կարևոր
529 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-19 10:48
Հասարակություն

Երևանում տղամարդը կոտրել է «ՀայՓոստ»-ի ապակին և ազդանշանի միանալու հետևանքով դիմել է փախուստի

Երևանում տղամարդը կոտրել է «ՀայՓոստ»-ի ապակին և ազդանշանի միանալու հետևանքով դիմել է փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գրիգոր Հասրաթյան փողոցի տներից մեկում քաղաքացին արթնացել է լինգի ձայնից և բակում նկատել է քաղաքացիական հագուստով, լինգը ձեռքին մի տղամարդ, ով, ներկայանալով որպես օպեր, հեռացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05։10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Լենինգրադյան 52 հասցեում գտնվող «ՀայՓոստ»-ի բաժանմունք գողություն կատարելու նպատակով մարդ է մուտք գործել։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Ասրյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ անհայտ անձը Լենինգրադյան 52 հասցեի «ՀայՓոստի» բաժանմունքի ապակին կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել սրահ և ձայնային ազդանշանի միանալու հետևանքով, ոչինչ չգողանալով, հանցագործությունը ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Լենինգրադյան փողոցից ձերբակալվել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Հ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։