կարևոր
1726 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-24 11:03
Քաղաքական

Ուզում եմ վերադառնալ իմ նորմալ կյանքին․ «Հրապարակ»

Ուզում եմ վերադառնալ իմ նորմալ կյանքին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից, չնայած այդ մասին վաղուց էին խոսում: Նրա նկատմամբ մի քանի քրեական գործ կա հարուցված, եւ մենք տեղեկություն ունեինք, որ իշխանությունը նրան հորդորում է հրաժարվել մանդատից՝ խոստանալով փակել գործերը: Մի քանի օր առաջ նրա նկատմամբ իրականացվող դատավարությունում դատախազը 5 տարի ազատազրկում է միջնորդել, որ դատարանը սահմանի: «Հրապարակ»-ին տված բացառիկ հարցազրույցում Չարչյանն իր որոշումն այսպես հիմնավորեց․ «Ուզում եմ վերադառնալ նորմալ կյանքին՝ բժշկությանը, որ կարողանամ ժողովրդին օգուտ տալ»։

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա պատգամավորը մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է՝ փաստեր կան, որ ի չիք են դարձնում մեղադրանքի հիմքերը։

«Դատախազի միջնոր-դությունն իրավական գործընթաց է, որ հիմա գնում է։ Մեղադրանքը բոլորովին չեմ ընդունում, շատ փաստեր կան, որ այդ մեղադրանքը հերքում են»,- ասաց Չարչյանը։ Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, պատգամավոր Արմեն Չարչյանը, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին եւ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Սա հայտնի ձայնագրության միջադեպն է, երբ ընտրություններից առաջ ԲԿ տնօրենը հավաքել էր կոլեկտիվին եւ հորդորել մասնակցել ընտրություններին: Ըստ իրավաբանների՝ այդ ձայնագրության մեջ չկար հանցակազմ, առավել եւս, որ նման հայտարարություններ ՔՊ-ականները միշտ են անում` ընտրությունների նախօրեին:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում բացառեց, որ քրեական գործով կարողանային վախեցնել Չարչյանին։ Նրա՝ մանդատը վայր դնելու որոշման մասին ասաց, որ իմացել են ֆրակցիայի նիստում, ափսոսում է․ «Մենք կուզեինք, որ ֆրակցիայում մնար, բայց դա Չարչյանի որոշումն է։ Ամեն դեպքում, նա մնալու է մեր թիմում»։ Չարչյանն ինքն էլ էր ասել, որ շարունակելու է մնալ դաշինքի կողքին։ Օհանյանին հարցրինք՝ կարո՞ղ է խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու նպատակով «Հայաստան» խմբակցությունը հետեւի Չարչյանի օրինակին, եւ ողջ կազմով մանդատները վայր դնեն։ Օհանյանն ասաց․ «Դա քայլերից մեկը կարող է լինել, բայց մենք երբեւիցե չենք քննարկել»։ Սակայն հայտնի է, որ մանդատները վայր չդնելու բուն պատճառն այն է, որ դաշինքի ցուցակով առաջադրված ոչ բոլոր անձինք վայր կդնեն մանդատները` գործող պատգամավորների հրաժարվելու դեպքում, նրանք կվերցնեն մանդատները եւ կգնան խորհրդարան, ու կստացվի, որ ընդդիմությունը մեծ ծառայություն մատուցեց ՔՊ-ին` ԱԺ գործուղելով իշխանամետ զանգված։ 

Ինչ վերաբերում է Չարչյանին, ապա դաշինքի ցուցակում հաջորդը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է, ով չվերցնելու պատճառ չի տեսնում, մարտական է տրամադրված, աշխատելու ցանկությունը՝ տեղը։ Երեկ պարզվեց, որ Արմեն Չարչյանը Միհրդատ Մադաթյանին «նվեր» է մատուցել` մանդատից հրաժարվելով հենց նրա ծննդյան օրը։ 
«Այսօր ծնունդս է, ավելի լավ է՝ ծնունդս շնորհավորեք»,- մեզ հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ ասաց Մադաթյանը։ «Այո, վերցնելու եմ մանդատը։ Խորհրդարանը խրամատ է, որտեղ պետք է պայքարել, եւ ոչ մի «ռազմի դաշտ» բաց թողնել չի կարելի»,- ասաց Մադաթյանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում