|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս օրերին Հայաստանում է գտնվում Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը: Այս մասին տեղեկանում ենք «Հայ ձայն» պարբերականից: Պարբերականի հետ զրույցում արք. Բեքչյանը նշել է, որ Պոլսո Աթոռում սպասվող պատրիարքական ընտրությունների հավանական թեկնածուների շարքում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ինչպես նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Yerkir.am-ը զրուցեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ` ցանկանալով տեղեկանալ, թե սրբազանն ունի նման ցանկություն` ծառայության անցնել Պոլսո Աթոռում: Սրբազանը նշեց, որ ինքը` որպես հոգևորական, ուխտել է ծառայել ցանկացած հանգամանքում և ցանկացած տեղում: «Այնպես որ` եթե ճանակագիրն այդպես տնօրինի, պետք է ծառայեմ: Բայց մասնավոր, բնականաբար, նման մեծ խանդավառություն չունեմ»,-ասաց սրբազանը:
Հարցին, թե որքանո՞վ է ծանոթ Պոլսո հայ համայնքի խնդիրներին և համայնքի վերաբերյալ այլ հարցերին՝ սրբազանը պատասխանեց, որ չի կարող ասել` ամբողջությամբ ծանոթ է, սակայն ինչ-ինչ ինֆորմացիայի տիրապետում է.«Բավարար ծանոթ եմ տեղի համայնքի խնդիրներին: Բացի այդ` իմ հայրը ծնունդով թուրքահպատակ էր, ինչն ինձ իրավունք է տալիս թեկնածու լինել: Պատրաստ եմ հայ եկեղեցու ասպարեզում ցանկացած պատասխանատվություն ստանձնելու, եթե այն տրված կլինի ինձ»:
Ի դեպ, ընտրությունները նախատեսվում են անցկացնել այս տարվա դեկտեմբեր ամսին: