատյանին: Եվ ստեղծվել է մեկ այլ մարմին, որտեղ վերաքննության կարգով քննարկվել են դատավորների վեթթինգի հետ կապված վեճերը: « Ի՞նչն է այդ համակարգի թերությունը, և ի՞նչը պետք է փոխվի: Սահմանադրությամբ պետք է սահմանվեն այդպիսի հատուկ մարմիններ, լիազորությունների շրջանակ: Իրականում մեզ ոչինչ չի խանգարում, որպեսզի նաև հաշվի առնելով վատ փորձը, ճիշտ մոդելով համատարած վեթթինգի հարցին անդրադառնանք՝ սահմանադրական փոփոխություններով: Սակայն կարծում եմ, որ դատական օրենսգրքի այն մեխանիզմները, որոնք դրված են, թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական»,-ասաց նախարարը:

Վարչապետը նկատեց՝ միանգամից և ամբողջական վեթթինգը կարող է 4-5 տարի տևել ու հետաքրքրվեց, թե Ալբանիայում քանի տարի է եղել: Բադասյանը պատասխանեց՝ Ալբանիայում սկզբում նախատեսել են 5 տարի, հետո երկարաձգելու անհրաժեշտություն է առաջացել: