կարևոր
3058 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-09 16:39
Քաղաքական

Եթե պետությունը գտնում է, որ չպետք է ծառայեմ Իրաքում, չեմ ծառայի․ դեսպան Բալասանյանը հե՞տ կկանչվի․ «Հրապարակ»

Եթե պետությունը գտնում է, որ չպետք է ծառայեմ Իրաքում, չեմ ծառայի․ դեսպան Բալասանյանը հե՞տ կկանչվի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Երեկ «Հրապարակ»-ը տեղեկություն ստացավ, որ «Բալասանյան դաշինքից» Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի պաշտոնանկությանը հասնելու համար իշխանությունները քննարկում են Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միսակ Բալասանյանին հետ կանչելու հարցը:

Բանն այն է, որ ՔՊ-ականները Գյումրիում իշխանափոխության տարբեր սցենարներ են մշակում, որոնցից «ամենահուսալին»՝ Բալասանյան ընտանիքի հետ «պաշտոնը պաշտոնի դիմաց» քաղաքական առուծախն է։ Գյումրիում իշխանազավթման համար ՔՊ-ն որոշել է Բալասանյաններին իշխանությունից հեռացնել: Կարծում են, որ այս ընտանիքին Իրաքում դեսպանի պաշտոնը բավարար է, քաղաքապետի պաշտոնը պետք է իրենց զիջեն, չնայած 2021-ին գրեթե ամբողջությամբ վերցրել էին իշխանությունը` ընտրություններում պարտվելուց հետո:

Այս առնչությամբ «Հրապարակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Իրաքում դեսպան Միսակ Բալասանյանից։ Հարցին՝ Գյումրիի դեպքերով պայմանավորված իշխանությունները որոշել են հե՞տ կանչել Ձեզ, Բալասանյանն ասաց․ «Ես Հայաստանի Հանրապետությանը ծառայող անձնավորություն եմ, եթե պետությունը գտնում է, որ պետք է չծառայեմ Իրաքում, ես չեմ ծառայի»։ Նա որեւէ այլ հարցի չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, թե զբաղված է։

Գյումրիի քաղաքապետարանում, հիշեցնենք, մարտերը նոր թափ առան այն բանից հետո, երբ ՔՊ-ն խզեց «Բալասանյան դաշինքի» հետ երկու տարի առաջ կնքված հուշագիրը՝ քաղաքապետի պաշտոնը վերցնելու գործընթաց սկսելու համար:

ՔՊ-ն դեսպանի պաշտոնի դիմաց «Բալասանյան» ընտանիքից ուզում է ամեն ինչ՝  եւ՛ Գյումրին, եւ՛ Ախուրյանը։ Այս սցենարը մշակվել էր դեռեւս ամիսներ առաջ, երբ սեպտեմբերին Միսակ Բալասանյանը գնաց դեսպան՝ պայմանով, որ Բալասանյան ընտանիքը Գյումրու քաղաքապետի պաշտոնը անցնցում կհանձնի ՔՊ-ին։ Պայմանավորվածությունները խախտվեցին։ «Բալասանյան» դաշինքը քաղաքապետի պաշտոնը պահելու համար, դրա փոխարեն ծառայություններ մատուցեց Ախուրյան համայնքում՝ հասնելով դաշնակցական ղեկավար Արծրուն Իգիթյանի պաշտոնանկությանը և համայնքում իշխանությունը «գնելով» ու փոխանցելով ՔՊ-ին: Ճիշտ է, Ախուրյանում իշխանափոխությունից հետո նշանակվել ՔՊ-ական ղեկավար, սակայն համայնքի փաստացի կառավարմանն, ասում են, մասնակցում են նաև Բալասանյանները, ինչը և նպաստել է Գյումրիի դեպքերի մեկնարկին:

Քաղաքական խառը «բազարի» մեջ դեսպան Բալասանյանը փորձել է ցույց տալ իր «գինը»` Հայաստան բերելով Իրաքի նախագահին, այդպիսով ցույց տալով, որ Իրաքի հետ հնարավոր է լուրջ տնտեսական հարաբերություններ ստեղծել՝ եթե իրեն չնեղացնեն։ Բայց Փաշինյանի ախորժակը շատ մեծ է և եթե իսկապես հաջորդ տարի արտահերթ ընտրությունների ծրագիր ունի, ապա ձայներ ունեցող Բալասանյաններին մեջտեղից հանելը կարևոր հանգրվան է իշխանությունների համար:

Հիշեցնենք, որ Միսակ Բալասանյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։  Ավելի վաղ գրել էինք, որ Գյումրիում կայացած վերջին ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր, սակայն կնքված հուշագրով քաղաքապետի պաշտոնը բաժին էր հասել «Բալասանյան դաշինքին», իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը ստացել էր երկու փոխքաղաքապետերի պաշտոնները։ Մինչ ՔՊ-ն ծրագրեր է կազմում Գյումրու քաղաքապետի աթոռն էլ վերցնելու համար, «Բալասանյան դաշինքից» վստահեցնում են՝ քաղաքապետը հրաժարական չի տալու։ «Վարդգես Սամսոնյանը հրաժարական չի տալու, չկա նման բան»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել էր «Բալասանյան Դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը»։